Վիպական

Hayk_defeats_Bel_-_Juliano_ZassoՎիպական բանահյուսությունը կառուցվածքային երկու դրսևորմամբ է հանդես գալիս` սյուժետային` ծավալուն կառուցվածքով և անսյուժե` ասույթաբանական-բանաձևային կառուցվածքով:
Սյուժետային կառուցվածքով վիպական բանահյուսության մեջ մտնում են հետևյալ ժանրերը` առասպելը, վիպական զրույցը, ժողովրդական վեպը, վիպերգը, հեքիաթը, առակը, ավանդությունը, կենցաղային ու սնահավատական զրույցը, մասամբ նաև` երգիծական մանրապատումը և այլն:
Առասպելները աստվածներին նվիրված ժողովրդական պատումներ են կա՛մ առասպելաբանական երգի տեսքով (Վահագնի առասպելը), կա՛մ առասպելաբանական զրույցի տեսքով` նվիրված բնության առարկաներին ու երևույթներին (երկնային լուսատուներ, բույսեր, կենդանիներ և այլն):
Վիպական զրույցներում կա՛մ աստվածացած հերոսներն են` հնագույն աստվածներին նվիրված պատումներով (Արա Գեղեցիկ, Շամիրամ, Տորք Անգեղ), կա՛մ հայոց նախնիներն են` աստվածացված այդ նախնիներին` ցեղային աստվածներին նվիրված հորինվածքներով (Հայկ, Արամ):
Ժողովրդական վեպին բնորոշ հատկանիշներն են պատմականությունը, հերոսականությունը` հայրենիքի, հայրենի տան, բնօրրանի համար պայքարը օտար զավթիչների դեմ, պետության, պետականության պահպանման կամ կորցրած պետականությունը վերականգնելու ձգտումը:
□Վիպասանքը□ առասպելաբանական մեր առաջին վաղնջական վեպն է` իր Տիգրան Երվանդյան և Տիգրան Մեծ, Սանատրուկ, Երվանդ, Արտաշես, Արտավազդ, Աժդահակ, Արգավան` աստվածային հատկանիշներով օժտված պատմական հերոսներով: Վիպասանքի հիմքում ընկած են Երվանդյան և Արտաշեսյան հարստությունների օրոք տեղի ունեցած պատմական իրադարձությունները:
Հայոց հին ավանդական երկրորդ վեպի`«Պարսից պատերազմի□ հիմքում հայ ժողովրդի մղած երկարատև պատերազմն է Սասանյան Պարսկաստանի դեմ` Արշակունյաց Խոսրով, Տրդատ Մեծ, Խոսրով Կոտակ, Տիրան, Արշակ, Պապ, Վարազդատ թագավորներով և Մամիկոնյաց սպարապետներով` Վաչե, Վասակ, Մուշեղ, Մանվել:
Հայոց հին ավանդական երրորդ վեպի`«Տարոնի պատերազմի□ հիմքում 5-6-րդ դարերի Տարոն աշխարհի ազատության և անկախության համար պայքարն է Մամիկոնյաց իշխանների` Մուշեղի, Գայլ Վահանի, Սմբատի, Վահան Կամսարականի, Տիրանի գլխավորությամբ:
Մեր մյուս ժողովրդական վեպը` «Սասնա ծռեր» դյուցազներգությունը, օտար զավթիչների դեմ մղած դարավոր պայքարն արտացոլող հերոսական մի ասք է` բաղկացած չորս ճյուղերից`«Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր»,«Սասունցի Դավիթ», «Փոքր Մհեր»: Ի տարբերություն մեր նախորդ ժողովրդական վեպերի (դրանցից մեզ հասել են սոսկ պատառիկներ)` «Սասնա ծռերը» ամբողջական, կուռ կառուցվածքով, շուրջ 150 ասացողներից գրառած եզակի մի հուշարձան է` մեր հոգևոր մշակույթի դրոշակակիրը:
Վիպական երգը կամ վիպերգը ևս ժողովրդական վեպի տարրեր է պարունակում: Այստեղ ևս առկա է թե՛ պատմականը, թե՛ հերոսականը: Սակայն ի տարբերություն «Վիպասանքի», ավանդական մեր երկրորդ և երրորդ վեպերի ու «Սասնա ծռեր»` պատմավիպական երգերում այդ պատմականը և հերոսականը ներկայացվում են մեկ դրվագով: Մեզ հասած պատմական հանրահայտ վիպերգերից բացի («Նարեկացի», «Լևոնի երգը» ,«Մոկաց Միրզա»,«Կարոս խաչ» «Ասլան աղա»), ուշ ժամանակներում ևս ստեղծվել են պատմական այս կամ այն դեպքերին ու անձանց մասին երգեր, որոնք նվիրված են ինչպես ռուս-թուրքական և ռուս-պարսկական պատերազմների հերոսներին, այնպես էլ ազգային ազատագրական շարժման նվիրյալ ֆիդայիներին (Արաբո, Գևորգ Չաուշ, Աղբյուր Սերոբ, Անդրանիկ, Սևքարեցի Սաքո և այլք):
Հեքիաթը վիպական բանահյուսության հնագույն տեսակներից է: Այն նպատակադրված ֆանտաստիկ հնարանք է, ուր գեղարվեստորեն արտացոլվել են ժողովրդի պատկերացումները կյանքի, մարդկային հարաբերությունների, բնության և հասարակական կյանքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, և այդ ամենը` չարի ու բարու պայքարը մարմնավորող հերոսների միջոցով: Ի դեպ, այդ պայքարը միշտ էլ ավարտվում է բարու հաղթանակով, քանզի բարին մարմնավորող հերոսը ժողովրդի նվիրական երազների, նրա իդեալների կրողն է:
Հեքիաթները լինում են հրաշապատում, կենդանական և իրապատում:
Հրաշապատում հեքիաթը ստեղծվել է վաղնջական ժամանակներում, գործող անձինք և նրանց գործողությունները հրաշապատումային բնույթի են` թռչող գորգ, մութ ու լույս աշխարհ, յոթգլխանի դև, անմահական ջուր ու խնձոր և այլն:
Կենդանական հեքիաթները ևս հրաշապատումային բնույթի են: Դրանք մարդկության վաղ մանկության շրջանի արգասիք են, իսկ գործող անձինք գերազանցապես կենդանիներն են:
Իրապատում հեքիաթները առավել ուշ շրջանի արդյունք են, գործող անձինք մարդիկ են, իսկ նրանց արարքները` իրականին մոտ:
Առակները բարոյախրատական, խոհափիլիսոփայական վիպական բանահյուսական ստեղծագործություններ են, որոնց մեջ կենդանիների, թռչունների, բույսերի և զանազան առարկաների հարաբերությունների միջոցով երգիծանքով և այլաբանորեն վեր են հանվում, ցուցադրվում մարդկային թերությունները: Առակը երկու մասից է բաղկացած` բովանդակությունից և ընդհանուր եզրակացությունից` բարոյախոսությունից:
Ըստ կերպարային արտահայտության` առակները բաժանվում են հետևյալ խմբերի. կենդանական, բուսական, մարդկային, այլ առարկաներ ներկայացնող կերպարներ:
Ավանդությունները վիպական բանահյուսության այնպիսի պատումներ են, որոնք նպատակ ունեն համապատասխան աշխարհագրական, պատմական, վարքաբանական, կենցաղային, կրոնական և այլ կարգի տեղեկություններ ու գիտելիքներ հաղորդել, և ի տարբերություն բանահյուսական այլ տեսակների` ստեղծվում ու ապրում են հիմնականում այն միջավայրում, որոնց առնչվում են դրանք:
Ավանդությունները բաժանվում են հետևյալ խմբերի.
Ստուգաբանական. սրանք ժողովրդական ստուգաբանություններ են տեղանունների, անձնանունների, առարկաների անունների վերաբերյալ(ինչու է լիճը կոչվում Փարվանա, սարը` Մասիս, գյուղը` Մալիշկա, քարը` աղջիկ-տղի, տոհմը` Մամիկոնյան և այլն):
Բացատրական. բացատրվում են երկրի, երկնքի և երկնային լուսատուների ծագումը, լեռների, ձորերի, լճերի, գետերի, աղբյուրների առաջացումը, բույսերի ու կենդանիների օգտակար և վնասակար հատկությունները, մարդու հետ ունեցած նրանց փոխհարաբերությունները:
Վարքաբանական. սրանք կենսագրական տեղեկություններ են տալիս պատմական անձնավորությունների (Մաշտոց, Նարեկացի, Թումանյան, Անդրանիկ, Մակեդոնացի, Լենկ Թեմուր և այլք) վերաբերյալ:
Ժողովրդական զրույցը վիպական բանահյուսության տարածված տեսակներից է: Զրույցները ոչ մեծ ծավալի պատումներ են, որտեղ ժողովրդական համով-հոտով պատմելաոճով ներկայացվում են կա՛մ ժողովրդի սնահավատական պատկերացումները, կա՛մ էլ պատմական ու կենցաղային անցուդարձերը:
Երգիծական մանրապատումները վիպական բանահյուսության մերօրյա ամենատարածված ու կենսունակ ժանրերից է` նորավեպային (նովելային) անսպասելի ավարտով: Երգիծական մանրապատումները մարդկային կյանքի բոլոր բնագավառներին արձագանքող ժողովրդական ստեղծագործություններից են, որոնք կառուցվածքային երկու դրսևորմամբ են հանդես գալիս`
ա) սյուժետային կառուցվածքով. դրանք անեկդոտ-զվարճապատումներն են, որոնց ծիծաղի մեխը պատումի անսպասելի վերջաբանն է` ինչ-որ տեղ նման նովելաշարերին:
բ) անսյուժե` 1-2 նախադասությամբ կառուցված. նմանատիպ կառույցները երկխոսական զվարճախոսություններն են և զվարճալի արտահայտությունները, որոնց մեջ հարցին հետևող անսպասելի պատասխանն է, երբեմն էլ` անսպասելի խոսքային կառուցվածքը` կա՛մ հարցուպատասխանի տեսքով (այս կառուցվածքը ինչ-որ տեղ հիշեցնում է հանրահայտ □Հայկական ռադիոյի□ անեկդոտաշարը), կա՛մ էլ սովորական արտահայտությամբ:
Ասույթաբանական-բանաձևային կառույցները վիպակամ բանահյուսության անսյուժե ստեղծագործություններից են, որոնք կա՛մ ժողովրդի բանավոր խոսքում կիրառվող ցանկության պատկերավոր խոսքեր են (փաղաքշանքի, սպառնալիքի, հայհոյանքի), երբեմն` հմայական բանաձևերով (անեծք, օրհնանք, մաղթանք, երդում, հմայական աղոթք), կա՛մ ժողովրդի դարավոր կենսափորձի խտացումներ` խոհախրատական ուղղվածությամբ (առած-ասացվածք), կա՛մ էլ մարդկանց ունակությունների բացահայտման, նրանց ժամանցի ու զվարճանքի ինքնատիպ բանաձևումներ (հանելուկ, շուտասելուկ, բառախաղ և այլն):
Ժողովրդական ասույթաբանության մեջ առանջին խումբ են կազմում հմայական բանաձևերը.
Անեծքները խոսքի հմայական զորությամբ մարդու և նրան շրջապատող առարկաների ու երևույթների վրա բացասաբար ներգործելու` վիպական բանահյուսության տեսակներից է: Դրանք ինչ-որ անձի, առարկայի, երևույթի ուղղված ցանկության արտահայտություններ են` խոսակցին վնասելու նպատակով(Լվացքիդ թոգին տղամարդու շալվար չտեսնես: Օղորմին գերեզմանաքարիդ դիպչի ու սոթ տա:):
Օրհնանք-բարեմաղթանքները ևս ցանկության բանաձևային կառույցներից են, որոնք խոսակցի վրա ոչ թե բացասաբար, այլ դրականորեն ներգործելու միջոցներ են: Օրհնող-մաղթողը ցանկանում է հարստացած, զորացած, առողջ, շնորհքներով օժտված տեսնել խոսակցին (Ծլես, ծաղկես, զորանաս: Ոտըդ փուշ չմտնի: Մուրազիդ հասնես: Մի բարձի ծերանաք):
Երդումը վիպական բանահյուսության ասույթաբանական դրսևորումներից է, երբ երդվողը կա՛մ սովորական ձևով է երդվում (Ջանիս արևը գիդենա, Հորըս արևը), կա՛մ էլ փորձում է իր անմեղսունակությունը ապացուցել` անեծքը իր վրա վերցնելով (Գեդինը մտնեմ, թե սուտ եմ ասըմ): Սրանք նույնպես ցանկության խոսքեր են` հմայական բանաձևային կառույցներ:
Ժողովրդական աղոթքները խոսքի զորությամբ մարդու և նրան շրջապատող աշխարհի վրա ներգործելու միջոցներից` ցանկության հմայական բանաձևումներից են` ուղղված հմայվող անձի, առարկայի կամ երևույթի վիճակի փոփոխման նպատակին: Դրանք ուղեկցվում են որոշակի արարողություններով և կոչված են մարդուն պաշտպանել նրա գործողությունները կաշկանդող չար ուժերից` չար ոգիներից:
Անեծքներում, օրհնանք-բարեմաղթանքներում, երդումներում և հմայական աղոթքներում, ի տարբերություն հայհոյանքների, փաղաքշական և սպառնալիքի խոսքերի, առկա է հմայական ներգործությունը:
Հիշոց-հայհոյանքը ժողովրդական ասույթաբանության այնպիսի կառույցներից է, որը խոսքի զորությամբ ներգործում է մարդու և շրջապատի վրա` անեծքների նման դառնալով ժողովրդական ինքնատիպ □պատժամիջոցներից□ մեկը (Ես քու պաբու մեր…, Ես քու լավի ջիգյարը…):
Սպառնալիքի խոսքերը նպատակ ունեն փոխել սպառնալիքի ենթակա անձի կամ առարկայի տվյալ վիճակը վատթարագույնով: Սպառնալիքի խոսքերը կարող են երկյուղ ներշնչել դիմացինին: Այդ երկյուղը գերբնականի հետ կապ չունի և կապված է սպառնացողի բնավորությունից ու հոգեբանությունից (Կգամ կաշիդ կքերթեմ: Աչքերդ կհանեմ):
Փաղաքշանքի խոսքերը, ի տարբերություն հայհոյանքի, խոսողի անձնազոհությամբ խոսակցի վիճակի դրականորեն փոփոխության ցանկությունն է արտահայտում (Ոտիդ տակին մեռնեմ: Քու ցավը տանեմ):
Առած-ասացվածքները վիպական բանահյուսության այնպիսի ստեղծագործություններ են, որոնք մեկ-երկու նախադասությամբ, հաճախ նաև մի քանի բառով արտացոլում են կյանքի զանազան կողմերի ու երևույթների վերաբերյալ մարդկային պատկերացումները և անմիջական պատասխան են տալիս ժողովրդին հուզող ամենատարբեր հարցերին: Դրանք ժողովրդական խոսքի բանաձևային կառույցներ են` ժողովրդի դարավոր կենսափորձից ծնված, ընդհանրացնող ուժ ձեռք բերած խտացված, պատկերավոր փիլիսոփայական արտահայտություններ, որոնք ուղենիշ են եղել կյանքում, դաստիարակել նրան, օգնել էլ ավելի լիարժեք ճանաչելու մարդուն և նրան շրջապատող աշխարհը: Առածներն ու ասացվածքները, իրենց կառուցվածքով և նպատակամղվածությամբ լինելով նույն բնույթի, այնուամենայնիվ տարբերվում են իրարից: Առածը այլաբանական ստեղծագործություն է և ասելիքը վերարտադրում է այլաբանորեն (Խոզի գլուխը խալիչի վրա չի մնա:), իսկ ասացվածքը` ուղղակի (Աղջկա գեշը չտեսանք, հարսի` լավը:):
Հանելուկը վիպական բանահյուսության հնագույն տեսակներից է, որտեղ առաջադրվող հարց-խնդրից բխող հանելուկի առարկան շղարշված է հանելուկային բանաձև-պատկերով (Էն ի՞նչն ա, ինչը, մորթվող ոչխարը լաց չի ըլըմ, մորթող ղասաբն ա լաց ըլըմ /Սոխը/:)` հենված երկու առարկաների կամ երևույթների հատկանիշների նմանության վրա:
Շուտասելուկները հանելուկների նման ուսուցողական արժեք ներկայացնող ժողովրդական ժամանցի միջոցներից են, որոնց գլխավոր հատկանիշը արագախոսությունն է` առաջադրված համապատասխան տեքստի, բառերի հերթականությամբ և հստակ վերարտադրությամբ: Նման պայմաններում կատարող անձը, եթե ի վիճակի չէ հստակ արտաբերել առաջադրանքը, ակամայից ընկնում է նախապես պատրաստված ծուղակը (Ձուկը ուտեմ, մուկը գցեմ, մուկը գցեմ, ձուկը ուտեմ):
Բառախաղերը մանուկների միջավայրում կենցաղավարող վիպական բանահյուսության նմուշներ են` ժամանցի ու զվարճանքի միջոցներ: Առաջադրված բառին (դրանք կարող են լինել կա՛մ թվականներ, կա՛մ հատուկ և հասարակ գոյականններ) հետևում է անսպասելի ծիծաղ առաջացնող պատասխանը: