Верования и культ
Հավատալիքներ, իրերի, կենդանիների, բույսերի, երկնային մարմինների, բնության երևույթների և այլնի հետ կապված կրոնա-պաշտամունքային դրսևորումների համակարգ։ Երբեմն հավատալիքներ են համարվել պաշտամունքի առարկաները։ Հավատալիքների առաջացման համար կարևոր նշանակություն են ունեցել բնության երևույթներն ու դրանց էության անբացատրելիությունը, բնակլիմայական առանձնահատկությունները, հասարակական կարգերը, սոցիալական պայմանները, սովորույթներն ու էթնիկական առանձնահատկությունները։
Հավատալիքներին, պաշտամունքին առնչվող պատկերացումները սկսել են ձևավորվել հին քարի դարի մուստիերյան փուլի վերջում (մոտ 50—35 հազար տարի առաջ)։ Նախնական հավատալիքները վերաբերում են մարդկային հասարակության նախամշակութային շրջանին և աղերսվում են նախամարդու ամենապարզունակ աշխարհընկալմանը, որի համաձայն՝ տեսանելի աշխարհն ու առարկաները ենթակա են առարկայական անընդհատ կերպափոխումների (մետամորֆոզ)։ Հավատալիքների հետ կապված ծիսական արարողությունները բաղկացած են եղել հիմնականում նմանողական մոգական գործողություններից (անձրևաբերության համար միմյանց վրա ջուր ցանել և այլն)՝ նպատակ ունենալով այդ կերպ բարերար ազդել բնության երևույթների վրա։ Նույն ժամանակաշրջանում ձևավորվում է մեռյալների ու նախնիների պաշտամունքը։ Ազիլյան շրջանում (տես Ազի սան մշակույթ) արդեն այն կազմավորված աշխարհայացք էր, որի հետ կապված առաջացել է թաղման և այլ ոգեպաշտական ծիսակատարությունների ամբողջական համակարգ։ Ազիլյան սրբազան քարայրերում գտնվել են նախնիների ոգիները խորհրդանշող երկնային մարմինների կամ մարդկանց պատկերներով գետաքարեր, որոնց վերագրվել են հրաշագործ կարողություններ։
Նախամարդու կյանքում նշանակալից տեղ են ունեցել տոտեմիստական հավատալիքները, որոնց համաձայն բույսերը, կենդանիներն ու նրանց ոգիները կարող էին լինել մարդու կյանքի և կենսագործունեության հովանավորողներ։ Ընտրելով տոտեմը (հովանավորող կամ նախածնող կենդանին, բույսը, առարկան)՝ մարդն իր հերթին խնամել ու պահպանել է նրան՝ ձգտելով շահել նրա բարյացակամությունը։ Նախածնող կենդանին կամ բույսը համարվել է անձեռնմխելի։ Կենդանապաշտական, բուսապաշտական հավատալիքների բազմաթիվ վերապրուկներ հայ ժողովրդի մեջ հարատևեցին մինչև XIX դ. վերջը XX դ. սկիզբը։ Ըստ վասպուրականցիների, կենդանիները հասկանում են մարդկանց ներկան ու ապագան և այդ մասին հաղորդակցվում։ Հայաստանի գրեթե բոլոր գավառներում պահպանվել են կանաչի, ծառի և այլ բույսերի պաշտամունքի տարրեր (Ծաղկազարդին ձիթենու կամ այլ ծառի ճյուղերը բարեբերության նպատակով մսուրքներում, հավարներում պահելը և այլն)։ Հնագույն հավատալիքների վերաբերյալ արժեքավոր ապացույցներ են պահպանվել նախնադարյան արվեստի հուշարձաններում։
Հնագույն հավատալիքների մի մասը նվիրված էր որսորդությանը։ Այդ է ապացուցում ժայռապատկերներում, գոտիների և այլ առարկաների վրայի որսորդական տեսարանների խորհրդապաշտական վերարտադրությունը։ Նախամարդու կրոնական մտածողության ձևերից էր նաև բնապաշտությունը, որի հետ կապված էին կախարդական հմայական, բնության երևույթներին, երկնային մարմիններին երկրպագելու ծիսակատարությունները։ Հայաստանի լեռնային մի շարք շրջաններում (Սյունիք, Արագած, Գեղամա լեռներ) հայտնաբերված ժայռանկարներում կան արեգակի, լուսնի, երկնային այլ մարմինների, կենդանիների (մեղու, այծ, ցուլ, ձի, օձ և այլն) պաշտամունքը հավերժացնող պատկերներ։ Գեղամա լեռներում կան օձի, ձկան, մողեսի, եզան, գոմեշի և այլ կենդանիների տեսքով, վիշապ կոչվող քարակոթողներ (տես Վիշապներ), որոնք խորհրդանշում են ջրի պաշտամունք։ Ջրի, արեգակի, կրակի և այլ երևույթների հավատալիքների հետ են կապված խեցեգործական հնագույն առարկաների վրայի մի խումբ նախշեր (ալիքաձև, պարուրաձև, երկրաչափական և այլն) ու քանդակներ։ Հայաստանի ուշ բրոնզի և վաղ երկաթի դարերի բնակատեղիներում հաճախ հանդիպող քարե, կավե, հարթաքանդակ և ծավալային, մասամբ՝ բուսական զարդաքանդակներով ու նախշերով կնոջ կերպարանքով (հաճախ՝ բազմադեմ) կուռքերը մարմնավորել են կին-մայր աստվածության գաղափարը՝ կապված բեղմնավորմանը, պտղաբերությանը, սերունդների հարատևմանը վերաբերող հավատալիքներիև։ Պտղաբերություն են խորհրդանշել նաև ֆալլիկ արձանները, ձագերին սնող կենդանիների, բեղմնավորման հմայական գործողությունների գեղարվեստական լուծումները և այլն։ Երկրագործական, անասնապահական հավատալիքներ արտահայտված են եզների, ձիերի և այլ կենդանիների արձանների ու պատկերների միջոցով։ Արեգակի, մասամբ նաև կայծակի պաշտամունքը վավերացնում են սկավառակաձև, ճառագայթաձև զարդերը, ոճավորված կեռխաչերն ու մեդալիոնները։
Հնագույն արվեստի մի շարք նմուշներ վերաբերում են երևակայական գերբնական էակների (վիշապասպան հերոսներ, աստվածներ և այլն) սնոտի հավատին։ Գոտիների վրա արծարծված են վերոհիշյալ համարյա բոլոր հավատալիքներին և չարի դեմ պայքարող մարդ–աստծո զաղափարին նվիրված թեմաներ։ Նշված առարկաների մեծ մասն ունի ոչ միայն սոսկ պաշտամունքային, այլև որոշակի հավատալիքների առնչվող ծիսական արարողության նշանակություն։ Նախնադարյան մի շարք հավատալիքներ և դրանց առանձին տարրեր փոխանցվելով, վերարտահայտվեցին ուրարտական և հայկական հեթանոսական բազմաստվածական կրոններում՝ ծեսերի ու սովորույթների միջոցով։ Ուրարտացիները իրենց աստվածներին պատկերում էին մարդկային կերպարանքով, որոնցում հաճախ երևում են դրանց սկզբնավորման սաղմերը (կենդանիների ու թռչունների վերջավորություններ, առյուծի, ցուլի վրա կանգնած աստվածներ և այլն)։ Բացի բուն աստվածություններից, գոյություն են ունեցել նաև բնապաշտական աստվածներ (հողի, ծովի, լեռների, անձավների, հզորության և այլն)։ Բուսապաշտությանն են նվիրված կենաց կամ սրբազան ծառերի բազմաթիվ պատկերներ։ Արձանագրությունների առանձին բնագրեր առնչվում են վերոհիշյալ հավատալիքներին, որոնց մի մասը հետագայում տեղ գտավ նաև հայկական հեթանոսական կրոնում։ Վաղ հայկական դիցաբանի աստվածները նույնպես մարմնավորում էին բնության երևույթները։
Մի շարք աստվածների նախնական կերպարում արտահայտվել են բնապաշտական, տոտեմիստական հավատալիքներ։ Ենթադրվում է, որ տոտեմական ծագում ունի Տորք Անգեղի անունը աղերսվում է «անգղ» բառին), Արան սկզբնապես խտացրել է գարնանն արթնացող բուսականության, երկրագործության, ցանքի և ջրի աստծու գծերը։ Արայի պաշտամունքին են կապվում նաև արալեզները (տես Հարալեզներ), որպես հարություն տալու կարողությամբ օժտված ոգիներ։ Անահիտը մարմնավորում էր պտղաբերության, ծննդաբերության, ինչպես նաև ռազմի աստվածուհու հատկանիշներ։ Հնագույն մի շարք հավատալիքներ են արտահայտում նաև Արամազդը, Միհրը, Տիրը և հայկական դիցաբանի մյուս աստվածները, որոնց պաշտամունքի արարողությունները կատարվում էին յուրաքանչյուրին նվիրված մեհյանում։ Հայ ժողովրդի տոտեմական հավատալիքներում տեղ են գտել եզը, ձին, ոչխարը, այծը, խոզը, շունը, կատուն, մուկը, գայլը, աղվեսը, արջը, հավը, աղավնին, ճնճղուկը, կռունկը, ծիծեռնակը, արտույտը, մեղուն, մրջյունը, օձը, գորտը, կրիան և այլ կենդանիներ։ Տոտեմական պաշտամունքի հետևանք են համարվում Հայկական լեռնաշխարհի մի շարք տեղանուններ [Օձ, Գայլ (գետ), Գայլեդրունք և այլն], սրբավայրերի, ուխտատեղիների անուններ (Գայլ վանք, Գառնիկ աղբյուր և այլն), հայկական զինանշանների վրայի կենդանիների (արծիվ, բազե, գառ և այլն) պատկերները։ Տոտեմական, բնապաշտական, ոգեպաշտական հավատալիքների մի շարք վերապրուկներ, իրենց տարատեսակներով, պահպանվեցին մինչև XIX դ. վերջը, XX դ. սկիզբը, արտահայտվելով ժողովրդական կրոնական տոնակատարությունների (Համբարձում, Վարդավառ, Ծաղկազարդ և այլն), ինչպես նաև ժողովրդի առօրյա կենսագործունեության մեջ։ Հավատալիքների առանձին խումբ են կազմել գուշակությունները՝ կապված բնության երևույթների, կենդանիների կամ թռչունների գործողությունների, ծառերի սոսափյունի և այլնի հետ (օրինակ, եթե արագիլն իր վերադարձին կտուցով բերում էր հասկ կամ շյուղ, ենթադրվում էր առատ տարի)։