Տոնական Բանահյուսություն

banahyusutyun

Տոնական բանահյուսության մեջ տեղ են գտել հայ ժողովրդական տոների՝ Նոր տարվա, Ծննդյան, Տերընդեզի, Բարեկենդանի, Ծաղկազարդի(Ծառզարդարի), Զատիկի, Վարդավառի և այլ տոների ժամանակ օգտագործվող երգերն ու պարերգերը: Ընդ որում, ամեն մի տոնի ոգուն համապատասխան երգեր էին կատարվում տոնախմբությունների ժամանակ. նոր տարվա երգերում ընտանիքի ու նրա անդամների բարեմաղթանքներն են, Տերընդեզի ու Բարեկենդանի երգերը՝ սիրային, հմայական, չարը խափանող խոսքերով էին կատարվում, Զատկի տոնի երգերում դաշտերի ու մարագների բարեբերություն էր շեշտվում, Համբարձման կամ վիճակի երգերը ուղեկցվում էին վիճակահանությամբ և երիտասարդ աղջիկների ապագայի գուշակությամբ, Վարդավառի երգերում գերակշռում էին կատակերգերը, սիրային սեթևեթանքների նկարագրությունները և այլն:


Ժողովրդական տոնակատարություններին, երգ ու պարին մասնակցում էին բոլորը՝ մեծից փոքր, այն իսկական համաժողովրդական տոնախմբության էր վերածվում՝ դառնալով մեր երգն ու պարը, ժողովրդական ծիսակարգը, սերնդեսերունդ փոխանցելու, մատաղ սերնդին ազգային ավանդներով սնուցելու մի իսկական շքահանդես:
Ընտանեկա-կենցաղային բանահյուսութան մեջ մտնող երգերը, որոնց մեջ գերակշռողը սիրերգերն են: Սիրո երգերում ժողովուրդն առավել ընդգծված և վառ է արտահայտել իր կենսասիրությունը: Դրանց մեջ առկա է կնոջ՝ գեղեցիկի պաշտամունքը, բնության և մարդկային ապրումների համադրումը: Սիրերգերը ստեղծվում և կատարվում են կա՛մ երիտասարդ աղջիկների կողմից, կա՛մ երիտասարդ տղաների կողմից, կա՛մ էլ կատարվում են փոխնիփոխ՝ մերթ աղջիկները, մերթ տղաները՝ երկխոսության ձևով: Սիրո մոտիվը առկա է նաև աշխատանքային, պանդխտության, օրորոցային և այլ երգերում:


Քնարական բանահյուսության հնագույն տեսակներից են հայ ժողովրդական աշխատանքային երգերը, որոնք հիմնականում աշխատանքի գործիքների գովքեր են: Իսկ այդ գործիքները լինում են՝ առտնին՝ տնային-կենցաղային (խնոցի, սանդ, ճախարակ, իլիկ, և այլն) և դաշտային (եզ, սել, չութ, կով, գոմեշ և այլն):


Առանձին խումբ են կազմում նաև արհեստագործական երգերը: Թե՛ տնային-կենցաղային, թե՛ երկրագործական և արհեստագործական երգերը ոչ միայն աշխատանքի գործիքների ու արհեստների գովքեր են, այլև դրանք ներկայացվում են որպես աշխատավորի ու նրա ընտանիքի միակ հույսն ու հենարանը, լուծը քաշողն ու նեղ օրերի ընկերը:
Հայ ժողովրդական կատակերգերում և ծաղրերգերում արտացոլվել է մեր ժողովրդի անսահման կենսասիրությունն ու ծիծաղով, հումորով ու ծաղրով դժվարությունները հաղթահարելու մղումը: Դրանց մեջ փոքր ու աննշան բաների (կոշիկ, հավ) կորուստը ներկայացվում է ուռճացված՝ ինչն էլ դրանց դասում է երգիծական երգերի շարքին: Տանը մնացած աղջկա երգերի մեջ անգամ (“Թաք տանեին”, “Քառսուն տարիս լրացավ”) առկա է հումորով հագեցած կենսակերպի դրսևորումը:
Հայ ժողովրդկական բանահյուսությունը նրա ապրած կյանքի գեղարվեստական արտացոլանքն է: Իսկ մեր ժողովուրդը ճակատագրի բերումով ապրել է նաև ասպատակությունների, զանգվածային գաղթերի ու տեղահանությունների ժամանակներ, և պանդխտության երգերը դարձել են նրա անբաժան ուղեկիցները, դրանք կա՛մ ղարիբի ծանր վիճակի նկարագրություններ են, կա՛մ հրաժեշտի երգեր՝ օտարության մեկնող զավակին ուղղված մոր բարեմաղթանքներով, կա՛մ թռչուններին ու մեղմ զեփյուռին ուղղած՝ ընտանիքի անդամների ու հայրենի երկրի հանդեպ կուրորեն անսահման խոստովանությունը:


Հայ ժողովրդակական ռազմի և զինվորի երգերը նվիրված են պատմական այս կամ այն իրադարձությանը (ռուս-պարսկական, ռուս-թուրքական պատերազմները, ազգային-ազատագրական պայքարները) և դրանց մասնակից հերոսներին: Ռազմի երգերում արտացոլվել են հիմնականում պատերազմական (ռուս-պարսկական, ռուս-թուրքական, I և II աշխարհամարտեր) ու ազգային-ազատագրական պայքարի դրվագներն ու դրանց ժամանակ հերոսացած անհատների փառաբանումը, իսկ զինվորի երգերում նկարագրվում են զինվորագրության և զինվորական ծառայությանն առնչվող տրամադրությունները, որոնք հիմնականում տխուր ու թախծոտ են:


Քաղաքային քնարական բանահյուսությունը, ի տարբերություն գեղջկականի, ուշ ժամանակների արդյունք է: Դրանք գրական կամ ժողովրդախոսակցական լեզվով են ստեղծվում և կենցաղավարում են առավելապես քաղաքային շրջանակներում, և տարբերակներով սուղ են, և դրանց մեջ ակնառու է հեղինակայինի՝ անհատականի կնիքը:
Քաղաքային քնարական բանահյուսական ստեղծագործություններից են հայրենները և անտունիները:
Հայրենը վաղ միջնադարյան բանահյուսության մեջ տարածված զուտ հայկական բանաստեղծության ձև է՝ կազմված է 15 վանկից (7+8): Հայրեն անվանումով են կոչվել հստակ այդ չափով հորինված տաղերը: Հայրենի չափով են ստեղծագործել Նարեկացին, Շնորհալին, Ֆրիկը և միջնադարյան այլ տաղերգուներ:


Անտունին հայ ժողովրդական երգի տեսակ է՝ կազմված 4, 6 և ավելի տողերից բաղկացած տներով և հորինված մեծ մասամբ պանդխտության թեմայով: Դրանք սկզբնապես ստեղծվել են միջին հայերենով և տարածված են եղել Ակն գավառում:
Պարերգերը ևս հնագույն ժամանականերից են գալիս և սերտորեն կապված են ժողովրդական տարաբնույթ ծեսերի ու տոնախմբությունների հետ: Պարերգերը իրենց բնույթով լինում են աշխատանքային, ռազմական, սիրային, կենցաղային և այլն: Դրանք մեծ մասամբ կոլեկտիվ պարերգեր են՝ շուրջպարեր՝ խմբակային, երկխոսական, երբեմն էլ՝ մեներգային կատարումներով:


Առանձին խումբ են կազմում հայ ժողովրդական մանկական բանահյուսական ստեղծագործությունները: Դրանք ևս ըստ կրողների լինում են՝ մանկան խնամքի հետ կապված երգեր (օրորոցայիններ, լոգանքի, մանկախաղաց և քայլքի երգեր), կենցաղավարում են մեծերի միջավայրում, և մանկական խաղերգեր (հաշվերգեր, ծաղրերգեր, բնությանը, կենդանական աշխարհին, երկնային լուսատուներին նվիրված երգեր, խաղավարտի, ճոճանակի, ձի հեծնելու և այլ տեսակի երգեր): Սրանք կենցաղավարում են երեխաների միջավայրում: Մանկական բանահյուսական ստեղծագործությունների մի մասը կորցրել են իրենց բուն գործառույթը և մեծերից անցել են երեխաներին: Դրանք բնությանը, երկնային լուսատուներին նվիրված երգեր են, որոշ ծիսական երգեր՝ երաշտին նվիրված, Վիճակի երգերը՝ ջանգյուլումները և այլն:


Բանահյուսության տեսակի կենցաղավարման համար շատ կարևոր է բանահյուսական ժանրի գործառույթը, այսինք` ի՞նչ միջավայրում և ի՞նչ նպատակով է կատարվում: Եթե նպատակը միջավայրի համար կարևոր դեր է խաղում (և շարունակում է խաղալ), ուրեմն տվյալ ժանրի տեսակի կենցաղավարումն ապահովված է:
Կենցաղավարում են հիմնականում բանահյուսական այն տեսակները, որոնք կիրառական արժեք ունեն՝
1. ա) մանկական խաղերում (հաշվերգեր, խաղերգեր, բառախաղեր, շուտասելուկներ, ծածկախաղեր և այլն).
բ ) մանկական “ծիսակարգում” (ջանգյուլումներն իբրև խաղ-ծեսի բաղադրիչ).
2. Հարսանեկան և թաղման ծիսակարգում (քնարական ծիսական բանահյուսություն՝ հարսանիք, ծնունդ, կնունք, թաղում).
3. Տոնական-օրացուցային ծիսակարգում (Նոր տարի, Տրընդեզ, Համբարձում, Վարդավառ և այլն).
4. Ժողովրդական խոսքում՝ ժողովրդախոսակցական լեզվի դրսևորմամբ կենցաղավարում են հիմնականում ժողովրդական ասույթաբանության դրսևորումները՝ ժողովրդական բանաձևային կառույցները (առած-ասացվածք, անեծք, օրհնանք, մաղթանք, փաղաքշանքի խոսքեր, հայհոյանք և այլն՝ իբրև խոսքը արտահայտիչ դարձնող կամ խոսքի ուժով շրջապատի վրա ներազդող միջոցներ).
5. Ժողովրդական հավաքույթներում՝ իբրև ժողովրդական ժամանցի միջոցներ (անեկդոտ, հանելուկ, շուտասելուկ):

Comments are closed.