«Երկնքից երեք խնձոր ընկավ… հեքիաթասացության և բարբառի փառատոն

«Երկնքից երեք խնձոր ընկավ հեքիաթասացության և բարբառի փառատոն

 

Իրականացվում է՝ 2009 թվականից

Իրականացնող կազմակերպություն՝ «Հովհաննես Թումանյանի թանգարան» ՊՈԱԿ

Իրականացման վայր՝ ՀՀ մարզեր և Երևան քաղաք

Աջակից՝ ՀՀ մշակույթի նախարարություն

«Երկնքից երեք խնձոր ընկավ…» հեքիաթասացության և բարբառի ամենամյա մրցույթ-փառատոնի ծրագիրը միտված է հեքիաթասացության, բանավոր խոսքի  մշակույթի վերակենդանացմանը՝ իբրև բանահյուսական նյութի մատուցման կարևորագույն միջոցի, երիտասարդության ստեղծագործական կարողությունների բացահայտման խրախուսմանը, Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակույթի ճանաչմանն ու նպաստել մշակութային երկխոսությանը:

Փառատոնի կարևոր նախապայմանն է հայերենի այն բարբառների և խոսվածքների կիրառումը, որոնք այսօր  հնարավորություն չունեն կենցաղավարելու իրենց պատմական հայրենիքում /Արևմտյան Հայաստանի և Նախիջևանի բարբառները/:

«Երկնքից երեք խնձոր ընկավ…» հեքիաթասացության և բարբառի մրցույթ-փառատոնին մասնակցում են ինչպես ՀՀ մարզերը, Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, այնպես էլ սփյուռքահայ գաղթօջախները: Մասնակցության համար չկա որևէ տարքային կամ այլ սահմանափակում:

2013 թ. «Երկնքից երեք խնձոր ընկավ…» հեքիաթասացության և բարբառի փառատոնը հաղթող է ճանաչվել ԻԿՕՄի (Թանգարանների միջազգային կոմիտե) գագաթնաժողովի շրջանակներում իրականացվող ՍԵԿԱի (ԻԿՕՄի Կրթության և մշակութային գործունեության միջազգային կոմիտե) հայտարարած «Լավագույն փորձ» մրցույթում (Best Practice AWARD) և ընդգրկվել աշխարհի «5 լավագույն փորձ» ծրագրերի շարքում: