Կենցաղային

IMG_8188Կենցաղային են համարվում հավատալիքների մի խումբ, որոնք առավել առօրեական և այժմեական են:
Մարդ.
Մարդու մարմնի մասերի մասին եղած պատկերացումներ (օր.` չար աչք, ծանր (թեթև) ոտք ու ձեռք և այլն):
Սպասք
Ամանեղենի վերաբերյալ հավատալիքային պատկերացումներ (աման կոտրելը որպես չարխափան միջոց, գերեզմանի վրա կոտրելը վախից պաշտպանվելու միջոց, դատարկ ամանեղենը թակելը` միջոց կարկտի դեմ և այլն):
Գդալ, դանակ ընկնելը՝ հյուր գալու նշան:
Դանակն ու մկրատը՝ պահպանակ չարի դեմ:
Կաթսայի տակը քերելը՝ հարսանիքին ձյուն գալու նշան:
Ափսեն սրբողի կինը (ամուսինը) գեղեցիկ կլինի:
Մանկության ժամանակ աղջկա հետ նույն ափսեից ուտողը գող կլինի:
Սննդամթերք.
Աղի հետ կապված պատկերացումներ (օր.` աղը թափվելը վեճի, անախորժության նշան, աղով երդվելը, աղի կիրառությունը նորածնի խնամքի մեջ):
Ձուն որպես պահպանկ չար աչքի դեմ:
Զատկի ձվի կճեպները որպես պայքարի ձև կարկուտի դեմ:
Հացի հետ կապված պատկերացումներ (թոնրից դուրս եկած առաջին հացը ուտողի ամուսինը կմահանա, հացը կտրելիս եթե մի կտոր թռչի մի կողմ, հաջորդ տարի սով կլինի, այրած հացն ուտողը գայլից չի վախենա, հացի մեջ բացված անցքից քառսունքակոխ երեխային անցկացնեն, կառողջանա և այլն):
Հացահատիկը արգասավորման և պտղավորման, նորապսակ զույգի պտղաբերումն ապահովող միջոց է:
Սոխի ու սխտորի հետ կապված պատկերացումներ (օր.` պահպանակ չար աչքից, հիվանդությունից, օձի խայթոցից և այլն):
Խաղողը Նոյ նահապետի մատուցած զոհի` գետնի մեջ թաղած ոսկորներից է առաջացել:
Նուռն ու խնձորը սիրո, ամուսնության, բեղմնավորման խորհրդանիշ են:
Հագուստ և ագանելիք
Հագուստի հետ կապված պատկերացումներ (հագուստը թարս հագնելը որպես անհաջողության նշան, հագուստի փեշն այրելը հաջողության, առողջության, բեղմնավորության նշան և այլն):
Շապիկի հետ կապված պատկերացումներ (շապիկը փոխ տալ-առնելու արգելքը, յոթ տնից հավաքած կտորներով կարած շապիկը քառասունքի շրջանում հիվանդացած երեխայի ապաքինման միջոց, շապիկը պատռելով հանելը բուժման միջոց և այլն):
Գուլպայի հետ կապված պատկերացումներ (գուլպան ձախ ոտքին թարս հագնելը ապահովում է կնոջ դավաճանությունից, գուլպայի մեկը կորցնելը զույգից մեկի անհաջողության, մահվան նշան է և այլն):
Գուլպայի հետ կապված պատկերացումներ (գուլպան ձախ ոտքին թարս հագնելը ապահովում է կնոջ դավաճանությունից, գուլպայի մեկը կորցնելը զույգից մեկի անհաջողության, մահվան նշան է և այլն):
Կոշիկի հետ կապված պատկերացումներ (կոշիկները քթերով դեմ դիմաց դնելը վեճի, անախորժության նշան է, քթերով դեպի տուն ուղղելը ուևորվելու նշան է, կոշիկի մեկը կորցնելը զույգից մեկի անհաջողության, մահվան նշան է):
Հավատալիքներ՝ կապված տնտեսաձևերի հետ (երկրագործություն, անասնապահություն, մեղվապահություն, շերամապահություն, որսորդություն, ձկնորսություն):
Ճակատագիրը. հավատն է մարդու կյանքի, ընթացքի ու մահվան ժամանակի կանխորոշված լինելու մասին: Այն ի ծնե գրված է մարդու ճակատին և փոփոխության կամ ջնջման ենթակա չէ: Նախախնամությամբ սահմանված ճակատագիրը անխուսափելիորեն կատարվելու է:
Բախտը բխում է ճակատագրից, սակայն այն կարող է փոփոխվել կյանքի ընթացքում: Բախտը կապված է և պատահականության հետ: Կան հաջողակ (բախտավոր) և անհաջողակ (դժբախտ) մարդիկ: Հավատք կար այն մասին, որ գրբաց-կախարդները կարող են ազդեցություն ունենալ մարդու բախտի վրա:
Սրբերը սրբացված և պատմական առասպելական կերպարներ են, որոնց մի մասի պաշտամունքը արտացոլված է ավանդական տոնացույցում (տե՛ս Սրբոց տոներ): Կային հղի կնոջ հովանավորող սրբեր, որոնց համար կանայք պաս էին պահում (զերծ մնում նաև անկողնուց) չորեքմուտին, ուրբաթմուտին և կիրակնամուտին: Կային տան սրբեր` սուրբ գրքեր (Ավետարան, Նարեկ և այլն), որոնք հովանավոր բուժիչ էին համարվում:

Կենցաղային գուշակությունները, բացի երազի (օրինակ` նախագուշակ երազների տարածված մեկնաբանություններ) և ծեսի (օրինակ` սուրճի բաժակ նայել, տոնական գուշակություններ անել, ծեսով նախագուշակ երազ առաջացնել, ներառյալ ժամանակակից վիճակահանությունը) միջոցով արված գուշակություններից, ներառում են նաև ըստ նշանների արած գուշակություններ (օրինակ` ըստ առաջին հանդիպածի, մարդու մարմնի մասերի, կենդանիների պահվածքի, ծառերի շարժումներից արձակած ձայների, բնության երևույթների և այլն):
Ոգիները անտեսանելի երևակայական էակներ են: Լինում են բարի ու չար ոգիներ: Բարի է համարվում տան պահապան ոգին (տան դովլաթ): Այն իր տեղն ունի տանը՝ որևէ անկյունում, դռան աջ կողմում: Չար ոգիներն են ալքերը, քաջքերը, շվոտները, առայիմ-թառայիմները, կաշամարները և այլն, որոնք ունեն տարբեր գործառույթներ: Դրանք հիվանդություններին, մահվան, մարդկանց անհետանալու, սովի, երաշտի և այլ դժբախտությունների պատճառ են: Կան չար ոգիներին վանելու ծեսեր, որոնցից մի քանիսը ավանդական տոների արարողակարգի մաս են կազմում (տե՛ս Ամանոր, Մեծ պահք):