Փետրվարի 13-ին «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում և «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցում նշվել է Տյառնընդառաջը:
Տերունի այս տոնը հիշատակում է 40 օրական Հիսուսի ընծայումը Տաճարին։ Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցին Տյառնընդառաջը կամ 40 օրական Հիսուսի ընծայումը Տաճարին տոնում է Աստվածահայտնությունից 40 օր հետո։ Տոնի նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո նախատոնակ է կատարվում։ Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը։ Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով վառվում են խարույկներ՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ։
«Գառնի» արգելոց-թանգարանում միջոցառումը մեկնարկել է Գառնի համայնքի Սուրբ Խաչ եկեղեցուց: Մասնակիցները եկեղեցու կանթեղներից վերցված կրակով ու «Մասունք» ավանդական երգի-պարի համույթի կատարմամբ հնչող ազգային երգ-երաժշտության ուղեկցությամբ, շարժվել են դեպի արգելոց-թանգարան, որտեղ քրիստոնեական սուրբ Սիոն եկեղեցու ավերակների դիմաց /խոտածածկ հատվածում/ վառվել է Տյառընդառաջի խարույկը:
ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցում միջոցառումը մեկնարկել է նորապսակների օրհնության կարգով, որը կատարել է Հայ Առաքելական սուրբ եկեղեցու Գուգարաց թեմի Ստեփանավանի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Մամբրե քահանա Ոսկանյանը։