Сценический танец

Arzah-1

Բեմադրական պար: Այն ձևավորվել է 19-րդ դարի վերջերին քաղաքային միջավայրում, երբ պարը գնալով ձեռք է բերել հիմնականում ցուցադրական նշանակություն: Ժողովրդական պարային քայլերը, պարաձևերը, դիրքերը և նրանց բոլոր բաղադրամասերը անջատվել են իրարից՝ ստեղծելով բանկ, որտեղից կարելի է հանել և գործածել յուրաքնչյուր տարր: Մի կողմ են մղվել ծիսականությունը, տրամաբանական ու կատարողական բոլոր օրենքները: Գրեթե մոռացության են տրվել պարեղանակների գործածությունը, առավել ևս՝ երգվող տեքստերը: Յուրաքանչյուր պարուսույց կամ սիրող անհատ վերցրել է դուր եկած երաժշտական ստեղծագործությունը և դրան հարմարեցրել պարային քայլեր կամ դիրքեր, ձևավորել կիսապրոֆեսիոնալ մակարդակի շարժումների հավաքածու և համապատասխանեցրել բեմին: Այն կատարվել է կիսաժողովրդական, կիսաբալետային՝ ձգված մկանների ոճով՝ ձեռք բերելով երաժշտական նոր ստեղծագործության ուղեկցություն և նոր պարանուն:

Մշակումներ: 19-րդ դարի վերջին, հատկապես քաղաքային միջավայրում հայ ժողովրդական պարերը ենթարկվեցին որոշ մշակումների: Ավանդական պարերը, կտրվելով ծեսերով հագեցված կենցաղից և դառնալով ինքնուրույն ստեղծագործություններ, բավական երկար պահպանեցին իրենց կառուցվածքային առանձնահատկությունները, սակայն, հայտնվելով պետական և ինքնագործ անսամբլների ծրագրերում, որպես ցուցադրական նմուշ՝ ենթարկվեցին տարբեր աստիճանի մշակումների:

Հայ ժողովրդական պարերից բեմ-ցուցադրություն-համերգային նմուշ ստեղծելու նպատակով պարերը հարմարեցվեցին ցուցադրությանը և միայն դիտող հանդիսատեսի ճաշակին: Այսպիսի չափավոր մշակման ենթարկած պարերը հիմնականում մնացին իրենց կառուցվածքի մեջ և բավական երկար պահպանեցին պարաձևը, պարեղանակը, ձևավորման ու տեքստերի տրամաբանական կապը: Կարևորն այն է, որ պահպանեցին ավանդական պարի բնական շարժումների կատարողական ոճը: Այս տեսակն ինչ-որ մեկի թեթև բնութագրմամբ կոչվեց ազգագրական պար: Հետագայում միջամտության այս մեթոդով մի քանի պար իրար միացնելով և բեմին հարմարեցնելով՝ բնութագրեցին որպես ազգագրական պարերի շարան: Այսպիսի միջամտությունը, ըստ էության, հնարավորություն ընձեռեց ավելի հիմնավոր փոփոխությունների, որոնք աստիճանաբար ստեղծեցին պարերի տարրերով բեմադրություններ անելու լայն դաշտ: Այս տեսակը սկզբնական շրջանում համարվեցին ազգագրական պարի մշակումներ:

Ժողովրդական հասարակական պարերի մշակումներն աստիճանաբար վերադարձան ժողովրդին՝ ընդունելով նաև ազգագրական տերմինը՝ ավանդական ժառանգությունը հոգեբանորեն ազգագրականից` մշակվածից տարբերելու համար:
Մենապարերի մշակում: Ժողովրդական ծիսական մենապարերն ունեցան նույն ճակատագիրը: Սկզբում դրանք, բեմ բարձրանալով, պահպանեցին իրենց ամբողջական կառուցվածքը: Ի բնե իրենց ցուցադրական լինելու հատկանիշի պատճառով մենապարերը բեմի վրա ընդունելի էին: Մի փոքր ավելի ուշ, երբ պարզվեց, որ մենապարերն ունեն միայն աջ ու ձախ, օձաձև տարբեր պտույտներով, հորիզոնական հարթության վրա մեծ ու փոքր շրջանների դասավորումներով կառուցվածք, և որ մշակումների հնարավորությունները սահմանափակ են, պարերը բաժանվեցին իրարից անկախ մասերի, ապա մշակում անվան տակ նախկին ծիսական մենապարերի տարրերից հավաքվեցին տարբեր համադրություններ:

Комментарии закрыты.