Հայ ժողովրդական երաժշտարվեստ

Ի թիվս կատարողական արվեստի այլ ճյուղերի, որպես բացառապես հոգևոր մշակութային դրսևորում` երաժշտությունն իր ողջ տեսականիով ոչ նյութական է: Այն իր մեջ ավանդական-ժողովրդական և պրոֆեսիոնալ ճյուղերի սերտաճած միասնությունն է ամփոփում: Նրա պրոֆեսիոնալ ճյուղը, սերվելով ժողովրդական-ավանդականից, իր գոյության ամբողջ ընթացքում չկտրվելով արմատներից, շարունակել է զարգացնել և բացահայտել ավանդական երաժշտարվեստում տեղ գտած տիպականը:
Սկսած մ. թ. 5-րդ դարից, նրա անկապտելի մասը հանդիսացող հոգևոր երգաստեղծությունը գրի է առնվել խազերի ելևէջաչափական համակարգի միջոցով: Դրանց տրամաբանական շղթայումները վերարտադրելու համար անհրաժեշտ էին հավելյալ բանավոր բացատրություններ, որն իրացվում էր համակարգին քաջատեղյակ ուսուցչապետերի կողմից: Սակայն 18-19-րդ դարերի սահմանագծին խազերի արվեստին տիրապետող անձանց հետքն ինչ-ինչ պատճառներով կորսվել է: Չնայած խազանիշերը վերծանելու ճանապարհին կատարած զգալի բացահայտումներին, առ այսօր դրանց ստույգ մեղեդիական կառույցների բացահայտումն առկախ է մնացել:
19-րդ դարի երկրորդ կեսին Ն. Թաշճյանի կողմից հայոց հոգևոր երգերի հայկական նոտանիշերով գրառումները ներկայացնում են այդ ժամանակի բարձրաստիճան հոգևոր հայրերի հիշողության մեջ պահպանված անգիր կատարումները: Ներդրված հսկայածավալ աշխատանքի շնորհիվ հայ մոնոդիկ պրոֆեսիոնալ երգարվեստը ներկայացնող բազմաթիվ կերտվածքներ (սաղմոսներ, շարականներ, սբ. պատարագի երգեցողությունն ամբողջովին և այլն) մատենագրվեցին ու սերունդներին ի պահ տրվեցին: Հետագայում Կոմիտասի, Ք. Կուշնարյանի և այլոց կողմից շարունակվեցին հոգևոր երգերի հայտնի եղանակների տարբերակների ու դեռևս անհայտ նմուշների պեղումները: Ներկայումս, շարունակելով նրանց հայանպաստ գործը, անհրաժեշտ է գրանցել և ուսումնասիրել հոգևոր պրոֆեսիոնալ երգարվեստի բանավոր կատարումների ամեն մի դրսևորում՝ որպես հայ երաժշտարվեստի ոչ նյութական մշակութային ժառանգության խիստ կարևոր բաղադրիչ: Ինչպես հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված ամեն մի գտածո, անկախ նրա ծավալից, բովանդակությունից ու հնության աստիճանից, պատմագիտական արժեք է ներկայացնում, այնպես էլ ոչ նութական մշակութային ժառանգության անկապտելի մասը հանդիսացող երաժշտարվեստի յուրաքանչյուր դրսևորում, լինի դա նոտային կամ ֆոնո գրանցում, անկախ նրա ծավալից, բովանդակությունից ու ստեղծման ժամանակից, մեծապես կարևորվում է:
Հայ պրոֆեսիոնալ երաժշտարվեստի շառավիղներից մեկը հանդիսացող, 19-րդ դարի կեսերին ծնունդ առած կոմպոզիտորական ստեղծագործության շնորհիվ շարունակում է բացահայտվել հայ ավանդական-ժողովրդական երաժշտարվեստի նորանոր կողմերը: Չնայած կոմպոզիտորական հորինվածքների նոտագիր գրանցմանը` այժմ էլ այն մնում է ոչ նյութական մշակութային արժեքների համակարգում: Անգամ ժամանակակից տեսահնչյունագրման տեխնիկական գրառումներն այն չեն նյութականացնում, քանզի դրանց ամեն մի նոր կենդանի կատարում բացահայտում է դրանցում մեծապես կարևորվող ոգեղեն արժեքների մի նոր արտահայտություն: Ուստի դրանք իրենց դրսևորման եղանակով նույնարմատ են հայ ավանդական-ժողովրդական երաժշտարվեստի հետ:
Սակայն կոմպոզիտորական ստեղծագործությունն իր մի շարք հատկանիշներով (բազմաձայն շարադրանք, համաշխարհային երաժշտական ուղղությունների մեջ ուրույն դրսևորումներ և այլն) էապես տարբեր է հայ մոնոդիկ երաժշտարվեստից և որպես ոչ նյութական մշակութային ժառանգություն` գտնվում է համաշխարհային երաժշտարվեստի տիրույթում և համակարգվում է այն բնորոշող՝ հաստատագրված և լայնորեն կիրառվող չափորոշիչներով:
Անդրադառնալով հայ մոնոդիկ երաժշտարվեստի խնդիրներին՝ հարկ է նշել, որ այսօր երաժիշտ-բանահավաքների գործունեությունն իր շրջանակներում ընդգրկում է ոչ միայն գեղջկական և քաղաքային երգ ու նվագի ավանդական և նորօրյա նշխարներն ու գուսանաաշուղական արվեստի բոլոր ժամանակների հորինվածքները, այլև մոնոդիկ պրոֆեսիոնալ երաժշտարվեստը ներկայացնող հոգևոր երգերի բոլոր դրսևորումները:
Հայ մոնոդիկ երաժշտարվետը տրոհվում է երեք բաղադրիչների. Երգարվեստ, Վոկալ-նվագարանային երաժշտություն, Նվագարվեստ: