«Արփի» բնապատմական արգելոցում իրականացվեց «Դարերի համն ու բույրը» կրթամշակութային ծրագիրը։ Մասնակիցները բացահայտեցին Վայոց ձորի ավանդական խոհանոցի գաղտնիքները և դրա պատմական արժեքը՝ ևս մեկ անգամ կարևորելով ազգային ուտեստները՝ որպես ոչ նյութական մշակութային ժառանգության մաս:
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում անցկացվեց «Հայկական պարարվեստը․ հայկական ոգին՝ պարի լեզվով» խորագրով ծրագիրը։ Ներկաները ծանոթացան «Քոչարի» խմբապարի պատմական ակունքներին և հայկական ավանդական պարերի ազգապահպան նշանակությանը։
Հայաստանի հունական համայնքների միությունը և «Նիսի» հունական ազգային պարի խումբը հոկտեմբերի 18-ին Լոֆթ Երևանում ամփոփեցին «Պարի դասավանդումը և ցուցադրումը՝ որպես Հայաստանի հույների ինքնության պահպանման ձև» ծրագիրը:
Նախագիծն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ՝ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման դրամաշնորհային ծրագրի շրջանակում:
Հոկտեմբերի 17-ին Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում տեղի ունեցավ «Ձիթենու փառատոն» միջոցառումը:
Միջոցառումն իրականացվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և ՄԱԶԾ-ի (UNDP) կողմից ընթացող «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» (#M4EG/ՀՀՏԶ) ծրագրի շրջանակներում:
Նոյեմբերյան համայնքը, հանդիսանալով #M4EG/ՀՀՏԶ «Առաքելությանը միտված պորտֆելներ տեղական փոխակերպումների համար» ծրագրի մասնակից, Բագրատաշենի Մ. Մագուլյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի հետ համատեղ նախաձեռնել է սույն փառատոնը՝ նպատակ ունենալով ներկայացնել Բագրատաշեն բնակավայրի ձիթենու աճեցման, մշակման, գյուղատնտեսական և բնապահպանական ինքնատիպ ավանդույթները:
Ծրագրում ներառված էին մշակութային և երաժշտական կատարումներ, գեղարվեստական ծրագրեր, համայնքային կյանքն ու ստեղծագործական ներուժը ներկայացնող տոնական միջոցառումներ:
«Ձիթենու փառատոնը» կարևոր հարթակ է տեղական արտադրանքն ու հողի բարիքն արժևորելու, համայնքային ավանդույթները պահպանելու և դրանք երիտասարդ սերնդին փոխանցելու համար:
Ոչ նյութական մշակութային ժառանգության օրը՝ հոկտեմբերի 17-ին, Սևանի մշակույթի տանը տեղի ունեցավ «Լճի մարդիկ» ֆիլմի պրեմիերան՝ նվիրված Սևանի ձկնորսական ժառանգությանը։ Ֆիլմը պատմում է Սևանի ու նրա մարդկանց կապի, ձկնորսական մշակույթի և այն ավանդույթների մասին, որոնք մեր ինքնության ու հիշողության մասն են կազմում։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ և ««Սևան» երիտասարդական ակումբ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ։
Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրը՝ հոկտեմբերի 17-ին, Օրբելի եղբայրների տուն-թանգարանում անցկացվեց «Սասունցի Դավիթ դյուցազներգության 1000-ամյակը և Հովսեփ Օրբելին» խորագրով կրթական ծրագիրը։
1939թ. Հայաստանում և Խորհրդային միության տարբեր քաղաքներում մեծ շուքով նշվեց հայկական «Սասունցի Դավիթ» էպոսի 1000-ամյակը։ Տոնակատարությունը որոշվեց անցկացնել սեպտեմբերին։ Զգալի տեղ էր հատկացված գրական, գիտական, մշակութային միջոցառումներին: Լույս տեսավ «Սասունցի Դավիթ» էպոսի ամբողջական, համահավաք հրատարակությունը՝ ակադեմիկոս Հովսեփ Օրբելու խմբագրությամբ և առաջաբանով։
Կրթական ծրագրի մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու «Սասունցի Դավիթ» էպոսի 1000-ամյակի տոնակատարություններին, նախապատրաստական աշխատանքներին, թանգարանում ցուցադրվող արխիվային նյութերին, իսկ ավարտին մասնակցեցին էպոսի գաղափարների և հերոսների կերպարների քննարկմանը։
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում հոկտեմբերի 17-ին նշվեց Ոչ նյութական մշակութային ժառանգության օրը՝ «Օրորէ՜, մամի՜կ» խորագրով միջոցառմամբ։
Թանգարանի տոհմատանը «Նուբար» երգի-պարի համույթը ներկայացրեց օրորոցի, հացի, խնոցու և այլ աշխատանքային երգերի ու պարերի կենդանի կատարումներ՝ վերակենդանացնելով հայկական ավանդական մշակույթի մի կարևոր շերտ։
Միջոցառման ընթացքում Թագուհի նանը ներկայացրեց Խաչատուր Աբովյանի հուշերից վերցված «Գյուղական տների կառուցվածքը» ազգագրական պատումը՝ այցելուներին փոխանցելով ավանդական գյուղական կյանքի, կենցաղի և մշակույթի առանձնահատկությունները։
Միջոցառման ավարտին հյուրերին սպասվում էր հյուրասիրություն՝ Աբովենց այգու բարիքներով։
Հոկտեմբերի 17-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Վիպական արվեստը և «Սասնա ծռեր» էպոսը Կոմիտաս Վարդապետի ժառանգության մեջ» խորագրով միջոցառում՝ նվիրված Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվան։ Բանախոսն էր արվեստագիտության թեկնածու, դոցենտ Մարիաննա Տիգրանյանը։
Հնչեցին էպոսի երգվող հատվածներն ու վիպերգերը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի «Ամանակ» հայ ավանդական երգի համույթի կատարմամբ․ գեղարվեստական ղեկավար՝ Վահե Գևորգյան, մենակատարներ՝ Արա Այվազյան, Արեգ Գալստյան, Վահե Գևորգյան։
Հիշեցնենք, որ ««Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսի կատարողական դրսևորումները» 2012թ. Հայաստանի կողմից գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։
Հայաստանի ազգային պատկերասրահը հոկտեմբերի 17-ին անցկացրեց Ոչ նյութական մշակութային ժառանգության օրվան նվիրված միջոցառումներ։ «Ինքնության վկայություններ» ցուցահանդեսը Հայ հին և միջնադարյան արվեստի ցուցասրահներում ներկայացնում էր մշակութային ժառանգության այն արժեքները, որոնք դարեր շարունակ փոխանցվում են սերնդեսերունդ՝ որպես ազգային հիշողության ու ինքնության կենսունակ կրողներ։ Ցուցադրության առանցքը լավաշն էր, որը հայի համար պարզապես հաց չէ, այլև՝ օջախի, ջերմության, աշխատանքի խորհրդանիշ։ Հայ նկարիչների ստեղծագործություններում այն կրում է չափազանց լայն իմաստ՝ վերածվելով հողի, ընտանիքի, հայրենիքի և հայկականության գեղարվեստական նշանի։
Տեղի ունեցավ նաև թեմատիկ շրջայց՝ «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսի և մշտական ցուցադրության սրահներում, որի ընթացքում ներկայացվեցին հայկական մշակութային հուշարձանները Վարդգես Սուրենյանցի արվեստում։ Նրա կտավներում եկեղեցիները, խաչքարերն ու պատմական միջավայրը հանդես են գալիս որպես մշակութային հիշողության կենդանի վկայություններ՝ կապելով անցյալը ներկայի հետ։
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը միացել էր Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվան նվիրված միջոցառումներին։
Հոկտեմբերի 17-ին գրադարանում անցկացվեցին հայկական մշակութային ժառանգությանը նվիրված մի շարք հետաքրքիր և ճանաչողական միջոցառումներ՝ «Հայկական ասեղնագործությունը, նրա կիրառումն ու տարածումը» ցուցահանդես, «Գացեք տեսեք» հայկական ծիսական երգի ուսուցում, զրույց և երաժշտության ունկնդրում, «Ազգային երաժշտական գործիքներ՝ թառ, դուդուկ, քանոն, պարկապզուկ» դաս-պարապմունք, «Ստվերների տիկնիկային թատրոն․ ծագումը, պատմությունը» դաս-պարապմունք։
Այս միջոցառումների միջոցով երեխաները հնարավորություն ունեցան ճանաչելու և արժևորելու հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության տարբեր դրսևորումները՝ ավանդական արհեստներից ու ծիսական երգերից մինչև ազգային երաժշտական գործիքներ և թատերական արվեստ։
Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա ծրագրի շրջանակում հոկտեմբերի 17-ին Հայաստանի ազգային գրադարանում բացվեց «Սասունցի Դավիթ» էպոսի գրքային նկարազարդումները» խորագրով գրականության և նկարազարդումների ցուցադրությունը։
Ցուցադրությունը մեկտեղում է հայ ազգային դյուցազնավեպի պատկերազարդման պատմությունը՝ Հակոբ Կոջոյանից և Երվանդ Քոչարից մինչև Գրիգոր Խանջյան և մերօրյա նկարիչներ։
Ավելի քան երեք տասնյակ հայ և օտարազգի հեղինակների աշխատանքներ հնարավորություն են տալիս հետևելու, թե ինչպես է տարբեր ժամանակներում փոխվել «Սասունցի Դավիթ» էպոսի գեղարվեստական ընկալումը՝ պահպանելով նրա հիմնական գաղափարները՝ ուժը, միասնությունը, ազատասիրությունն ու ազգային ինքնությունը։
Ցուցադրության մեջ ներկայացված են նաև էպոսի տարբեր տարիների արժեքավոր հրատարակություններ։ Դրանց ընտրության հիմքում Հայաստանի ազգային գրադարանի կազմած մատենագիտություններն են։ 1939 թվականի առաջին մատենագիտությունը ներառում էր 320 հրատարակություն, իսկ 2009 թվականին կազմված նոր մատենագիտությունն արդեն՝ 1324 մատենագիտական գրառում՝ գրքեր, մամուլի հրապարակումներ, հոդվածներ, մշակումներ և պատումներ։