Forging
Դարբնությունը Հայաստանում տարածված արհեստ է եղել՝ թե՛ գյուղերում, թե՛ քաղաքներում։
Որպես քաղաքային արհեստ դարբնությունն իր լիարժեք արտահայտությունը ձեռք է բերել Գյումրիում և ծաղկուն շրջան ապրել 19-րդ դարում: Եթե գյուղերում միայն կենցաղային իրեր են պատրաստվել, ապա քաղաքում շատ ավելի լայն պահանջարկ է եղել. կիրառվել են տան արտաքին ձևավորման տարրեր՝ դռների, պատուհանների ճաղավանդակներ, բազրիքներ։
Այսօր առաջին հայացքից տեսանելի է Գյումրու դարբնոցային մշակութային ժառանգության առարկայական կողմը։ Սակայն, դարբնոցային մշակութային ժառանգությունը ներառում է նաև արհեստագործական հմտություններն ու տեխնիկատեխնոլոգիական գործընթացների ավանդական ձևերը, արհեստի ներսում
արհեստավորների փոխհարաբերությունները, արհեստը սերնդից սերունդ
փոխանցելու, աշակերտության և վարպետության ավանդույթները։
Դարբնությունը որպես մշակութային ժառանգություն արժևորելիս կարևորվում է այն հանգամանքը, որ զնդանը ծիսական վայր է համարվել: Զնդանը դարբնության ոչ միայն գլխավոր սարքավորումներից է, այլև՝ հիմնական խորհրդանշանը։ Հնուց զնդանի հետ կապված ավանդույթներ կան, որոնք այն կապում են ընդհուպ տիեզերական ծառի խորհրդանշանին, որի մոտ, ըստ առասպելական մտածողության, տեղի է ունենում արարչագործական առաջին գործողությունը։ Պատահական չէ, որ ըստ հին վարպետների վկայության, որպես զնդանի կոճղ գործածել են այն ծառատեսակները, որոնց կայծակը հաճախ է խփել։ Ըստ ավանդույթի, կայծակ խփած ծառը համարվել է մաքրագործված, քանի որ կայծակի միջոցով ոչնչացվել է նրա մոտ ապրող աշխարհակործան վիշապը։
Դարբնության մեջ երկարատև գործընթաց էր աշակերտությունը։ Հայաստանում վարպետներն աշակերտության էին վերցնում սեփական տղաներին կամ
ազգակիցներից որևէ մեկին, որպեսզի արհեստը մնար ընտանիքի ներսում։ Արհեստի ժառանգորդության դրդապատճառներից մեկն էլ վարպետների հանդեպ համայնքում առկա հարգանքն ու պատիվն էր, ինչը ոչ պակաս կարևոր էր համարվում, որ կապված մնար տվյալ ընտանիքի անվան հետ։ Սակայն, քիչ չէին լինում դեպքերը, երբ աշակերտության էին վերցնում ընտանիքից դուրս որևէ մեկին։
Համքարության կարգով, աշակերտության վերցված ցանկացածի հանդեպ վարպետը երդման արարողակարգ էր անցնում, որտեղ երդվում էր աշակերտին մոտենալ սեփական որդու պես և սովորեցնել նրան արհեստի բոլոր հմտությունները։ Որոշ դեպքերում, աշակերտը տարիներ շարունակ մնում էր վարպետի օգնականի դերում։ Սկզբնական շրջանում աշակերտի հիմնական գործը լինում էր փուքս փչելը, որն անհրաժեշտ էր կրակարանի կրակը վառելու ու թեժ պահելու համար, արհեստանոցում առօրյա ու կենցաղային բնույթի աշխատանքները։ Երկար ժամանակ նրան թույլ չէր տրվում մոտենալ զնդանին կամ մուրճով աշխատանք անել։
Այդ ժամանակաշրջանում վարպետները ստուգում էին աշակերտի անձնական հատկանիշները, որպեսզի հասկանային, թե արդյոք նա ունի դարբին դառնալու անհրաժեշտ տվյալներ։ Կարևորվում էին հատկապես աշակերտի ուշիմության, դիտողականության, հանձնարարությունները կատարելու ընդունակության և այլ որակներ։ Լինում էին դեպքեր, որ աշակերտն իր ողջ կյանքի ընթացքում այդպես էլ վարպետի կորչման չէր արժանանում և մնում էր դարբնոցում՝ որպես բանվոր։ Աշակերտության շրջանը հաջող ավարտածները սկզբում ստանում էին ենթավարպետի կոչում, իսկ երբ արդեն լիովին տիրապետում էին արհեստի հմտություններին, հատուկ արարողակարգով օծվում էին վարպետ։
Վարպետ օծելն ուղեկցվում էր ծիսական արարողություններով, նվիրատվություններով ու երդմնակալությամբ, երբ աշակերտը հայտնում էր իր հավատարմությունը արհեստի կողմից սահմանված չափանիշների, ինչպես նաև մարդկային բարձր որակների պահպանման հետ կապված։ Օծվողը պարտավորվում էր նաև հարգանքով մոտենալ իրենից ավագ վարպետներին, պահպանել պատվի ու արժանապատվության բոլոր նորմերը։ Արարողությունը, որպես կանոն, ավարտվում էր նվիրատվություններով և խնջույքով։ Դարբնոցային մշակութային ժառանգությունը ներկայացնող և մեր օրերում դեռևս պահանված տեխնիկատեխնոլոգիական հմտությունների կիրառումը
Գյումրիում կարելի է հանդիպել Պապոյանների և Մնոյանների ընտանեկան դարբնոցներում։ Այս երկու ժառանգական դարբինների ներկայիս սերունդները՝ Պապոյան Գարիկը և Մնոյան Հովհաննես կրտսերը տիրապետում են արհեստի տեխնիկատեխնոլոգիական շղթան կազմող բոլոր հնարքներին։ Նման դարբինների շարքում է Մարտիրոսյան Գագիկը, ով իր հիմնադրած «Եռանկյունի» համալիրում վերականգնել է ավանդական դարբնոցին բնորոշ մի շարք տարրեր և սարքավորումներ։