Ազգային պարեր․ «Յարխուշտա»

«Յարխուշտան» հանդիսանում է Մուշի և Սասունի շրջանների ժողովրդի ռազմական պար, որը պարում էին բացառապես տղամարդիկ (այժմ նաև կանայք)։ Պարը պատկանում է ծափ պարերի տեսակին։

«Յարխուշտա» բառը ունեցել է տարբեր բացատրություններ։ Որոնցից մեկը՝ «զենքի ընկեր» բացատրությունը, ամենատարածված մեկնաբանությունն է։ Սա պարսկերենով պայմանավորված բացատրություն է․ «Յար» բառը բացի սիրեցյալից նշանակում է նաև ընկեր, իսկ «Խըշտ», «խըշտիկ»՝ կարճ նիզակ, զենք։

«Յարխուշտան» յուրօրինակ ազգային պարերից է, որն ամենաքիչն է ենթարկվել փոփոխությունների։ Այն մեծ տարածում է ունեցել բեմական պարարվեստում։ 20-րդ դարի 30-ական թվականներին այս պարը բեմադրել են Սրբուհի Լիսիցյանը և Վահրամ Արիստակեսյանը։ Պարի մեղեդու չափը 2/4 է, ունի կլոր, կիսաշրջանաձև, ուղիղ դասավորումներ։ Պարի ընթացքում դիրքերը, ուղղությունը և ձեռքերը բռնելու ձևը անընդհատ փոփոխվում են։ Պարում են զույգերով, բաժանվում երկու խմբի, որոնցից մեկը հարձակվում է, մյուսը՝ դիմավորում։ Ձեռքերն ազատ են, առաջ ու ետ, աջ ու ձախ շարժումներ են կատարում, ծափեր զակում։ Պարողները, իրար դեմ կանգնելով, ձեռքերը բարձրացնում են գլխից վերև և ափերով զարկում իրար, ինչը խորհրդանշում է զենքի իրար զարկելը։ Շարժումները գնալով արագանում են և ծափերը դառնում են ավելի կտրուկ։