«Նարեկացի» արվեստի միությունը՝ համագործակցելով «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի հետ, 2020 թվականի հունիսի 1-ից մինչև դեկտեմբերի 1-ը, «Նարեկացի» արվեստի միության Երևանի մասնաճյուղում սփյուռքահայ երեխաների և պատանիների համար անվճար հիմունքներով իրականացրեց երգի և նկարչության դասընթացներ, իսկ ՆԱՄ-ի Շուշիի մասնաճյուղում՝ կարպետագործության և կավագործության դասեր, որոք, ցավոք, հայտնի պատճառներով, կիսատ մնացին:
«Հնարավորություններ երիտասարդների համար» ծրագրի շրջանակում նոյեմբերի 29-ին «Նարեկացի» արվեստի միության երևանյան մասնաճյուղում տեղի ունեցավ նկարչության դասընթացների մասնակիցների հաշվետու ցուցահանդեսը:
Միջոցառմանը միության կողմից երեխաներին բաժանվեցին քաղցրավենիքներ:
Ելույթի խոսքով հանդես եկավ «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը՝ շնորհակալ լինելով «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամին այս հնարավորության համար:
-«Նարեկացի» արվեստի միությունը՝ անկախ համավարակից, անկախ ստեղծված ծանր ժամանակներից, փորձեց, չնայած դժվարություններին, շարունակել իր գործունեությունը: Այս ծրագրի շրջանակում երեխաները բացահայտեցին իրենց կարողությունները՝ ստեղծելով հիանալի նկարներ. լավ կլիներ, որ նրանք հետագայում էլ զբաղվեին նկարչությամբ,-նշեց Նարեկ Հարությունյանը:
Հովնանյան Հիմնադրամը պաշտոնապես ստեղծվել է 1986թ. և իր առաքելությունն է հռչակել՝ ի աջակցություն մշակութային, կրթական, հոգևոր, գիտական, գրական և այլ հարակից ոլորտների զարգացմանը: