Pottery

Խեցեգործությունը Հայաստանում հայտնի է հնագույն ժամանակներից։

Հայաստանի տնայնագործական խեցեգործության մեջ կիրառվել է տեխնիկայի երեք տիպ՝ ձեռքով ծեփելու տեխնիկան, ձեռքի դուրգով ամանեղեն պատրաստելու տեխնիկան և ոտքի դուրգով պատրաստելու տեխնիկան։ Ամենավաղագույնը ձեռքով ծեփելու տեխնիկան է, որի դեպքում ամանը ձևավորվում է գլանված կավի երկար շերտերից, որոնք շարվում են միմյանց վրա և ձեռքով հարթեցվում։ Այդ եղանակով պատրաստված ամանեղենը Հայաստանում հայտնի է դեռևս էնեոլիթյան բնակավայրերից։ Խեցեգործության հիմնական նյութ հանդիսացող կավը սովորաբար ձեռք էին բերում բնակավայրին մերձ լեռան ստորոտից կամ գետահովիտներից: Հայաստանի տնայնագործական խեցեգործության մեջ օգտագործել են բարձրորակ կավի մի քանի տեսակ՝ սպիտակ հող դեղնավուն երանգով, կարմիր հող, և ամենից շատ տարածված սև հողը՝ մուգ գորշագույն-կապտերանգ կավը։

Հայկական կավի բարձրորակ տեսակները հնուց հայտնի են եղել Հայաստանի սահմաններից էլ դուրս։ XII դարի արաբ աշխարհագիր Իդրիսին պատմում. Է, որ Հայաստանի լճերից մեկի ափին հանվել Է կավի մի տեսակ, որից ջրի կժեր են սարքել։ Այդ գեղակերտ կավե սափորները Հայաստանից ուղարկվել են Իրաք, Սիրիա և Եգիպտոս, ուր վաճառվել են բարձր գներով։ Մահմեդական աշխարհում բարձր Է գնահատվել «Հայկավ» հայկական կավի տեսակը։

Օգտագործելուց առաջ կավը ենթարկվում էր ջանադիր մշակման։ Սկզբում կավը մանրում-աղում էին, մաղում մանրանցք մաղով։ Հիմնական կավին ավելացնում էին սնուցիչ գետավազ։ Ավելի ուշ ժամանակներում Հայաստանի տնայնագործական խեցեգործության մեջ, որպես կապակցող նյութ, երբեմն օգտագործել են մազ կամ բուրդ։ Ոչ բավականաչափ առաձգական կավերն օգտագործելուց առաջ ցրտեցման միջոցով մաքրվում էին հնարավոր ոչ պիտանի խառնուրդներից։ Կավի հետագա մշակումը այն ջրով շաղախելն է՝ առաձգական զանգված ստանալու համար։ Շաղախված կավը դնում էին շենքի մի անկյունում փռած ոչխարենու վրա և սկսում հունցել՝ սկզբում ձեռքերով, հետո ոտքերով։ Այս գործողությունը շարունակվում էր երեք-չորս օր՝ օրր մեկ ժամ։ Չորրորդ օրը ծածկում էին մորթիով և թողնում, որ հասունանա։

Հասունանալուց հետո կավի զանգվածը լիովին պատրաստ էր լինում կաղապարման։ Ամանների կաղապարումը կատարվում էր ձեռքով՝ օղակաձև ծեփման տեխնիկայով։ Թոնիրների, ինչպես նաև մեծ ամանների պատրաստումը տևում էր մի քանի օր: Ծեփումից հետո պատրաստի ամանի մակերեսը ենթարկվում էր մշակման։ Այն քերիչով նախ հղկում էին՝ հարթեցնելով կարերն ու անհարթությունները, ապա թաց ձեռքով ու լաթով մի քանի անգամ ողորկում: Պնդացած, բայց դեռ չչորացած ամանը հաճախ կոկում էին քարե կոկիչով, որի շնորհիվ թրծումից հետո ամանի մակերեսը ստանում էր հաճելի փայլատ երանգ և ավելի էր կարծրանում։ Ամանի կոկումը հարդարման շատ հին եղանակ է, ինչի մասին վկայում է Հայաստանի հին խեցեղենի հարուստ նյութը։ Ձեոքով պատրաստված ամանները Հայաստանի գյուղերում թրծում էին թոնիրներում։

Հայ ժողովրդի կենցաղում մեծ տարածում ունեցող կավե ուշագրավ նմուշներից են կանացիակերպ աղամանները, որոնք բացի գեղագիտական նշանակությունից, նաև որոշակի հավատալիքների արտացոլում են ներկայացնում։

Չնայած խեցեղենի պատրաստման ավանդական բնույթին, 10-13-րդ դարերում այն ապրել է որոշակի զարգացում՝ մնալով արհեստագործության հիմնական ճյուղերից մեկը։ Այդ շրջանում խոշոր առևտրաարհեստավորական կենտրոններ էին Դվինը և Անին։ Միջնադարյան բազմագույն ջնարակած խեցեղենի նախնական ձևերը ներկայացված են հիմնականում ոչ խորը պնակներով, թասերով և այլ տիպի անոթներով։ Նկարազարդումը կատարվել է հիմնականում երեք գույնով՝ մուգ դարչնագույն, վառ դեղնավուն և կանաչ։ Փորագրության, գծագրության և այլ միջոցներով նկարազարդվող կավամանների վրա պատկերվում էին կենդանիներ, թռչուններ, բուսական և երկրաչափական զարդանախշեր։
Խեցեգործության արվեստն այսօր էլ մեծ զարգացում է ապրում Հայաստանում՝ միևնույն ժամանակ պահպանելով նաև որոշ ավանդական զարդաձևեր և մոտեցումներ։