Պաշտոնական միությունների, կազմակերպությունների կամ որևէ կայուն խմբին անդամակցելը կարող է ուղեկցվել համապատասխան արարողություններով, որոնք տիպաբանորեն կարելի է որակել իբրև անցումային ծես:
Հասարակական-մշակութային միավորումներին անդամակցելու անցումային ծեսերը ենթադրում են հասարակական, մշակութային ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերին անդամակցելու կամ դրանցից դուրս գալու արարողությունները: Հասարակական կազմակերպությանն անդամակցելու ծեսերը ձևավորվում և պարտադրվում են յուրաքանչյուր կազմակերպության անդամների կողմից` հաճախ նախատեսելով փորձաշրջան:
Ակումբներին (ներառյալ սպորտային), մշակութային հոսանքներին, երիտասարդության ենթամշակութային խմբերին անդամագրվելու ծիսակատարությունները չունեն ընդհանուր ձևաչափ և նախաձեռնում են յուրաքանչյուր խմբի անդամների կողմից` երբեմն ընդօրինակելով արտասահմանյան նմանատիպ ակումբի կամ խմբի անդամակցության արարողությունը:
Հոգևոր անցումային ծեսերը ենթադրում են որևէ հոգևոր հաստատությանն (եկեղեցուն) անդամակցելու արարողությունները:
Մկրտությունը քրիստոնեական առաջին խորհուրդներից է, որն ազդարարում է որևէ եկեղեցակուն (հայ առաքելական, օրթոդոքս, կաթոլիկ ևն) անդամակցելը: Քաղաքական անցումային ծեսերը ենթադրում են քաղաքական կուսակցություններին, դրանցից կազմված ասոցիացիաներին, կոնգրեսներին, առանձին քաղաքական հոսանքներին անդամագրվելու և դրանք լքելու պաշտոնական արարողությունները:
Քաղաքական կուսակցության անդամագրումը չունի ընդհանուր ծիսական ձևաչափ: Յուրաքանչյուր կուսակցություն ինքն է ձևավորում (կամ չի ձևավորում) անդամակցյությունը նշող որևէ արարողություն, որը հաճախ ենթադրում է փորձաշրջան:
Զինվորական անցումային ծեսերը ենթադրում են որևէ ռազմական հաստատության կամ միավորմանն անդամակցելու արարողությունները:
Զինակոչի և զինծառայության հետ կապված ծեսերը ներա ռում են Հայաստանի Հանրապետության բանակ զինակոչվելու, երդմնակալության և զորացրվելու հետ կապված արարողությունները, որոնք մի կողմից` նախաձեռնում և իրականացվում են տեղական զորամիավորումներում, մյուս կողմից` ենթադրում են նաև ընտանեկան արարողություն: