Ազգային հագուստ

Հայկական ազգային հագուստի (տարազ) մեջ գերակշռում են աշխարհի չորս տարերքների գույները, որոնք XIV դարի հայ փիլիսոփա Գրիգոր Տաթևացու վկայությամբ, արտահայտում են երկրի սևությունը, ջրի սպիտակությունը, օդի կարմիրը և հրո դեղինը:

Ծիրանին խորհրդանշում է խոհեմություն և ողջախոհություն,կարմիրը՝ արիություն և մարտի­րոսություն, կապույտը՝ երկնավոր արդարություն, սպիտակը՝ մաքրություն:

Հայաստանի յուրաքանչյուր գավառ առանձնանում է իր տարազով: Հայկական ասեղնագործության հայտնի կենտրոնները՝ Վան Վասպուրականը, Կարինը, Շիրակը, Սյունիք-Արցախը, Կիլիկիան, առանձնանում են զարդաձևերի, գունային համադրության և ամբողջ հորինվածքի ռիթմիկ ու ոճական նկարագրով:

Տղամարդու հայկական հագուստ    

Հագուստը բաղկացած է եղել երկու հիմնական բաղադրիչներից՝ ուսային (շապիկ, բաճկոն, մուշտակ) և գոտիական (տաբատ, շալվար):

Հայերը զարդարում էին շապիկի օձիքը ասեղնագործ գեղազարդերով: Հագուստը հիմնականում կարում էին բամբակյա գործվածքից, իսկ արևմտահայերը  օգտագործում էին այծի բուրդը:

Կովկասյան հայերի շրջանում ավանդական հագուստ էր համարվում չերքեզին, որը կրում էին շապիկի և բաճկոնի վրայից: Առանց չերքեզիի երևալը հասարակական վայրում նույնիսկ շոգ եղանակին համարվում էր անընդունելի: Ամենատարածված գլխանոցները համարվում էին տարբեր ձևերի գլխարկները, որոնք սովորաբար պատրաստվում էին գառան մորթուց:

Կանանց հայկական հագուստ

Կանանց արտաքին հագուստը եղել է բավականին բազմազան՝ զգեստներ (արձակ և ոչ արձակ), բաճկոնակներ և անթև հագուստներ: Զգեստները կարում էին սատինից, մետաքսից, թավշից:

Կանանց հագուստը զարդարվում էր ասեղնագործ գեղազարդերով: Բարձր խավի ներկայացուցիչները զարդարում էին իրենց հագուստը ոսկե և արծաթե մանրաթելերով: Հագուստի մեջ կարևոր դեր էր խաղում նաև կանանց զարդարանքը: Ոսկերչական բանվածքները պահվում էին խնամքով և փոխանցվում էին սերնդե սերունդ:

Հայաստանի արևելյան շրջաններում ապրող կանայք կարմիր և երկար շապիկի տակից կրում էին կարմիր և երկար տաբատներ, որոնց ստորին մասերը կարվում էին ավելի թանկարժեք գործվածքից: Կանայք զգեստների վրայից կրում էին կրծկալ:

Արևմտյան Հայաստանի կանանց զգեստները ձևով համարյա նույնն էին, սակայն ունեին որոշակի տարբերություններ (շապիկը սպիտակ էր, օգտագործվում էր ասեղնագործությունը, պարտադիր առկա էր գոգնոցը):

Առանձնահատուկ գեղեցկություն ունեին թավշից և մահուդից պատրաստված գոգնոցները և զարդարանքներից՝ մանյակն ու արծաթե ապարանջանը: