Բարեկենդանը ժողովրդական տոն է, որը շարժական է՝ պայմանավորված Զատիկով: Տեւողությունը երկու շաբաթ է: Երկրորդ շաբաթը կոչվում է Բուն Բարեկենդան: Տոնը բնութագրվում է համայնական երգ ու պարով, խնջույքներով, խաղերով ու զվարճություններով, դիմակավորված ներկայացումներով, ավանդական կանոնավորված կենցաղային բարքերի գլխիվայր շրջմամբ (ներառյալ վանական խստակյաց բարքերով` Աբեղաթողի ծեսը), բազմազան ու համադամ ուտեստով եւ այլն: Լինելով շարժական՝ տոնը տեղի էր ունենում փետրվարին կամ մարտի սկզբին եւ կապվում էր գարնան գալուստի հետ։ Զվարճություններն արթնացող բնությանն ուրախ դիմավորելու խորհուրդն ունեին, ու մարդիկ միմյանց մաղթում էին բարի կենդանություն: Ներկայացումները կառնավալային էին, դիմակավորներով, դերերը` իրական կյանքի եւ իրական անձերի նմանակումներ: Ներկայացումները խմբավորվում են կենցաղային, պատմական,էթնոմշակութային, սիրային եւ արժեքային համակարգը ներկայացնող թեմաների շուրջ:
Բարեկենդանի տոնը մինչեւ 20-րդ դարի սկիզբը հայկական ամենասիրված տոներից էր, որն ուղեկցվում էր դիմակավորված ներկայացումներով, խաղերով, պարերով: 20-րդ դարի սկզբներին ընդհատված Բարեկենդանը շատ ընդհանրություններ ուներ եվրոպական եւ սլավոնական ժողովուրդների դիմակահանդեսների հետ: Այդ ժամանակաշրջանի տնտեսական, քաղաքական, հասարակական, մշակութային կյանքիխելահեղ արագությունը, մարդկանց մշակութային, գեղագիտական եւ հասարակական նոր պահանջմունքները, լրատվական դաշտի մատչելիությունը, անշուշտ, ներգործում են Բարեկենդանի ընթացքի, ձեւի, բովանդակության փոփոխությունների վրա, որը նոր զարգացումներ է ապրում ինչպես վերածննդի, այնպես էլ ծավալների ու նոր դրսեւորումների իմաստով (տես Հ. Խառատյան-Առաքելյան, Հայ ժողովրդական տոները, Երեւան, 2005, էջ 76-95): Բարեկենդանի տոնը, կարող է դրական ազդեցություն ունենալ համայնքների, հասարակության տարբեր խմբերի,անհատների փոխհարաբերությունների, ընկերայնության, սերտացման, հարգանքի ձեւավորման վրա, միաժամանակ նպաստել տոնահանդեսների զարգացումների՝ հայկական միջավայրին պատմականորեն եւ քաղաքակրթորեն հարազատ մշակույթին մոտեցմանը եւ հասարակական զվարճանքի ձեւավորմանը։