Քնարական

Qnarakan banahyusutyunՔնարական բանահյուսությունը բաժանվում է հետևյալ տեսակների` ընտանեկան-կենցաղային, ընտանեկան-ծիսական, տոնական-օրացուցային և այլ խմբերի:
Ընտանեկան-կենցաղային բանահյուսական ստեղծագործությունների մեջ գերակշռողը սիրերգերն են: Սիրո երգերում ժողովուրդն առավել ընդգծված և վառ է արտահայտել իր կենսասիրությունը: Դրանց մեջ առկա է կնոջ` գեղեցիկի պաշտամունքը, բնության և մարդկային ապրումների համադրումը: Սիրերգերը ստեղծվում և երգվում են կա՛մ երիտասարդ աղջիկների, կա՛մ տղաների կողմից, կա՛մ էլ` փոխնիփոխ` մերթ աղջիկները, մերթ տղաները` երկխոսությամբ, հաճախ հանպատրաստից խաղիկների կիրառությամբ: Սիրո մոտիվը առկա է նաև աշխատանքային, պանդխտության, օրորոցային և այլ երգերում: Համբարձման տոնին կատարվող ջանգյուլումները թե՛ ծիսական են, թե՛ սիրո:
Քնարական բանահյուսության հնագույն տեսակներից են հայ ժողովրդական աշխատանքային երգերը, որոնք հիմնականում աշխատանքի գործիքների գովքեր են: Իսկ այդ գործիքները լինում են առտնին` տնային-կենցաղային(խնոցի, սանդ, ճախարակ, իլիկ և այլն) և դաշտային (եզ, սայլ, չութ, կով, գոմեշ և այլն):
Առանձին խումբ են կազմում նաև արհեստագործական երգերը: Թե՛ տնային-կենցաղային, թե՛ երկրագործական և արհեստագործական երգերը ոչ միայն աշխատանքի գործիքների ու արհեստների գովքեր են, այլև դրանք ներկայացվում են որպես աշխատավորի ու նրա ընտանիքի միակ հույսն ու հենարանը, լուծը քաշողն ու նեղ օրերի ընկերը:
Հայ ժողովրդական կատակերգերում և ծաղրերգերում արտացոլվել է մեր ժողովրդի անսահման կենսասիրությունը, ծիծաղով ու ծաղրով դժվարությունները հաղթահարելու մղումը: Դրանց մեջ փոքր ու աննշան բաների (կոշիկ, հավ) կորուստը ներկայացվում է ուռճացված ու զավեշտալից պատկերներով: Տանը մնացած աղջկա երգերի մեջ անգամ (□Թա՜ք տանեին□, □Քառսուն տարիս լրացավ□) առկա է հումորով հագեցած կենսակերպի դրսևորումը:
Պարերգերը ևս հնագույն ժամանականերից են գալիս և սերտորեն կապված են ժողովրդական տարաբնույթ ծեսերի ու տոնախմբությունների հետ: Պարերգերը իրենց բնույթով լինում են աշխատանքային, ռազմական, սիրային, կենցաղային և այլն: Դրանք մեծ մասամբ կոլեկտիվ պարերգեր են` շուրջպարեր` խմբակային, երկխոսական, երբեմն էլ` մեներգային-մենապարային կատարումներով:
Հայ ժողովրդական բանահյուսությունը նրա ապրած կյանքի գեղարվեստական արտացոլանքն է: Իսկ մեր ժողովուրդը ճակատագրի բերումով ապրել է նաև ասպատակությունների, մասսայական գաղթերի ու տեղահանությունների ժամանակներ, և պանդխտության երգերը դարձել են նրա անբաժան ուղեկիցները: Դրանք կա՚մ ղարիբի ծանր վիճակի նկարագրություններ են, կա՛մ հրաժեշտի երգեր` օտարություն մեկնող զավակին ուղղված մոր բարեմաղթանքներով, կա՛մ էլ թռչուններին ու մեղմ զեփյուռին ուղղած` ընտանիքի անդամների ու հայրենի երկրի հանդեպ կարոտի և անսահման սիրո խոստովանությամբ:
Ընտանեկան-կենցաղային բանահյուսության մեջ առանձին խումբ են կազմում հայ ժողովրդական մանկական բանահյուսական ստեղծագործությունները: Ըստ կրողների` դրանք լինում են մանկան խնամքի հետ կապված երգեր (օրորոցայիններ, լոգանքի, քայլքի, մանկախաղաց և այլ երգեր), որոնք կենցաղավարում են մեծերի միջավայրում, և մանկական խաղերգեր (հաշվերգեր, ծաղրերգեր, բնությանը, կենդանական աշխարհին, երկնային լուսատուներին նվիրված երգեր, խաղավարտի, ճոճանակի, ձի հեծնելու և այլ տեսակի երգեր), որոնք կենցաղավարում են երեխաների միջավայրում: Մանկական բանահյուսական ստեղծագործությունների մի մասը կորցրել է իր բուն գործառույթը և մեծերից անցել երեխաներին: Դրանք բնությանը, երկնային լուսատուներին նվիրված երգերն են, ինչպես նաև որոշ ծիսական-քնարական դրսևրումներ`նվիրված երաշտին, Նոր տարվան, վիճակի երգերը` ջանգյուլումները և այլն:
Ընտանեկան-ծիսական բանահյուսության մեջ մտնում են հարսանիքի, ծնունդի, կնունքի և թաղման ծիսական արարողությունների ժամանակ կատարվող երգերը:
Հարսանիքին առնչվող յուրաքանչյուր պահի համար երգվում են բանահյուսական համապատասխան երգեր` նախահարսանեկան (աղջիկտեսի, հարսի ձեռքերին հինա դնելու երգեր), բուն հարսանեկան (հարսին հագցնելու, հարս ու փեսի գովք, հարսին տանելու երգեր) և ետհարսանեկան երգեր: Հարսանեկան երգերի գլխավոր դեմքերը փեսան ու հարսն են` թագավորն ու թագուհին` բոլորի ուրախության ու գովքի առարկաները: Սակայն հարսը կենտրոնական դեմքն է, ուստի և հիացմունքի ու գովասանքների առարկան, որը համեմատվում է բնության հրաշագործությունների` արևի, լուսնի, աստղի, ծիածանի, առավոտի ցողի ու գիշերվա խորհրդավորության հետ: Հարսանեկան երգերում հարսը մերթ ուրախ է. սրտի սիրածի հետ է ամուսնանում, մերթ տխուր ու թախծոտ. ամուսնությունը ծնողների պարտադրմամբ է կատարվում: Հարսանեկան գովքերի հիմքում տոհմածառը պահպանելու, նրա շարունակականությունը ապահովելու նպատակամղումն է:
Թաղման ծեսի ժամանակ կատարվող երգերը գալիս են վաղնջական ժամանակներից և կոչվում են լալիքի երգեր կամ սգերգեր: Դրանց մեջ գովերգվում են հանգուցյալի արժանիքները, ընտանեկան կյանքի քաղցր հուշերը, կատարած ու կիսատ թողած գործերը, անսպասելի մահը, արտահայտում բաժանման թախիծը, այն աշխարհում մեռած հարազատներին հանդիպելու հավատը և այլն:
Տոնական-օրացուցային քնարական բանահյուսության մեջ տեղ են գտել հայ ժողովրդական տոների` Նոր տարվա, Ծննդյան, Տերընդեզի, Բարեկենդանի, Ծաղկազարդի (Ծառզարդարի), Զատիկի, Վարդավառի և այլ տոների ժամանակ օգտագործվող երգերն ու պարերգերը: Ընդ որում, տոնախմբությունների ժամանակ ամեն մի տոնի ոգուն համապատասխան երգեր էին կատարվում. Նոր տարվա երգերում ընտանիքի ու նրա անդամների բարեմաղթանքներն են առկա, Տերընդեզի ու Բարեկենդանի երգերը սիրային, հմայական, չարը խափանող խոսքերով էին կատարվում, Զատկի տոնի երգերում դաշտերի ու մարագների բարեբերությունն էր շեշտվում, Համբարձման կամ վիճակի երգերը ուղեկցվում էին վիճակահանությամբ և երիտասարդ աղջիկների ապագայի գուշակությամբ, Վարդավառի երգերում գերակշռում էին կատակերգերը, սիրային սեթևեթանքների նկարագրությունները և այլն:
Ժողովրդական տոնակատարություններին, երգ ու պարին մասնակցում էին բոլորը` մեծից փոքր, այն իսկական համաժողովրդական տոնախմբության էր վերածվում` դառնալով մեր երգն ու պարը, ժողովրդական ծիսակարգը սերնդեսերունդ փոխանցելու, մատաղ սերնդին ազգային ավանդներով սնուցելու մի իսկական շքահանդես:
Այլ խմբերի քնարական երգերի մեջ առանձնանում են քաղաքային քնարական բանահյուսական ստեղծագործությունները, կալանավորի, զինվորի երգերը և արտածիսական սգերգերը:
Քաղաքային քնարական բանահյուսական ստեղծագործությունները, ի տարբերություն քնարական բանահյուսության այլ տեսակների, առավել ուշ ժամանակների արդյունք են: Դրանք միջին հայերենով կամ ժողովրդախոսակցական լեզվով ստեղծված երգեր են, որոնք կենցաղավարել են առավելապես քաղաքային շրջանակներում: Դրանց մեջ ինչ-որ չափով ակնառու է հեղինակայինի` անհատականի կնիքը: Քաղաքային քնարական բանահյուսական ստեղծագործություններից հայրենները և անտունիներն իրենց բովանդակությամբ միջնադարյան քաղաքային բանահյուսության դրսևորումներից են: Հայրենը զուտ հայկական տաղաչափական կառուցվածք ունեցող ժողովրդական բանաստեղծության տեսակ է` հիմնականում 15 վանկանի (7+8): Հայրեն են կոչվել հատուկ այդ չափով ստեղծված տաղերը: Մեր բանավոր ավանդույթում կենցաղավարող հայրենների տարբերակները կոչվել են անտունիներ` կազմված 4, 6 և ավելի տողերից բաղկացած տներով և հորինված մեծ մասամբ պանդխտության, նաև հարսանեկան սիրո, լալիքի թեմաներով: Դրանք սկզբնապես ստեղծվել են միջին հայերենով և տարածված են եղել Ակն գավառում: Հայրենի չափով են ստեղծագործել Նարեկացին, Շնորհալին, Ֆրիկը և միջնադարյան այլ տաղերգուներ:
□Ռաբիսային□ երգերը վերջին հարյուրամյակի արգասիք են: Անվանումը գալիս է ռուսերեն բանվորական արվեստ եզրից, ինչն ինքնին չի համապատասխանում տեսակի բուն էությանը: Չնայած □ռաբիսային□ երգերի մեջ կան նաև որոշ բարձրարժեք գործեր, այնուամենայնիվ այդ եզրը գործածելիս մեծ մասամբ շեշտվում է տվյալ տեսակի ցածրաճաշակ լինելը:
Քնարական բանահյուսության մեջ առանձին խումբ են կազմում նաև կալանավորի երգերը, որոնք հիմնականում վերջին հարյուրամյակի արգասիք են: Երկար ժամանակով ընտանիքից, հարազատներից բաժանումը և օտար վայրեր (հիմնականում` Սիբիր կամ Հեռավոր Արևելք` Մագադան) տարվելը նման երգերում տխուր ու թախծոտ տրամադրություններով է արտահայտված:
Թաղման սգերգերի հետ ներքին աղերսներ ունեն արտածիսական սգո երգերը, որոնք հյուսվել են որևէ ողբերգական դեպքի ազդեցությամբ: Դրանք մարդկանց, հայրենի բնաշխարհի կորուստը սգացող երգերն են, ինչպես նաև` ազգային-ազատագրական, հայդուկային պայքարի հերոսների մահը սգացող ու Հայրենական պատերազմի տարիների սգո և հիշատակի երգերը:
Հայ ժողովրդական ռազմի և զինվորի երգերը առավել ուշ շրջանի արդյունք են: Դրանց մեծ մասը ստեղծվել է 19-20-րդ դարերում, և նվիրված են պատմական այս կամ այն իրադարձությանը (ռուս-պարսկական, ռուս-թուրքական պատերազմներ, ազգային-ազատագրական պայքար) և դրանց մասնակից հերոսներին: Թե՛ վաղ շրջանի, թե՛ ուշ շրջանի ռազմի երգերը, չնայած նաև քնարականի տարրեր են պարունակում, որոշ բանագետներ դրանք վիպական պատմական երգերի շարքին են դասում: Եվ եթե ռազմի երգերում արտացոլվել են հիմնականում պատերազմական (ռուս-պարսկական, ռուս-թուրքական, I և II աշխարհամարտեր) ու ազգային-ազատագրական պայքարի դրվագներն ու դրանց ժամանակ հերոսացած անհատները, ապա զինվորի երգերում նկարագրվում են ցարական Ռուսաստանում զինվորագրությանն ու զինվորական ծառայությանն առնչվող տրամադրությունները, որոնք հիմնականում տխուր ու թախծոտ են: