Հայկական գորգերի և զարդանախշերի մոտիվներով զգեստների ցուցադրություն՝ Վարշավայի Թագավորական ամրոց-թանգարանում․
Ս. թ. սեպտեմբերի 14-ին, Վարշավայի Թագավորական ամրոց-թանգարանի Արցախյան գորգերի ցուցասրահում տեղի է ունեցել հագուստի մոդելավորող Լիլիթ Մելիքյանի հեղինակած հայկական գորգերի և զարդանախշերի մոտիվներով զգեստների ցուցադրությունը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին:
Ցուցադրությունը կազմակերպվել է Լեհաստանում ՀՀ դեսպանության և Վարշավայի Թագավորական ամրոց-թանգարանի համատեղ ջանքերով, ինչպես նաև Լյուբլինի սննդի եվրոպական փառատոնի տնօրինության աջակցությամբ: Ցուցադրությանը ներկա էին Լեհաստանում հավատարմագրված դեսպանների կանանց ասոցիացիայի անդամները, դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր:
Հայկական գորգագործության ավանդույթների, զարդանախշերի և գորգերի պատրաստման առանձնահատկությունների մասին դասախոսությամբ հանդես է եկել Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի ամբիոնի վարիչ Անուշ Եղիազարյանը:
Միջոցառումն ուղեկցվել է հայկական ժողովրդական երգ ու պարով։