Հայաստանում անցկացված էպոսագիտական վեց միջազգային գիտաժողովներին մասնակցել են ընդհանուր առմամբ ավելի քան 100 հետազոտողներ Հայաստանից, ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Հնդկաստանից, Իրանից, Վրաստանից, Աբխազիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Հոլանդիայից, Սերբիայից, ինչպես և ինքնավար հանրապետություններից՝ Հյուսիսային Օսիա-Ալանիա, Չեչնիա,Ադըղիա, Դաղստան, Կալմիկիա, Ուդմուրտիա։
Էպոսագիտական 1-ին միջազգային գիտաժողովը տեղի է ունեցել 2003 թ․ նոյեմբերի 4-ից 6-ը Ծաղկաձորում, գիտաժողովը կոչվում էր «Հայկական «Սասնա ծռեր» էպոսը և համաշխարհային էպիկական ժառանգությունը», կազմակերպվել էր ՀՀ ԳԱԱ երկու ինստիտուտների համատեղ նախաձեռնությամբ՝ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ու Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի օժանդակությամբ։
Երկրորդ գիտաժողովը տեղի ունեցավ 3 տարի անց՝ 2006 թ․ հունիսի 23-24-ին Ծաղկաձորում և Թալինում, փոքր-ինչ փոխված խորագրով՝ «Հայկական ժողովրդական էպոսը և համաշխարհային էպիկական ժառանգությունը», և այս անգամ՝ ՀՀ Կառավարության աջակցությամբ, բայց կրկին նույն ինստիտուտների նախաձեռնությամբ։
Էպոսագիտական 3-րդ գիտաժողովը կազմակերպվեց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի հայ գրականության գիտահետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ, անցկացվեց Երևանում 2009 թ․ նոյեմբերի 12-ից 14-ը՝ «Հայ ժողովրդական էպոսը և համաշխարհային էպիկական ժառանգությունը» խորագրով։
Էպոսագիտական 4-րդ գիտաժողովը տեղի ունեցավ նորից Ծաղկաձորում՝ 2012 թ․ հոկտեմբերի 8-ից 10-ը, այս անգամ՝ միայն Հնագիտության և ազգագրության ինստիտուտի նախաձեռնությամբ, սակայն ինչպես և նախորդ երեք գիտաժողովները՝ հիմնականում պրոֆեսոր Ազատ Եղիազարյանի ջանքերով։ Գիտաժողովն ուներ հատուկ թեմատիկ ուղղվածություն՝ նվիրված էր հայկական և կովկասյան ժողովուրդների էպոսներին և դրանց միջև եղած կապերին։
Էպոսագիտական 5-րդ գիտաժողովն անցկացվեց 2017 թ․ հոկտեմբերի 11-ից 13-ը Սլավոնական համալսարանում, կազմակերպիչներն էին՝ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտն ու Կալիֆորնիայի Լոս-Անջելեսի համալսարանը (UCLA)։
Յոթնամյա ընդմիջումից հետո տեղի ունեցավ Էպոսագիտական 6-րդ միջազգային գիտաժողովը, այս անգամ՝ «Էպոս, ինքնություն և մշակույթ» վերտառությամբ, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի նախաձեռնությամբ ու Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի աջակցությամբ։ Գիտաժողովը նվիրված էր էպոսի առաջին հայտնի պատումի՝ «Սասունցի Դաւիթ կամ Մհէրի դուռ» հրատարակության 150-ամյակին, որով փաստորեն նշվում էր «Սասնա ծռեր»-ի գիտական ուսումնասիրության մեկուկեսդարյա հոբելյանը։