ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԾԵՍԵՐ

  Ազգագրական գրականությունում կենսափուլային ծեսերը սովորաբար ներկայացվում են երեք ենթափուլերով` անցմանը պատրաստող ծեսեր, բուն անցումը, վերականգման կամ նոր խումբ (այլ կարգավիճակի) անցնելու ծեսեր:
Հարսանիքների նկարագրություններում ամուսնական ծեսերը, որպես կանոն, բաժանվում են նախահարսանեկան, բուն հարսանեկան և հետհարսանեկան ծեսերի: Սակայն այս բաժանումը ևս պայմանական է, քանի որ յուրաքանչյուր փուլի սահմանային ծես (տվյալ փուլի վերջին կամ առաջին ծեսերը) ամեն մի հեղինակ յուրովի է որոշում: Ավանդութային հասարակություններում հարսանեկան բազմաթիվ ծեսեր, բացի ամուսնությունն ազդարարող կամ կարգավորող գործառույթից, նաև նշում են մարդու սոցիալ-տարիքային աճը` անցումն ամուսնացածների խումբ: Հարսանեկան այդ ծեսերի նման բովանդակությունը պայմանավորված է ավանդութային հասարակությունների` մարդու կյանքի վերաբերյալ ունեցած հատուկ ընկալմամբ, համաձայն որի` յուրաքանչյուրի աճն ընկալվում է նրա ֆիզիոլոգիական կամ սոցիալական փոփոխությունների հիման վրա: Մեզ են հասել տեղեկություններ որոշ բացառիկ ծեսերի վերաբերյալ, որոնց նպատակն է հատուկ արարողությամբ նշել այդ փոփոխությունները: Ժամանակակից աշխարհն ավելի չեզոք է մարդու ֆիզիոլոգիայի անհատական դրսևորումների հարցում և հակված է կողմնորոշվելու օբյեկտիվ կամ միջինացված թվային չափանիշներով: Օրինակ` մարդու հասունությունն այսօր որոշվում է ոչ թե իր մտավոր կամ ֆիզիկական տվյալներով, այլ անձնագրի առկայությամբ, օրենքով ամրագրած տարիքով, ինչն էլ հաճախ որոշում է նրա սոցիալ-տարիքային խումբը (օրինակ` դպրոց գնալու, թոշակի անցնելու ևն):
Հասարակական-տարիքային կարգավիճակի փոփոխության ծեսեր: Ըստ էության՝ այս ծեսերը ներկայացնում են անձի սոցիալական և կենսաբանական տարիքը բնորոշող մի վիճակից կամ նույն վիճակում գտնվող խմբից անցումը մյուսին: Ելնելով այս ծեսերի բովանդակությունից` դրանք բաժանվում են`
ա) տարիքային անցումային ծեսերի (սրանցից են համեմատաբար ուշ ձևավորված տարեդարձեր, հոբելյաններ նշելու ծեսերը),
բ) Սեռական հասունության ծեսերի, որոնք ազդարարում են մարդու ֆիզիոլոգիական զարգացումը (որպես օրինակ` հիշատակենք մի քանի ավանդական ծեսեր` առաջին դաշտանի կամ առաջին սափրվելու ծեսերը),
գ) Կրթական հաստատությունների հետ կապված անցումային ծեսերի, քանի որ այսօր հենց նման հաստատություններն են հիմնականում որոշում երիտասարդների սոցիալ-տարիքային խումբը, և այնտեղ ընդունվելն ու ավարտելը, որպես կանոն, ուղեկցվում է մի շարք կայունացած ծեսերով (օրինակ` հրաժեշտ մանկապարտեզին, առաջին և վերջին զանգերը, բուհ ընդունվելն ու ավարտելը):
Միություններին, կազմակերպություններին կամ որևէ կայուն խմբին անդամակցելը, և իրենց տեսակով հիշեցնում են անցումային ծեսերը: Այս խմբի ծեսերը բաժանվում են ըստ ոլորտների, որտեղ սովորաբար ստեղծվում են հանրային տարբեր միավորներ (օրենքով ամրագրած կամ ոչ ֆորմալ): Դրանք են` հասարակական և մշակութային (օրինակ՝ հասարակական կազմակերպություններին անդամակցելու կամ այնտեղից դուրս գալու ծեսեր, տարբեր (ներառայլ սպորտային, ակումբներին, մշակութային հոսանքներին, երիտասարդության ենթամշակութային խմբերին անդամագրվելու ծիսակատարություններ ևն), հոգևոր անցումային ծեսերը, որոնք ենթադրում են որևէ հոգևոր հաստատությանը (եկեղեցուն) կամ կրոնական ուղղությանն անդամակցելու արարողություններ (օրինակ՝ մկրտության ծես), քաղաքական (քաղաքական կուսակցություններին անդամակցելու կամ այնտեղից դուրս գալու ծիսակատարություններ կամ ծիսական, սիմվոլիկ գործողություններ), զինվորական (զինակոչի և զինծառայության ընթացքում կատարվող այլ ծեսեր) ևն:
Կոչում, աստիճան շնորհելու ծեսեր: Դրանք մասնագիտական որակապես ավելի բարձր մակարդակի առաջընթացն ու որոշակի ոլորտում վաստակն արձանագրող արարողություններն են: Սրանք ևս բաժանված են ըստ ոլորտների՝ գիտական (օրինակ` գիտությունների թեկնածուի կամ դոկտորի աստիճան շնորհելու արարողությունները), զինվորական (զինվորական աստիճաններ կամ մարտական շքանշաններ շնորհելու արարողությունները), հոգևոր (օրինակ` հայ առաքելական եկեղեցու հոգևոր աստիճանների ձեռնադրման արարողակարգ. դպիրի, սարկավագի, քահանայի, վարդապետի, եպիսկոպոսի, պատրիարքի, կաթողիկոսի ձեռնադրություններ ևն) և այլն: Զինվորական (ընդհանրապես ուժային որևէ կառույցի, ներառյալ ոստիկանության, շրջանակներում գործող) և հոգևոր աստիճանի ձեռնադրության ծեսերն ունեն հստակ կանոնակարգ, որոնք ամրագրված են համապատասխան կանոնադրություններում: Մեկ այլ սահմանափակում ևս կաշկանդում է մանրամասն ներկայացնել հոգևոր ծիսակատարությունները: Խոսքը վերաբերում է Հայաստանի Հանրապետությունում գործող եկեղեցիների բազմազանությանը: Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունը աշխարհիկ պետություն է, և չնայած հայ առաքելական եկեղեցու` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում ամրագրած առանձնահատուկ դերին, այնուամենայնիվ, ծիսական արարողությունների գրանցման տեսանկյունից ցանկալի կլիներ ունենալ յուրաքանչյուր եկեղեցու կամ ավանդական և նոր կրոնական ուղղությունների ծիսակատարությունների նկարագրությունը, դրանց տիպաբանական դասդասումը, ինչը վերստին պահանջում է հատուկ ուսումնասիրություն:
Մերօրյա նորաստեղծ մի կարևոր արարողություն, որն է երկրի նախագահի երդմնակալության արարողությունը, առիթ դարձավ այդ ծեսը և նման գործառույթ ունեցող այլ ծեսեր միավորել Պաշտոն ստանձնելու խմբում, որտեղ առայժմ առանձնացված է միայն քաղաքական ոլորտը` ներառելով վերոհիշյալ երդմնակալության ծեսը: Սակայն նոր աշխատանքին անցնելու առնչությամբ տարբեր խմբերում զանազան ծեսեր են ինքնաբուխ ձևավորվել, օրինակ` առաջին աշխատավարձի նշում, մուտք նոր աշխատասենյակ, և այլն: Սակայն սրանք դեռևս առանձնապես կայունացած և ուսումնասիրված ծեսեր չեն:
Այսպիսով, Անցումային են կոչվում այն ծեսերը, որոնք ուղեկցում են անձի հասարակական, հոգևոր, տարիքային անցումը մի վիճակից կամ կարգավիճակից մյուսը: Անցումային ծեսերը բաղկացած են երեք փուլից` անջատման, միջանկյալ և միացման: Անցումային կարելի է համարել հետևյալ ծեսերը.
1) Կենսափուլային,
2) Հասարակական-տարիքային կարգավիճակի փոփոխության,
3)Խմբերին, միություններին, միավորումներին անդամակցելու,
4) Կոչում, աստիճան շնորհելու,
5)Պաշտոն ստանձնելու: