Տարածված է առանձին ընտանիքներում, մասնավորապես, արեւելահայոց միջավայրում:
Առաջին հիշատակությունները հանդիպում են 19-րդ դարի երկրորդ կեսին (Ե. Շահազիզ, Ե. Լալայան, Ա. Ահարոնյան, Քաջբերունի):
Ժողովրդական տոնածիսական, խորհրդանշանային համալիրի բաղկացուցիչ տարր է: Պատրաստման գիտելիքները, հմտությունները փոխանցվում են ժառանգաբար: Տարեհացը կլոր է կամ ձվաձեւ` մոտավորապես 30-40սմ տրամագծով: Հայաստանի մի շարք շրջաններում հայտնի է եղել նաեւ այլ անուններով` կրկենե, կրկենի, դովլաթ կրկենի, միջնակ կլոճ, միջինք եւ այլն: Հացը կտրվում է Նոր տարուն (տարբերակներ` Մեծ պասի կեսին` միջինքին) եւ բաժանվում տան անդամներին: Հացի զարդանախշերը խորհրդանշորեն կապվում են տիեզերածնության, արարչագործության ու սերնդաճի գաղափարների հետ եւ այլն:
Տարեհացի մեջ «միջինք» կոչվող որևէ նշան էր դրվում՝ լոբի, սիսեռ, փոքրիկ կորիզ կամ մետաղադրամ՝ տարվա հաջողակի բախտը գուշակելու նպատակով: Կտրում էին տան բոլոր անդամների թվին հավասար՝ հաճախ բաժին հանելով նաեւ տան կենդանիներին: Այլ տեղերում էլ երբեմն տարեհացը բաժանում էին 12 մասի՝ ըստ ամիսների թվի։