Հայ ժողովրդական պարարվեստ

1377605_381704008626848_913082317_n-300x248Հայկական պարերի որոշ տեսակներ ազդեցությունների հետևանքով փոխել են իրենց էությունը, որոշ մասն էլ դատապարտվել կորստյան: Համապատասխանելով ժամանակի մտածողությանն ու հասարակությանը՝ ստեղծվել են պարային նոր ձևեր ու տեսակներ, որոնք երբեմն թվում են՝ ոչ մի կապ չունեն հայոց աշխարհայացքի ու ապրելակերպի հետ: Այսօր ստեղծվել են շարժումների որոշ համադրություններ, որոնք չեն համապատասխանում մարմնի պլաստիկ-արտահայտչական տեքստին: Ինչպիսի՞ ձևավորում կստանան դրանք, ցույց կտա ապագան: Այսպես, նախնիներից ժառանգություն ստացած հայ պարարվեստն այսօր ունի մեր ժամանակներին համապատասխան դրական ու բացասական բազմաթիվ ածանցումներ, որոնց ձևավորման համար դեռևս որոշակի ժամանակ է պահանջվում: Ապագան կտա այդ երևույթների ավելի հստակ ու ճիշտ պատասխանները: Այն ժառանգությունը, ինչ փոխանցվել է մեզ, աստիճանաբար կորցրել է իր կապը հայ մարդու, հատկապես քաղաքացու ապրելակերպի հետ: Կորցրել է նաև պարերի կառուցվածքային ամբողջականությունը: Փոխվել է նախկին հավատալիքային դաշտը, պարերի կիրառական նշանակությունն ու բովանդակությունը: Հատկապես պետք է ընդգծել այն հանգամանքը, որ այսօր պարը ժողովրդի կենցաղից տեղափոխվել է բեմ՝ վերածվելով բեմարվեստի: Դրա հետևանքով տեղի է ունեցել հակառակ ընթացք՝ բեմից կենցաղ, որից էլ աղավաղվել ու փոխվել է ժողովրդական պարի կենցաղային նշանակությունը: Այն պարերը, որոնք հնում կատարվել են հատուկ ծեսերի ժամանակ, այսօր վերածվել են բեմում կատարվող ժամանցային պարերի: Նրանց ծիսականությունը հիշեցնում են միայն խորհրդանիշերի գործածությունը, պարաձևի կառուցվածքը, անունը, պարեղանակը և այլն:
Հայ ավանդական ժողովրդական պարարվեստը բաժանում ենք երեք հիմնական բաղադրամասերի.
ա.հայ ժողովրդական ծիսական պար,
բ.հայ ժողովրդական կենցաղային պար,
գ.հայկական բեմադրական պար: