Традиция празднования годовщины самообороны Муса-Дага

հոդված.

Տոնակատարությունն ունի մի քանի անվանումներ` Մուսալեռի օր, Սուրբ Խաչի օր, Մուսալեռի հաղթանակի օր, Մուսալեռցիների տոն:
Մուսալեռան ինքնապաշտպանական մարտերն սկսվել են 1915 թ. օգոստոսի 7-ին։
Մուսա լեռան հերոսամարտին անդրադարձեր են եղել պատմական երկերում, իսկ ամենահայտնին Ֆ. Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպն է։
Մուսա լեռան տոնակատարությունն առաջին անգամ նշվել է 1916 թ. Պորտ Սայիդի Հայ բարեգործական Ընդհանուր Միության Սիսուան վարժարանում, որի ընթացքում հիշատակվել են ինքնապաշտպանական մարտերի ընթացքում ընկած 18 զոհերը եւ մարտի հաղթանակը։ Հետագայում, տոնի ընթացքում Հայաստանում եւ արտերկրում պատրաստվող հարիսան համարվում է 18 զոհերի հոգու հանգստության մատաղ։
Տոնի գլխավոր խորհրդանիշը Մուսալեռան հերոսամարտը հավերժացնող հուշարձաններն են։ Առաջին հուշարձանը կառուցվել է Մուսալեռան Դամլաճըք բարձունքի վրա եւ խորհրդանշում է ֆրանսիական նավերի միջոցով իրականացված փրկությունը։
1976 թ. Հայաստանի Մուսալեռ համայնքում, բլրի վրա կառուցվեց տուֆակերտ հուշարձան-թանգարանը /ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան/։
1995 թ. Լիբանանի Այնճար համայնքում կառուցվեց հերոսամարտը հավերժացնող երրորդ հուշարձանը /ճարտարապետ՝ Ռոմիկ Ջուլհակյան/։
ՀՀ Մուսա լեռան հերոսամարտի հուշարձանն արծվի տեսք ունի, որը հսկում է Մուսալեռի բարձունքը, իսկ ճակատային մասում պատկերված է Կիլիկիայի Մուսա լեռան տարածքում կառուցված հուշարձանի փորագրությունը։ Թանգարանը բաղկացած է երկու հատվածից, որոնցից առաջինը հերոսամարտի մասին պատմող ցուցադրություն ունի, իսկ երկրորդում հիմնականում ցուցադրվում են 19-րդ դարի Կիլիկիայի մուսալեռցիների կենցաղն ու սովորույթները, տարազն ու տնտեսական զբաղմունքները: Թանգարանի դիմաց գտնվում է «հերիսատունը», որը կառուցվել է հարիսա պատրաստելու եւ բաժանելու համար։
1960-1970 թթ. մի խումբ մուսալեռցիների խնդրանքով Գինեւետ գյուղը վերանվանվել է Մուսալեռ։
Սկզբնական շրջանում տոնակատարությունը կազմակերպվում էր գյուղամերձ այգիներում: 1978 թ. հուշարձանի բացումից հետո այն ավանդաբար կազմակերպվում է հուշարձանամերձ տարածքում: Տոնը կազմակերպում է «Մուսալեռ հայրենակցական միությունը», մասնակցում են ոչ միայն մուսալեռցիներ, այլեւ ՀՀ տարբեր համայնքների բնակիչներ: Տոնը 2 օր է տեւում: Այն նշում են նաեւ արտերկրում բնակվող մուսալեռցիները (Եգիպտոս, Լիբանան, Թուրքիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա):
Մուսա լեռան տոնակատարությունը սկսվում է Սուրբ Խաչի կիրակի օրվան նախորդող շաբաթ օրը, երբ կաթսաները լցվում են հաճարով ու մսով եւ դրվում կրակին: Այդ նպատակով Մուսալեռ հայրենակցական միությունն աշխատանքային խումբ է ձեւավորում։ Մուսալեռան հարիսան պատրաստում են միայն տղամարդիկ, որի ընթացքում ազգային ազատագրական բնույթի երգեր են երգում, հատկապես մուսալեռցիների «Հելե հելե հելե նիննո» երգը, որը նաեւ ընդունված է համարել մուսալեռան հարիսայի պատրաստման երգ։
Այդ արարողությունից բացի, մեծ խարույկ է վառվում, որի շուրջ սկսում են պարել եւ «դահոլ զուռնա» զարկել «գոս» կոչվող հարվածային գործիքով, որը հնչել է նաեւ Մուսա լեռան գագաթին՝ հերոսամարտերի օրերին:
Շաբաթ երեկո ողջ գիշեր երգ ու երաժշտություն է հնչում, պարում են մուսալեռցիների «Չալմը դանկը» դանակներով պարը: Տարածված է նաեւ մուսալեռան շուրջպարը։
Ինչպես Պորտ Սայիդում եւ Այնճարի առաջին տարիներին, այստեղ եւս տոնակատարության ընթացքում վրաններ են խփում Մուսալեռան հուշարձանի շուրջը եւ գիշերում։ Հաջորդ առավոտյան հարիսան օրհնելուց հետո, լցնում են ամանները եւ բաժանում։ Այն ընտանիքները, որոնք տանը հարիսա են եփած լինում, օրհնված հարիսայից տանում են տուն եւ լցնում իրենց պատրաստած հարիսայի մեջ։

Комментарии закрыты.