Wood Аrt
Փայտարվեստը սերտորեն շաղկապված է հայ ժողովրդի կենցաղին, նրա ապրելակերպին։
Փայտից էին ստեղծվում ափսեն, գդալն ու գդալնոցը, մահճակալն ու երեխայի օրորոցը, եկեղեցու դուռը, գահն ու գավազանը, մոմակալը, գրակալը, դաջի/դրոշմի կաղապարն ու պաշտպանիչ հմայիլ-դաղդղանը, կուժն ու սկահակը, թռչնակերպ աղամանն ու գաթանախշիչը, պատշգամբի ձևավորված հատվածը։ Հղկված փայտե տախտակը հատուկ մշակվում էր նկարի կամ սրբապատկերի համար, նաև դառնում էր ձեռագրի կազմ։ Փայտը, միևնույն ժամանակ, գործիք էր, գործիքի անհրաժեշտ մաս, որով մշակվում, հղկվում, գեղարվեստական ձևավորում էր ստանում մեկ այլ փայտի հատված։
Հայաստանի փայտանյութի հարուստ տեսականին՝ կաղնուց, հաճարենուց, լորենուց, ծիրանենուց, դեղձենուց, ընկուզենուց, թեղուց ստացվող հումքը անգնահատելի նյութ է դարձել ժողովրդական վարպետների համար։
Հայաստանի փայտը դուրս էր գալիս միջազգային շուկա, դրանից կահույք էին պատրաստում։
Հայկական փայտե նմուշների հարստությունից բեկորներ են պահպանվել։ Դա պայմանավորված է ոչ միայն նյութի շուտ կոտրվելու, օդի և միջատների ազդեցությամբ ոչնչանալու հատկությամբ, այլև հասարակական-քաղաքական պայմաններով։
Հայաստանի տարածքում փայտի գեղարվեստական փորագրության մշակույթը եղել է դեռևս Վանի թագավորության (Ուրարտու) ժամանակ։ Հայաստանի հեթանոսական տաճարներում գոյություն են ունեցել փայտե քանդակներ։ Միջնադարից պահպանվել են փայտի գեղարվեստական փորագրության հայկական բացառիկ օրինակներ՝ հիմնականում եկեղեցիների դռներ, սյուների խոյակներ, գրակալներ։ Իսկ կենցաղային իրերը պահպանվել են 18-րդ դարից։
Հայաստանում փայտի գեղարվեստական մշակման մեջ իր ուրույն տեղն է գրավում դաջերի պատրաստումը։ Դաջը (դրոշմ, կաղապար) պատրաստվում էր փայտի ամուր տեսակներից՝ սամշիտ, ընկուզենի, ծիրանենի, տանձենի և այլն։ Դաջի փորագրությունից էր կախված դաջազարդության որակը․ որքան մաքուր էին փորագրված նախշերը, ամեն մի գիծը, կետը, այնքան լավ էին գործվածքի վրա ստացվում պատկերները։
Փայտի գեղարվեստական մշակմամբ ստեղծված հայկական շատ նմուշներ ժառանգաբար անցել են սերնդից սերունդ, օրինակ՝ քանդակազարդ գդալները, գործիքամանները, հավանգները /համեմունք տրորելու աման/ ու գուլպայի կաղապարները /նախատեսված էին լվացված գուլպաները կոկիկ, առանց ձևախախտման չորացնելու համար/։
Հայկական ժողովրդական մշակույթում առանձնահատուկ տեղ ունեն փայտե «դաղդղանները», որոնք թալիսմանի նշանակություն ունեին, այսինքն պետք է պաշտպանեին չար ոգիներից, չար աչքից։ Դրանք շատ լայն կիրառություն են ունեցել հայ ժողովրդի կյանքում: Դաղդղան պատրաստելու ժամանակ ժողովրդական վարպետի միտքը պետք է անպայման անաղարտ լիներ, առանց բացասական հույզերի, անհրաժեշտ էր ամբողջությամբ կենտրոնանալ դաղդղանի ստեղծման ընթացքի վրա։ Տան համար կիրառվող մեծ դաղդղանները հիմնականում կախում էին մուտքի մոտ կամ ներսում՝ կենտրոնական սյան վրա: Դաղդղաններ պատրաստում էին նաև մարդկանց համար, կախում էին նորածինների օրորոցներից ու դաստակից, ամրացնում նրա գլխաշորին կամ բարձին: Տարածված էր գյուղացու տնտեսության մեջ կարևոր տեղ գրավող խոշոր եղջերավոր անասունների վզից կամ պոզից դաղդղան կախելը: Դաղդղանը կիրառվել է նաև կահույքի, կուժերի ու կճուճների վրա: Դաղդղան պատրաստելիս սովորաբար սրբազան համարվող ծառերի փայտանյութ էին օգտագործում՝ ընկուզենու, կաղնու, բայց նաև՝ հաճարենու, պտղատու տարբեր ծառերի: Ըստ ձևի դաղդղանները լինում են հիմնականում լուսնաձև, խոյակերպ, ինչպես նաև եռանկյունաձև, երկարավուն (կախվում էին ուլունքաշարով և օգտագործվում այն դեպքում, երբ երեխա չէին ունենում), իսկ նորածինների համար նախատեսված դաղդղանները փոքր են՝ գլանաձև, խորանարդաձև կամ տափակ քառակուսի: Դաղդղանների վրա փորագրված նախշերը հիմնականում արևի, հավերժության, ջրի խորհրդանշաններ են: Տարածված են հավերժության նախշը, վեցից մինչև ութ թևանի վարդյակները, կեռխաչը, տերևներն ու եռանկյունները, երբեմն նաև խաչերը:
Փայտի գեղարվեստական փորագրության ամենակարևոր առանձնահատկություններից է ժողովրդական հենքը, իրի կիրառական նշանակությամբ պայմանավորված գեղարվեստական ձևավորումը։ Կարևոր է այդ իրերի մշակման, նրանց ձևերի, զարդանախշերի ավանդական ընկալումը, ինչը հաջորդաբար անցնում էր սերնդից սերունդ, վարպետից վարպետ, իրից իր։