Արհեստների միջազգային փառատոն. Դիլիջան

2024թ․ հուլիսի 20-ին և 21-ին Դիլիջան քաղաքում իրականացվեց «Արհեստների 2-րդ միջազգային փառատոնը»։
Երկու օր շարունակ Դիլիջանը դարձավ այն յուրահատուկ միջավայրը, ուր ներկայացվեցին արհեստների և արվեստների տարբեր ուղղություններ, մասնակցեց շուրջ 40 վարպետ Հայաստանից և արտերկրից՝ ցուցադրելով ձեռագործ աշխատանքներ։
Դիլիջանի քաղաքային այգում կազմակերպված միջոցառումներին զուգահեռ փառատոնին միացան տեղի մշակութային և արհեստագործական մի շարք կազմակերպություններ ու անհատներ՝ ամենուրեք տարածելով ազգային արհեստների շունչը։
Փառատոնի երկօրյա մշակութային միջոցառումների շրջանակում տեղի ունեցան տարբեր արհեստների ու արվեստի գործերի ցուցադրություններ, գորգագործության, ասեղնագործության, տիկնիկագործության, փայտագործության, խեցեգործության վարպետաց դասեր, լարախաղացություն, ավանդական խոհանոցի բազմազան ուտեստների համտես, յուրահատուկ մանկական ծրագիր։

Արհեստների միջազգային փառատոնն անցկացվեց Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստների թանգարանի համագործակցությամբ։ Այն նվիրված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 20-ամյակին։ 

Այս փառատոնը Հայաստանի համայնքներում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ու արժևորմանն ուղղված կարևոր նախաձեռնություն է, որը նպաստում է համայնքային կյանքի աշխուժացմանը, հասարակության մասնակցայնությանը, արհեստագործության և արվեստների տեղի ու դերի արժևորմանը, ինչպես նաև մշակութային զբոսաշրջության խթանմանը։