Khachkar making
Խաչքարագործությունը հայ ժողովրդական արվեստի յուրահատուկ դրսևորումներից է, որը հիմնված է հնագույն ավանդույթների վրա, անցել է զարգացման երկար ճանապարհ և այսօր էլ չի կորցրել իր արդիականությունը: Խաչքարագործության ակունքները գնում են մինչև Հայաստանում վաղ քրիստոնեական շրջան: Այն իր զարգացումն է ապրել 9-10-րդ դարերում և իր գագաթնակետին հասել 12-18-րդ դարերում:
Խաչքարը աշխարհի կողմերի հանդեպ հստակ կողմնորոշումով բացօթյա կանգնած ուղղաձիգ տափակ մի սալ է, որի արևմտահայաց լայն կողը զբաղեցնում է բուսական-երկրաչափական, կենդանիների ու թռչունների, երբեմն էլ մարդկանց քանդակներով ուղեկցվող քանդակազարդ խաչը: Խաչքարը հայ մշակույթի ինքնատիպ զարգացման արգասիքն ու ցուցիչն է, հայ ինքնության ամենաբնութագրական խորհրդանշաններից մեկը: Իր զարմանահրաշ քանդակներով, խաչի փրկագործական խորհրդաբանությամբ և քարի հավերժություն ներշնչող մշտականությամբ այն եղել է հայ ժողովրդի ամենաակնածելի, իսկ բազմաքանակությամբ և բացօթյա տեղադրությամբ` նաև ամենամատչելի սրբություններից մեկը: Ավելի քան հազարամյա ճանապարհ անցնելով` այն նաև արդիական մշակութային դրսևորում է, քանի որ այսօր էլ Հայաստանում կերտվում են հարյուրավոր խաչքարեր:
Խաչքարի կերտման գործընթացն սկսվում էր քարատեսակի (հանքի) և սալաբեկորի ընտրությունից: Օգտագործվում էր տեղական հումքը, առաջնությունը տրվում էր դեղնա-կարմրավուն տուֆերին: Կարևորվում էր ապագա կոթողի չափերը: Խաչասալը նախ բերվում էր որոշակի կանոնավոր տեսքի, սրբատաշվում ու հղկվում էին ապագա քանդակի մակերեսն ու նեղ կողերը: Թիկունքը, եթե չէր նախատեսվում արձանագրության համար, միայն տաշում էին: Հղկված մակերևույթի վրա սկզբում ուրվագծվում էին ապագա հորինվածքի բաղկացուցիչները: Բազմապրոֆիլ ու համամասն երկրաչափական քանդակի ստեղծումը ենթադրում էր քանոնի և կարկինի օգնությամբ ճշգրիտ չափումներ: Կիրառվում էին նաև զանազան կաղապար-ձևահիմքեր (տրաֆարետներ): Միաժամանակ տարածում ուներ և առանց ուրվագծելու, միանգամից փորագրելը:
Փորագրությունն իրագործվում էր տարբեր չափերի մետաղական հատիչների, դրոշմիչների, սրածայր գրիչների, մուրճերի օգնությամբ: Քանդակի հիմնական տեխնիկան երկկողմանի հատումն էր:
Գոյություն է ունեցել խաչքարը կանգնեցնելու եկեղեցական հատուկ ծես, որը հանգել է խաչքարի օրհնությանը և օծմանը։ Հատկապես ուշագրավ է գինով օծումը. խաչքարի դեպքում, որի հորինվածքի համարյա պարտադիր տարրերից էին խաղողի ողկույզները կամ նուռը, այն ընկալվում էր որպես աստվածային արյունով օծում: Խաչքարային բազմաթիվ արձանագրություններ խաչքարը ներկայացնում են հենց որպես աստվածային արյամբ օծված:
Խաչքարագործության վարպետության համալիր գիտելիքները և հմտությունները ներառում են ոչ միայն տեխնիկական գործողությունների հաջորդականության մասին ավանդական փորձն ու գիտելիքը, այլև խաչքարի զարդանախշերի ու խորհրդանշանների, ինչպես նաև խաչքարի՝ որպես սրբազան հատկություններով օժտված պաշտամունքային օբյեկտի բովանդակության իմացությունը: Խաչքարի վրա փորագրված ամեն մի խորհրդանիշ ունի իր նշանակությունը, որի փոխանցումը վարպետից աշակերտին խաչքարագործության մշակութային կոդի պահպանման ու վերարտադրության հիմքն է:
Այսօր խաչքարագործությունը զարգանում է մեծ ծավալներով․ ստեղծվում են ամենատարբեր հորինվածքներով խաչքարեր և տեղադրվում ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում, որտեղ հայեր են ապրում:
«Հայկական խաչքարի արվեստը. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը» 2010 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության» ցանկում: