Needle memory_Exhibition_lecture

Ասեղով հյուսված հիշողություն․ ցուցահանդես-դասախոսություն

needle

Ապրիլի 24-ին Մեղրաձորի Սամվել Մուրադյանի անվան Մարզամշակութային կենտրոնում սիրահայ կանայք ցուցադրեցին իրենց ձեռքի աշխատանքները և իրենց տատիկներից ու մայրերից ժառանգություն ստացած աշխատանքները։ Զրույց-դասախոսության ընթացքում նրանք ներկայացրին, թե ինչպես ասեղնագործության արհեստով իրենց գաղթական տատիկները կարողացան ընտանիք պահել ու հայ մնալ այդքան արհավիրքներից հետո, և թե ինչպես այդ նույն արհեստը ապրելու միջոց դարձավ Սիրիայից պատերազմի հետևանքով Հայաստան ներգաղթած տիկնանց համար։

Հիշողության թելը կտրել անհնար է։ Երբ ցեղասպանության հետևանքով հազարավոր հայեր հայրենազրկվեցին ու բնակություն հաստատեցին օտար երկրներում՝ իրենց մատների հիշողությամբ սկսեցին վերականգնել այն բոլոր կարատեսակները, որ սովորել էին իրենց բնօրրանում։  Ու, որպեսզի ոչ կարատեսակը մոռացվի, ոչ իրենց բնակավայրի անունը՝ այդ կարերը կոչեցին Այնթապ, Մարաշ, Ուրֆա, Վան, Սվազ ․․․

Armenian-trajectory-of-coffee-culture

«Սուրճի մշակույթի հայկական հետագիծը»

«Սուրճի մշակույթի հայկական հետագիծը» նախագծի շրջանակում Հովհ. Թումանյանի թանգարանում մեկ օր` ապրիլի 22-ին, հյուրընկալվեցին Գյումրիի հինգ թանգարան՝ Ասլամազյան քույրերի պատկերասրահ, Ավ. Իսահակյանի տուն-թանգարան, Հովհ.Շիրազի տուն-թանգարան, Մհեր Մկրտչյանի տուն-թանգարան, Գյումրու ժողովրդական ճարտարապետության եւ քաղաքային կենցաղի թանգարան։

Թանգարանի աշխատակիցների օգնությամբ այցելուները կարողացան բացահայտել բազմաթիվ գաղտնիքներ հայ մեծերի սրճային կենցաղից։ Երեկոյի հատուկ բանախոսն ազգագրագետ Հասմիկ Հարությունյանն էր, ով խոսեց Ալեքսանդրապոլի սրճարանների և աշուղական միջավայրի մասին:

Educational-program-of-the-Museum-of-Folk-Arts-in-Lebanon

Ժողովրդական արվեստների թանգարանի կրթական ծրագիրը Լիբանանում

Ապրիլի 5-16-ը Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը Բեյրութի Հայկազյան համալսարանի հրավերով, ի դեմս համալսարանի նախագահ վերապատվելի դոկտ. Հայդոսթյանի և Հայկական սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն դոկտ. Անդրանիկ Դաքեսյանի, Բեյրութի հայկական դպրոցներում իրականացրեց  հայկական գորգերին ու կարպետներին առնչվող կրթական ծրագիր: Այս օրերին թանգարանի մենեջմենթի գծով փոխտնօրեն Գայանե Ասլանյանը և գորգագործուհի Աննա Մանուկյանը Հայկազյան համալսարանի  ուսանողական գրասենյակի  տնօրեն  Ռազմիկ  Գաբրիելյանի ղեկավարությամբ  ծրագիրն իրականացրեցին Բեյրութի և Անջարի 14 կրթօջախում (Հայ ավետարանական կենտրոնական բարձրագույն վարժարան, Րաուտայի Մխիթարյան վարժարան, Հայ ավետարանական Շամլեան-Թաթիկեան երկրորդական վարժարան, Ազգային միացյալ վարժարան, հայ կաթողիկէ Մեսրոպյան բարձրագույն վարժարան, Ազգային Հառաջ-Գալուստ Գյուլպենկյան երկրորդական վարժարան/Անջար/, Անջարի հայ ավետարանական երկրորդական վարժարան, Սրբոց Հռիփսիմեանց վարժարան, Ս. Խաչ-Հարպոյեան Բարձրագույն Վարժարան, Համազգայինի Մելանքթոն և Հայկ Արսլանեան ճեմարան, Վահան Թեքեյան վարժարան, ՀԲԸՄ Դարուհի-Հովակիմեան, Սահակյան-Լ. Մկրտչյան քոլեջ, Ազգային Եղիշե Մանուկյան քոլեջ):

Կարևորելով գորգարվեստի յուրահատուկ դերը մեր էթնիկ մշակույթի համակարգում՝ Թանգարանն առաջարկել է կրթական ծրագիր, որն առնչվում է հայկական գորգերին ու կարպետներին: Մասնակիցներն այս դասընթացի օգնությամբ բացահայտում են գորգագործական մշակույթի գաղտնիքները, գորգի գունային ու զարդանախշային հորինվածքը, ապա հմուտ մասնագետի օգնությամբ փորձում  աշխատել սանդերքով, ճախարակով ու իլիկով՝  ծանոթանալով բրդից թել ստանալու գործընթացին: Այնուհետև նախշազարդում են գորգանախշ ներկայացնող փայտե նմուշակները:

Վերոնշյալ ծրագիրը միտված է Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների շրջանում կրթելու ազգային ինքնությունը ճանաչող և վերարժևորող սերունդ:

Այցի շրջանակում հանդիպումներ և քննարկումներ են տեղի ունեցել  Համալսարանի նախագահ վերապատվելի Հայդոսթյանի հետ, ընդգծվել այցի արդյունավետությունը և համագործակցության շարունակականութան անհրաժեշտությունը: Հանդիպումներ  են տեղի ունեցել նաև Անջարի քաղաքապետ Վարդգես Խոշյանի,  Մուսա Լեռ թանգարանի և Անջարի պատկերասրահի պատասխանատուների հետ, ինչպես նաև Զմմառու վանքի թանգարանի պատասխանատուների հետ: Հանդիպումների ընթացքում ներկայացվել են Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի առաքելությունն ու գործունեությունը,  նորովի մեկնարկած ծրագրերը, քննարկվել են նաև հետագա համագործակցության հնարավորությունները:

Հատկապես հիմա՝ երկրում տիրող բարդ ժամանակներում, Հայաստան-Սփյուռք մշակութային կապի ամրապնդման և Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների շրջանում ևս  ազգային ինքնության կարևորագույն գաղափարներն ամրապնդելու ու հանրահռչակելու նպատակով կարևոր ենք համարում Թանգարանի համագործակցությունը մշակութային կենտրոնների, կրթական հաստատությունների  հետ:

Հայկազյան համալսարանի և Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի համատեղ ծրագրերը Սփյուռքի այս կարևոր օջախում կրելու են շարունակական բնույթ:

zatkakan-paraton-erevanum

Զատկական փառատոն Երեւանում

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը իրականացրեց առաջին Զատկական փառատոնը Հայաստանում։  Փառատոնի ընթացքում հայաստանցիները և զբոսաշրջիկները հնարավորություն ունեցան մասնակցելու համաժողովրդական տոնախմբությանը՝ միասին նշելով Սուրբ Զատիկը։

Փառատոնին ելույթ ունեցան «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ Երևանի, Ստեփանավանի, Վանաձորի, Սպիտակի, Գյումրիի մասնաճյուղերի սաները, «Արևային Զանգակներ» խումբը և Խարբերդի մասնագիտացված մանկատան սաները, երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրրո) և «Արդվին» ազգագրական համույթը։ Փառատոնի ընթացքում գործում էր նաև ցուցահանդես-վաճառք՝  երեխաների զատկական աշխատանքներով։ Ներկայացված էին Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի, Հայ Առաքելական Եկեղեցու թեմերի և այլ մասնագիտացված կազմակերպությունների սաների աշխատանքները։ Հանրությունը հնարավորություն ստացավ միանալու վարպետության դասերին։

«Զատկական փառատոն» -ի նպատակն է ստեղծել մշակութային հարթակ երեխաների, պատանիների ինքնադրսևորման համար, ինչպես նաև խոցելի խմբերի երեխաներին ինտեգրել մշակութային կյանք: Փառատոնի աջակիցներն էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, ՀԵՀԵՄ գրասենյակը և «Ֆորմիկա Արտ» ընկերությունը:

sasna-crer

ՀՀ ՈՆՄԺ Արժեքների Ցանկ

Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N599 – Ա որոշման

«Հավելված N 2 ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 11-ի N 310 – Ա որոշման

Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 24-ի N 397 – Ա որոշման

Presentation-of-www.int-heritage.am-database

www.int-heritage.am շտեմարանի շնորհանդեսը

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում տեղի է ունեցել ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության նոր շտեմարանի շնորհանդեսը, և ամփոփվել են «Շարժայի ժառանգության օրեր» փառատոնի արդյունքները:

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային պետական քաղաքականության հիմնական ուղղություններից է, և ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ոլորտի հետ կապված խնդիրները մշտապես պահում է ուշադրության կենտրոնում: Դեռևս 2016 թվականից ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտի հանրահռչակման նպատակով գործում է «Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգություն» կայքէջը։ Թանգարանը՝ որպես այս ոլորտը համակարգող պետական կառույց, ՀՀ ԿԳՄՍ նախարարության խորհրդատվական աջակցությամբ հանրությանն է ներկայացրել www.int-heritage.am հասցեում գործող ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության նորացված շտեմարանը՝ նոր դիզայներական լուծումներով և համալրված բաժիններով: Շուտով կայքը կթարգմանվի նաև ռուսերեն և անգլերեն: Ապագայում համալսարանների հետ համագործակցությամբ նախատեսվում է նաև այլ լեզուներով թարգմանություն:

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանը տեղեկացրել է, որ երիտասարդների շրջանում նախապես հետազոտություն է իրականացվել՝ հասկանալու ոլորտում նրանց հետաքրքրությունների շրջանակը, առկա խնդիրները և կայքի միջոցով դրանց հնարավոր լուծումները. «Հաշվի առնելով ոլորտի՝ վերջին տարիների վերազարթոնքը և երիտասարդության շրջանում ոչ նյութական մշակութային ժառանգության նկատմամբ հարգանքի և վերարժևորման ակնհայտ միտումները, նոր շտեմարանը ձևավորվել է նոր մոտեցումներով: Այսուհետ այն կունենա իր տարբերանշանը, ժամանակ առ ժամանակ կհամալրվի նոր բաժիններով, պարբերաբար կներկայացնի ոլորտին առնչվող իրադարձություններն ու հայտարարությունները, կմեկտեղվեն ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտին վերաբերող գիտական հոդվածները, հրապարակումները, օրենսդրությունը և այլ նյութեր»:

Ներկայացնելով ոչ նյութական մշակութային ժառանգության նոր տարբերանշանը՝ Լուսինե Թորոյանը նշել է, որ դրա համար հիմք է ծառայել գորգանախշը, որը շարունակականության, կենսունակության խորհրդանիշ է: Զարդանախշի գույները ունեն որոշակի իմաստ. հողի գույնը խորհրդանշում է ուժը, կանաչը՝ բնությունը, դեղինը՝ հայ մարդու աշխատասիրությունը:

Նոր շտեմարանի շնորհանդեսի շրջանակում տեղի է ունեցել նաև մարտի 10-28-ը «Շարժայի ժառանգության օրեր» ամենամյա հեղինակավոր փառատոնին պատվավոր հյուրի կարգավիճակով Հայաստանի մասնակցությամբ իրականացված միջոցառման ամփոփումը, քանի որ այն կարևոր իրադարձություն էր Հայաստանի ոչ նյութական մշակութային հարուստ ժառանգության միջազգային հանրահռչակման ուղղությամբ:

ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանի խոսքով՝ հայաստանյան պատվիրակությունը փառատոնին մասնակցել է առաջին անգամ և վերադարձել է մեծ հաջողությամբ՝ 12 սրահներում ներկայացնելով հայկական մշակութային ժառանգության տարաբնույթ դրսևորումները, երգն ու պարը, ինչպես նաև ազգային խոհանոցի առանձնահատկություները:

Աստղիկ Մարաբյանը և Լուսինե Թորոյանը շնորհակալագրեր են հանձնել «Շարժայի ժառանգության օրեր փառատոնի» հայաստանյան պատվիրակության մասնակիցներին 2022 թ. «Շարժայի ժառանգության օրեր» փառատոնին Հայաստանի Հանրապետությունը հավուր պատշաճի ներկայացնելու գործում ունեցած զգալի ավանդի համար:

Երեկոն ամփոփվել է ավանդական երգի-պարի «Վարք հայոց» խմբի գեղեցիկ կատարմամբ: