Ավանդական

amanorԱվանդութային ժողովրդական տոները խմբավորվում են հետևյալ կերպ.
Օրացուցային տոներ. դրանք կոչված են կանոնավորելու հասարակության հոգևոր և տնտեսական կյանքը, ունեն երկու բաղադրամաս՝ ժողովրդական տոնախմբություն և եկեղեցական ծիսակարգ:
Օրացուցային տոներն են.

Ամանորը. նշվում է հունվարի մեկին, փոխարինել է Նավասարդ (Նախրաթող) ավանդական տոնին: Հայոց մեջ պաշտոնապես մուտք է գործել XVIII դ. Սիմեոն Երևանցի կաթողիկոսի տոնացույցի համաձայն: Տոնի հիմնական հատկանիշներն են` տոնական ուտեստը (բախտագուշակ տարեհացը և այլն), գոտեկախի սովորույթը, ջուրը, կրակը, թթխմորը նորոգելը, առարկայական, ֆիզիկական ու հոգևոր-բարոյական (խռովությունները վերացնելը, պարտքերը մարելը, չարը տնից հեռացնելը և այլն) մաքրությունը, փոխայցելություններ և այլն: Անցել է պաշտոնական պետական տոնացույց` համաձայն ՀՀ տոների և հիշատակի մասին օրենքի: Ոչ աշխատանքային օրերն են դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 2-ը:
Սուրբ Ծնունդը, Ջրօրհնեքը (Աստվածահայտնություն և Մկըրտություն) կայուն տոն է, նշվում է հունվարի վեցին, ավետում է Քրիստոսի ծնունդն ու մկրտությունը: Հոգևոր ծիսակատարությունը նշվում է եկեղեցական սաղմոսերգությամբ, օրհնվում է ջուրը, վրան մեռոն կաթեցվում` ի նշան Քրիստոսի մկրտության: Սուրբ Ծնունդը համարվում է տաղավար տոն և Տիրունի տոն: Տոնին նախորդող նախատոնակի երեկոն կոչվում է Ճրագալույց: Տոնը բնորոշվում է քահանայի տնօրհնեքով, ավետիս երգող տղաների` երեքից մինչև յոթ հոգիանոց խմբերի շրջայցով, յուրաքանչյուր գավառին հատուկ տոնական ուտեստով: Ընդունված էր միմյանց ողջունելիս ասել. □Հիսուսը ծնվեց ու հայտվեց: Օրհնված է հայտնությունը Հիսուսի□: Անցել է պաշտոնական պետական տոնացույց` համաձայն Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի մասին օրենքի:
Տյառնընդառաջը կայուն տոն է, նշվում է փետրվարի տասներեքին: Տոնի խորհուրդն է քառասնօրյա Հիսուսին տաճար տանելը և Սիմեոն Ծերունու` Տիրոջն ընդառաջ գալը, որը նշվում է եկեղեցական սաղմոսերգությամբ: Այն Տիրունի տոն է` կապված Քրիստոսի անվան հետ: Տոնի ժողովրդական բնույթը ներկայանում է եկեղեցու բակում և տների կտուրներին/բակում խարույկներ վառելով, տարվա նորահարսին (նշանվածին) շուրջը պտտելով, կրակի վրայից ցատկելով, հագուստի փեշն այրելով, ցորեն բովելով, որն ուղեկցվում էր զուռնա-դհոլի նվագակցությամբ պարով, հրացան արձակելով և այլն: Տյառնընդառաջը կտրում էր քառասունքները և նորափեսայի` աներոջ տուն այցելելու արգելքը:
Բարեկենդանը բուն ժողովրդական տոն է, որը շարժական է՝ պայմանավորված Զատիկով: Տևողությունը երկու շաբաթ է, երկրորդ շաբաթը կոչվում է Բուն Բարեկենդան: Տոնը բնութագրվում է համայնական երգ ու պարով, խնջույքով, զանազան խաղերով ու զվարճություններով, դիմակավորված ներկայացումներով, ավանդական կանոնավորված կենցաղային բարքերի գլխիվայր շրջմամբ (ներառյալ վանական խըստակյաց բարքերով` Աբեղաթողի ծեսով) բազմազան ու համադամ ուտեստով և այլն:
Ծաղկազարդը Զատիկին նախորդող կիրակին է, խորհրդանշում է Քրիստոսի մուտքը Երուսաղեմ: Ժողովրդի մեջ առավելապես տարածված է որպես այդ տարվա նշանվածների (այժմ` երիտասարդների օրհնության) օր: Տոնի արարողակարգը ներառում է նշանվածների օրհնությունը, դալարաբույս ուռենու օրհնված ճյուղեր և պսակներ բաժանելը և այլն: Գարնանամուտի ավետաբեր ուռենու ճյուղերն ու պսակները պահում են տանը` իբրև առատաբեր, հաջողաբեր և չարխափան: Տոնն ուղեկցվում էր նաև ձու հավաքող երեխաների երգող խմբերի շրջայցով, կարկաչաներով (աղմըկող փայտաշեն ծնծղաներով): Ընդունված էր նաև գերեզմանների այցելությունն ու օրհնությունը:
Զատիկը շարժական տոն է, նշվում է մարտի քսաներկուսից հետո` լուսնի լրմանը հաջորդող կիրակի օրը: Եկեղեցին համարում է տաղավար տիրունի տոն: Տոնի խորհուրդը Քրիստոսի հարությունն է: Այդ օրը միմյանց ողջունելիս ասում են. □Քրիստոս հարյավ ի մեռելոց□: Պատասխանն է. □Օրհնյալ է հարությունը Քրիստոսի□: Տոնի արարողակարգն ընթանում է եկեղեցական ծիսակարգով և ժողովրդական տոնախմբությամբ՝ տոնական ուտեստով (կարմիր հավկիթ, չամչով փլավ և այլն), զատկական համայնական մատաղով (ախառ) և անհատական մատաղով (այդ օրը ծնված երեխայի պատվին), տղաների երգող խմբերի տնետուն շրջայցով, ձվախաղերով և այլ զվարճություններով:

Նոր Կիրակի կամ Կրկնազատիկ. Զատիկին հաջորդող առաջին կիրակին է: Կանաչ կիրակի. Զատկին հաջորդող երկրորդ կիրակին է: Կարմիր կիրակի. Զատկին հաջորդող երրորդ կիրակին է: Կազմում են զատկական տոնական հանդիսությունների շարունակությունը: Բնութագրվում են ծիսական ուտեստով (կարմիր, կանաչ ձվեր, փլավ և այլն), ուխտագնացությամբ, մատաղով, նվագածությամբ ուղեկցվող երգ ու պարով, լարախաղացությամբ և այլ զվարճություններով:
Համբարձումը շարժական տոն է՝ պայմանավորված Զատիկով և նշվում է Զատիկից քառասուն օր անց: Եկեղեցին համարում է տիրունի տոն, կապված Հիսուսի քառասունօրյա քարոզչության և երկինք համբարձվելու հետ: Տոնի երեղեցական ծիսակարգը աղոթքով սաղմոսերգությունն է: Ժողովրդական տոնախմբության մասն ամբողջովին բնության տարրերի պաշտամունքն է ներկայացնում: Տոնը բնութագրվում է ջուր ու ծաղիկ լցված փարչերը (պուլիկները) գիշերը բաց երկնքի տակ աստղունք դնելով, ծաղկեփնջեր կազմելով, դեռահաս աղջիկների բախտագուշակությամբ, ծաղկեպսակներով ու մոմերով զարդարած Համբարձման եզը պտտելով, տոնական ուտեստը՝ կաթնապուրը, եփելով ու դաշտերին մատաղելով և այլն:
Վարդավառը (Այլակերպություն կամ Պայծառակերպություն) հայ եկեղեցու տաղավար, տիրունի տոներից է, այն շարժական է` պայմանավորված Զատիկով: Նշվում է Զատիկից 98 օր հետո՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Ներկայումս առանձին շրջաններում ձեռք բերելով որոշակի կայունություն՝ այն նշվում է հուլիսի 22-ին հաջորդող օրը: Տոնի խորհուրդն ավանդում է Թաբոր լեռան վրա Քրիստոսի պայծառացած կերպարի երևալը առաքյալներին: Ժողովրդական տոնախմբությունն ունի հարուստ արարողակարգ` ջրցողում, աղավնիներ թռցնել, խարույկ վառել ու խնձոր խորովել, դաշտերի առաջին բերքից խեչփունջ կապել, խնդում (վարունգ, վարդ, խնձորով ծանրաբեռնված տոնական ծառ սկուտեղների վրա) պատրաստել ու հսկիչ (պառավ) կարգել: Նվագածությամբ բացօթյա խնջույքները, երգն ու պարը, խաղերն ու զվարճությունները նույնպես տոնի բաղադրիչներն էին: Տղաների թաղերի բաժանված խմբային խաղերով ներկայացվում էր Հայկի ու Բելի պատերազմը:
Աստվածածին (Վերափոխումն Աստվածածնի, Խաղողօրհնեք) եկեղեցու տաղավար և Աստվածածնին նվիրված տոներից է: Հայ եկեղեցին նշում է նաև Աստվածածնի հետ կապված հետևյալ տոները` Հղիություն Աննայի, Երից ամաց ընծայումն ի տաճարն, Գյուտ Տուփի և Գյուտ Գոտու, որոնք չեն նշվում ժողովրդական տոնախմբությամբ: Աստվածածնի տոնի խորհուրդը Հիսուսի օրինակով Տիրամոր երկինք համբարձվելն է: Եկեղեցին նշում է պատարագով, որից հետո տեղի է ունենում խաղողօրհնեք:
Սուրբ խաչը (տոն վերացման Սուրբ Խաչին) եկեղեցին համարում է տաղավար և խաչի տոն: Հայ եկեղեցին Խաչի հետ կապված նշում է նաև հետևյալ տոները. Տոն երերման Սրբո խաչի, Գյուտ խաչի, Տոն Վարագա Սրբո խաչի: Ժողովրդական տոնախմբությունը վերաբերում է միայն Սուրբ խաչին (Սրբխեչ), որը կայուն տոն է, նշվում է սեպտեմբերի 14-ին հաջորդող կամ նախորդող կիրակի օրը: Տոնի ծիսական ուտեստը թոնրակախ ուլն է, ձավարով կերակուրը (քաշկակ):
Հիշատակի օրեր կամ մեռելոց են կոչվում այն օրերը, որոնք հաջորդում են տաղավար տոներին և նշվում են երկուշաբթի օրը: Նախկինում հիշատակի օրերին գերեզմանատան մատուռում մատուցվում էր ս.Պատարագ, տեղի էր ունենում հոգեհանգիստ, և կատարվում էր գերեզմանօրհնեք, որի նպատակն էր հիշել հանգուցյալներին և ավետել նրանց հարության հույսը: Ներկայումս գերեզմանօրհնեքը սահմանափակ է, պահպանվում է խնկարկության, մոմավառության և հանգուցյալի հոգուն բաժին (ուտեստ) տանելու սովորույթը: Հիշատակի օրերն էին.
Ծննդին հաջորդող երկուշաբթի,
Ս. Զատկին հաջորդող երկուշաբթի, Մեծ մեռելոց,
Վարդավառին հաջորդող երկուշաբթի,
Աստվածածնի Վերափոխման հաջորդող երկուշաբթի,
Խաչվերացին հաջորդող երկուշաբթի՝ մեծ մեռելոց: Ժողովուրդը թյուրիմացաբար Խաչվերացի կիրակին համարում է մեռելոց:
Ուխտագնացությունը ուղեկցում էր տաղավար տոներին: Ուխտագնացություն տեղի չէր ունենում Համբարձումից մինչև Վարդավառ, քանի որ բոլոր սրբերը Քրիստոսի հետ համբարձվել էին: Ուխտ գնալը մի ամբողջ արարողակարգ էր. պահանջվում էր նախապես ապաշխարել, հոգեպես մաքրվել, թույլատրվում էր կամավոր ծոմապահություն: Ուխտագնացը նպատակ էր ունենում (հիվանդության ապաքինում, որդեծնություն, պանդուխտի վերադարձ և այլն): Ուխտագնացության վայրերը որոշակի էին (վանքեր, եկեղեցիներ, սուրբ գերեզմաններ, խաչեր և այլն): Ուխտավայրում կատարվում էր թռչնի և կենդանու, հացի և հացաբույսերի, պտուղների և գինու զոհաբերություն: Տեղի էր ունենում հասարակական համատեղ հացկերույթ, այնուհետև երգ, պար, խաղեր, զվարճություն:
 Ուխտագնացության օրերն էին Ս. Ծննդին,
Զատիկին և հաջորդող երեք կիրակիներին,
Վարդավառին,
Աստվածածնա Վերափոխմանը,
Խաչվերացին,
Սուրբ Գևորգի տոնին (հոկտեմբերի վերջին կիրակի օրը):
Սրբոց օրերը եկեղեցական տոնացույցում առանձնացված օրերն են, որոնք նվիրված են քրիստոնեական սրբերին և սրբերի դասին կարգված նշանավոր անձանց:
Սուրբ Սարգիսը շարժական տոն է` պայմանավորված Զատիկով` հունվարի 18-ից մինչև փետրվարի 23-ն ընկնող այն շաբաթ օրը, որը տվյալ տարվա Զատիկից առաջ էր ուղիղ վաթսուներեք օր: Տոնի խորհուրդն է սիրող զույգերի և երիտասարդների հովանավոր մուրազատուր սուրբ Սարգսի պաշտամունքը: Տոնը բնորոշվում է նախընթաց պասով, տոնական ուտեստով (փոխինդ, աղանձ, աղի բլիթ):
Սուրբ Վարդան Զորավարը. Բարեկենդանի օրերին hայ եկեղեցին նշում է Ավարայրի ճակատամարտի հերոսների Վարդանի ու Վարդանանց տոնը: Նշվում է Զատկից ութ շաբաթ առաջ՝ հինգշաբթի օրը: Բարեկենդանի տոնական արարողությունների շրջանակում Վարդանանց տոնը ներկայացվում է թատերականացված խաղի տեսքով: Անցել է պետական պաշտոնական տոնացույց` որպես բարի գործի և ազգային տուրքի օր` համաձայն ՀՀ տոների և հիշատակի մասին օրենքի:
Սուրբ Գևորգը նշվում է հոկտեմբերի վերջին կիրակի օրը: Այն կոչվում է նաև Ծռատոն, քանի որ գործում է այդ օրն աշխատելու արգելքը: Ունի նախընթաց հնգօրյա պաս, բնութագրվում է ուխտագնացությամբ (հատկապես Սուրբ Գևորգ անունով սրբավայրերը) բացօթյա ընդհանուր հացկերույթով, երգ ու պարով, զվարճախաղերով: Տոնական ուտեստը այդ տարվա բերքի երախայրիք կորկոտ-ձավարով հարիսան է:
Սուրբ Հակոբը նշվում է դեկտեմբերի սկզբին, կոչվում է նաև Նախրաթող և համապատասխանում է հին Նոր տարվան` Նավասարդին: Նշվում է նոյեմբերի տասին հաջորդող կիրակի օրը և ունի նախընթաց հնգօրյա պաս: Տոնի բնութագրիչն էր աքլորով հարիսան և այդ տարվա նոր գինու վայելումը: Ընտանեկան տոնախմբություն էր հատկապես սրբի անունը կրող մարդկանց տանը: Խորհրդանշում էր տնտեսական տարվա ավարտը:
Թարգմանչաց տոնը նվիրված է Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Պարթևի և նրանց աշակերտաց հիշատակին: Նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը: Անցել է պաշտոնական պետական տոնացույց` համաձայն ՀՀ տոների և հիշատակի մասին օրենքի:
Սուրբ Էջմիածնի տոնը նշվում է Զատկից վաթսունչորս օր հետո` կիրակի օրը: Անցել է պաշտոնական պետական տոնացույց` համաձայն ՀՀ տոների և հիշատակի մասին օրենքի:
Պահոց օրեր նշանակում է հրաժարում կենդանական ծագում ունեցող ուտեստից (մսեղեն, կաթնեղեն, ձու), ոգելից խմիչքից, գայթակղություններից: Դրանք ինքնաքննության, ապաշխարության, մեղքերի քավության ու թողության շրջան է` ուղղված մարդու մտավոր, հոգևոր, բարոյական և ֆիզիկական առողջացմանը: Եկեղեցին տարվա ընթացքում վեց ամիս պահոց օրեր ունի: Պահոց օրերն ունեն հետևյալ բաժանումները. Օրական պահք կամ Օրապահք, Առաջավորաց պահք, Շաբաթապահք, Նավակատյաց պահք, Քառասնորդական կամ Մեծ պահք:
Օրական պահքը յուրաքանչյուր շաբաթվա չորեքշաբթի օրն (ի հիշատակ Քրիստոսի մատնության), ուրբաթ օրը (ի հիշատակ Քրստոսի չարչարանքի):
Առաջավորաց պահքը. Վիրապից դուրս գալուց հետո սուրբ Գրիգոր Լուսավորչի հաստատած հնգօրյա պահքն է: Ժողովուրդն անվանում է նաև սուրբ Սարգսի պահք:
Շաբաթապահք են կոչվում հոգեգալստյան, սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի, Հիսնակի առաջին կիրակին, սուրբ Հակոբի ու Վարագա Խաչի պահքերը:
Նավակատյաց կամ Հինգ տաղավարների պահք են կոչվում Աստվածահայտնության ութ օրերը, Հարության ութ օրերը, Վարդավառի Վերափոխման և Սուրբ խաչի հինգ օրերը:
 Քառասունորդական կամ Մեծ պահքը տևում է յոթ շաբաթ, ավարտվում զատկական նախատոնակով (շաբաթ օրվա խթման կամ թաթախման երեկոն): Յոթ շաբաթվա յուրաքանչյուր կիրակին ունի իր անվանումն ու խորհուրդը (Արտաքսման, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան, Ծաղկազարդ և Զատիկ): Մեծ պահքի ուղիղ կեսը (հինգշաբթի օր) կոչվում է Միջինք: Մեծ պահքի Առաջին շաբաթը, Միջինքը և վերջին շաբաթը` Ավագ շաբաթ, ունեն հարուստ արարողակարգ, որտեղ կարևոր տեղ ունի չարը տնից վանելը: Պահքի խորհրդանիշը Ակլատիզ Պաս Պապն է (յոթ փետուրով): Պահքի խորհրդանիշ ուտեստը մախոխ ապուրն է, որը եփում են տղամարդիկ` հատուկ արարողակարգով: Մեծ Պահքի ընթացքում գործում են պսակադրության, կնունքի և նշանդրեքի արգելքները: