Կոկոսից պայուսակ պատրաստելու արվեստը․ Արուս Ղազարյան

Կոկոսը մերձարևադարձային գոտիներում աճող արժեքավոր պտուղ է, որը կիրառություն ունի ինչպես սննդի, այնպես էլ՝ բժշկության և կոսմետոլոգիայի մեջ։ Սակայն մարդը վառ երևակայություն և  ստեղծագործական ունակություն պետք է ունենա՝ հանգելու համար կոկոսի կեղևից պայուսակ պատրաստելու գաղափարին։ Արուս Ղազարյանը կոկոսի մրգահյութից մազերն ամրացնող և մաշկը փափկացնող քսուքներ է ստանում։ Սակայն նրա ամենամեծ հոբբին հենց պայուսակներն են։

«Սղոցում ենք կոկոս,- պատմում է Արուս Ղազարյանը,- փորձում ենք անմնացորդ օգտագործել բնության տված բարիքը։ Նրանից պատրաստվելու է պայուսակ, միջուկն օգտագործելու ենք մազերի յուղ ստանալու համար՝ շատ առողջարար մազերի համար, սնուցող, իսկ փայտից կստանանք պայուսակ՝ յուրօրինակ, չկրկնվող։

Միջուկն իդեալական դուրս է գալիս, եթե կոկոսը թարմ է ։ Կեղևը բավականին ամուր է, դժվար է ծակելը։ Ծակելուց հետո չափում ենք  կայծակ-ճարմանդը։ Ամեն քայլափոխի ինչ-որ նոր բանի ենք հանդիպում, որը, հասկանում ենք, որ կարող է դառնալ գեղեցիկ մի իր։ Բնության մեջ այնքան հետաքրքիր բաներ կան։ Անգամ անտառով քայլելիս հանդիպում ենք փայտի մի կտոր և հասկանում, որ այն կարող է դառնալ հետաքրքիր զարդ։ Ամեն ինչում դեմք եմ տեսնում։ Անգամ առավոտյան՝ սուրճ խմելիս, երբ սուրճի բաժակի վրա երկու պղպջակ է լինում, հասկանում եմ, որ նա ինձ ժպտում է։ Մարդու դեմքն ինձ համար շատ հետաքրքիր աշխարհ է, անընդհատ կարող ես նայել և ինչ-որ նոր բան գտնել նրա մեջ։

Կոկոսը և՛ նուրբ է, և՛ նրան վնասելն է շատ դժվար։ Գրեթե ոչ ոք անտարբեր չի անցնում, քանի որ այն իր տեսակով անծանոթ է, արտառոց է, մեր աղջիկները սկսել են մի քիչ կրեատիվ մտածել։ Բնության մեջ շատ են նյութերը, որոնք կարծես նախատեսված չեն ձեռքի աշխատանքի համար, բայց նրանցից կարելի է ստանալ շատ հետաքրքիր բաներ»։

Թեև Արուսը շատ էր սիրում կերպարվեստը, սակայն մաթեմատիկայի իմացությունը որոշիչ դարձավ մասնագիտության ընտրության հարցում։ Տնտեսագետի որակավորում ստացավ, սակայն արվեստի նկատմամբ սերն ավելի ուժեղ գտնվեց, և նա ի վերջո գտավ իր հոգուն ու սրտին հարազատ զբաղմունքը։

«Դպրոցում դասընկերուհիներս գնում էին կար ու ձևի, իսկ ես՝ փայտամշակման։ Ինձ ավելի շատ դա էր գրավում։ Միշտ սիրել եմ նկարել։ Դա մի տեսակ հանգստացնում է։ Կարող եմ մի հասարակ շապիկ ընտրել, վրան ինչ-որ գեղեցիկ բան նկարել։ Դրանով նաև ինքս ինձ սպառում եմ նկարչության մեջ։ Սիրել եմ աշխատել թղթի հետ, թուղթն էլ մեծ պոտենցիալ ունի արվեստում։ Բավական է ընդամենը 50% բնություն, 20% շնորհք, կրեատիվ մտածելակերպ, և կարող ենք ստանալ շատ հետաքրքիր իրեր»։