Войлоковаляние

Հայաստանում տարածված արհեստներից էր թաղիքագործությունը։
Ըստ ավանդության, երբ Նոյն իջավ Արարատին, տեսավ, որ տապանի հատակին ինչ-որ գործվածք է առաջացել, շոշափեց, տեսավ, որ բուրդը խոնավությունից սեղմվել է և առաջացել է թաղիք՝ առաջին կտորը: Սա մի վկայություն է, որը թաղիքի առաջացումը կապում է Հայկական լեռնաշխարհի հետ:
Ուշագրավ է, որ թաղիքն ամենանախնական գործվածքն է․ դրա համար ոչ մի գործիք պետք չէ, միայն ջուր և խոնավություն: Օճառը պարզապես հեշտացնում է գործը: Հնում, երբ թաղիք են գցել, օճառ չեն օգտագործել՝ միայն ջուր:

Արհեստի առաջացման հիմքում բուրդը թաղկելու կամ լմելու, այսինքն բրդի մանրաթելերի` իրաից կառչելու և ջրի ու հարվածների ազդեցությամբ իրար մեջ գործվելու, կուչ գալու, կծկվելու հատկությունն է, որի արդյունքում առաջանում է բավականին ամուր գործվածք` թաղիք։
Թաղիք բառից բացի հայերենի տարբեր բարբառներում գործածական են նաև կաճ կամ քեչա բառերը։

Թաղիքագործությունը Հայաստանում դուրս էր եկել տնայնագործության սահմաններից, և կային թաղիքագործների աշխատանոցներ, ուր աշխատում էին վարպետը, օգնականը և աշկերտները։ Թաղիքի հումքը տեղական էր։ Բրդի տեսակավորման ժամանակ ամեն տնտեսություն իր տան պահանջների համաձայն կատարում էր բրդի բաժանք՝ ընտրելով նաև թաղիքացու։ Թաղիքագործը հումքը հիմնականում ստանում էր փոխանակության կարգով, այսինքն ստանում էր բուրդը և տալիս պատրաստի թաղիքը։ Անկախ թաղիքի փոխանակության այս ձևից, թաղիքագործն իր միջոցներով պատրաստում էր յափնջի, այծենակաճ՝ հովվական անթև վերարկու, թամբի և փալանի համար անհրաժեշտ թաղիք, որոնք փոխանակվում էին զանազան սննդամթերքների հետ։ Յափնջու պատրաստությունն ավելի մեծ հմտություն և աշխատանք էր պահանջում․ դրա բուրդն ավելի լավ տեսակից էր լինում։ Թաղիքից պատրաստում էին նաև զարդանկարներով գորգեր, հագուստի տարբեր մասեր։

Թաղիք գցելը ծիսականացված արարողություն էր։ Այն համընդհանուր ուրախություն էր, կարևոր ոչ միայն տվյալ ընտանիքի, հարևանների, այլ նաև համայնքի համար։ Մասնակցում էին մանուկ և տարեց, նաև երիտասարդներ, որոնց գլխավոր պարտականությունը թաղիքը հարելն էր։ Կանայք ու աղջիկները տաք ջուր էին մատակարարում, կերակուր եփում և լմելու բուն արարողությանը նրանք չէին մասնակցում, որը համարյա 2 օր էր տևում՝ նվագով ու երգով, հեքիաթ պատմելով ու ասացողությամբ։ Թաղքադիրները (թաղիքագործ վարպետը նախկինում կոչվել է թաղքադիր՝ թաղիք դնող) նաև լավ պատմողներ էին, նրանցից շատերը էպոսի լավ գիտակներ էին։ Քանի որ թաղիքի համար բուրդը պետք է շատ լավ գզած լինի, հայտնի էին նաև բուրդ գզող շրջիկ արհեստավորները՝ գզրարները, որոնք հիմնականում տղամարդիկ էին, քանի որ այդ աշխատանքը մեծ ուժ էր պահանջում։

Այսօր Հայաստանում թաղիքագործության արհեստը մոռացությունից փրկելու և շարունակականությունն ապահովելու առումով կարևոր են «Կենաց տուն» մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությունները, այդ թվում իրականացված փառատոները ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում և Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում։