Արհեստագործություն

Արհեստագործությունը Հայաստանում բավականին տարածված բնագավառ է, որի զարգացմանը նպաստել են երկրագործությունը, անասնապահությունը և օգտակար հանածոներով հարուստ ընդերքը: Ոչխարի բրդի, բամբակի, վուշի, մետաքսաթելի, անասունների մորթու արտադրությունը մեծապես զարկ է տվել մանածագործական ու կաշեգործական արհեստների զարգացմանը: Ժամանակի ընթացքում ժողովուրդների աճող պահանջմունքները բավարարելու համար զարկ է տրվել մետաղագործությանը: Առայժմ գոյություն ունեցող հնագիտական և մատենագրական նյութերի հիման վրա աներկբայելիորեն կարելի է նշել հայկական քաղաքներում այնպիսի արհեստների գոյությունը, ինչպիսիք են մետաղագործությունը՝ իր տարատեսակներով, երկաթագործությունը, թերևս պողպատյա իրերի արտադրանքը, պղնձագործությունը, որոնց արգասիքն են պեղումների ժամանակ հայտնագործված զենքերը, աշխատանքային գործիքները, առօրյա կյանքը սպասարկող առարկաները և զարդերը, քարտաշությունն ու ընդհանրապես քարագործությունը, որոնց վկաներն են այլևայլ բերդերն ու շինությունները և նրանց պատկանող քարե նրբակերտ զարդերը, բրուտագործությունն իր ճյուղավորումներով՝ սկսած կավե մեծ ու փոքր անոթների արտադրանքից մինչև նրբին տերակոտյա քանդակները, արձանագործությունը, ապակեգործությունը, փայտամշակման գործը, ոսկրագործությունը, ջուլհակությունը, ոսկերչությունը և այլն։