Հայկական Նոր տարի

ՀՈԴՎԱԾ

Հայոց մեջ տոնը հայտնի էր մի քանի անուններով՝ Ամանոր, Տարեմուտ, Տարին գլուխ, Նոր տարի, Կաղանդ, Կաղինդ, Կալոնտար: Նոր տարուն նախորդող գիշերը հայտնի էր Լոլեի գիշեր, Խլվլիկ, Կախ, Գոտեկախ անուններով: Վերջիններս պայմանավորված էին տոնի ժամանակ կատարվող ժողովրդական սովորույթներով: Պետականությունը կորցնելուց հետո Նոր տարին կորցրել է տոնի հասարակական լայն հնչեղությունն ու ընդգրկումը եւ աստիճանաբար համեստորեն «տեղավորվել» ընտանեկան-գերդաստանային-ազգակցական, մասամբ՝ նաեւ համայնքային միջավայրում: Միայն այն գավառներում, որտեղ Նոր տարին դեռեւս կոչվում էր Նավասարդ (Սյունիք, Արցախ, Ուտիք, Նախիջեւան) եւ նշվում էր նոյեմբերի կեսերին, այն դեռեւս համայնքային լայն ընդգրկում ուներ եւ հրապարակայնորեն նշվում էր բացօթյա տարածքներում՝ երաժշտախմբերով եւ զվարճահանդեսներով: Բայց առավել տարածված էր տոնի ընտանիքային մասնակցայնությունն ու նշումը: Հիմնական խորհրդանշական գործողությունները միտված էին մարմնի, տարածքի եւ հոգու մաքրությանը (բնակարանի եւ հարակից տարածքների՝ գոմի, այգու, մառանի լիակատար մաքրություն, հին հագուստի փոխարինում նորով, կարմիր գույնի օգտագործում, պարտքերի վերադարձ, թշնամական կամ անաբարյացկամ հարաբերությունների վերափոխում բարեկամականի կամ հաշտության եւ այլն), չարիքի ծիսական կանխարգելմանը (չարխափան նշանների եւ առարկաների օգտագործում, կրակոցներով չարիքի վռնդում, գիշերային հակաչարքային հսկում), բարիքի, առատության, բարության, ընտանեկան եւ հասարակական հաշտության, առողջության ապահովմանը: Դեկտեմբերի 31-ին թխվում էր «Տարի հաց», «Կրկենի», «Դովլաթ կրկենի», «Կլոճ», «Փուռնիկ» անուններով հայտնի ծիսական հացը: Նոր տարվա համահայկական սովորույթներից կարելի է առանձնացնել նախորդ օրն ու գիշերը 10-12 տարեկան տղաների, իսկ որոշ տեղեր նաեւ՝ աղջիկների խմբերի ծիսական շրջայցերը եւ տոնը շնորհավորելու ավանդույթը: Չնայած պասին, գիշերը եփվում էր «քյաշկա» կամ «հարիսա» կոչվող ուտելիքը՝ շերտ-շերտ շարված միս եւ ցորեն, որը սակայն ոչ մի անգամ չեն խառնում, որպեսզի տարվա ընթացքում խառնակություններ, խժդժություններ, գժտություններ չպատահեն: Այն ճաշակում էին առավոտ վաղ, դեռեւս «մութը լույսից չբաժանված»: Հունվարի 1-ին այցելուների գլխին առատության խորհրդանիշներ էին լցնում՝ ընկույզ, չիր, չամիչ, մանր կոնֆետներ: Նոր տարվա տոնական զվարճանքի ձեւերից էին տնական խաղերը՝ պատի վրա գցվող ստվերների խաղ, հանելուկներ, շուտասելուկներ, նաեւ այցելությունները ազգականներին: Հունվարի 1-ը, հայոց ծննդյան տոնի շաբաթվա մեջ ընդգրկվելով, պաս օր էր, եւ ամանորյա ուտելիքները բաղկացած էին պասին թույլատրելի ուտեստներից: Շատ մեծ նշանակություն էր տրվում մրգերին: Չոր ու թարմ մրգերը չամիչի ու ընդեղենի հետ կազմում էին ամանորյա ուտեստի հիմնական բաղկացուցիչները։
Նոր տարվա տոնը Հայաստանում զգալի փոփոխությունների է ենթարկվել, հանրային եւ հասարակական բնույթ ձեռք բերել խորհրդային տարիներին: Ընդհանրացել է տոնածառ զարդարելու սովորույթը: Տոնածառերը թե հանրային էին (բնակավայրերի եւ թաղամասերի գլխավոր հրապարակներում, դպրոցներում, աշխատավայրերում, մշակութային տարածքներում՝ թատրոններ, համերգասրահներ), թե մասնավոր-ընտանեկան: 20-րդ դ. հայկական Նոր տարի են մտել Ձմեռ պապի եւ Ձյունանուշի կերպարները: Տոնական կենցաղ են մտել նաեւ ԽՍՀՄ-ի համար ընդհանրական ուտեստներ (աղցաններ, խմորեղեններ, նոր խորտիկներ եւ այլն): Տոնը հանրայնացել է նաեւ տոնահանդեսների նոր տարածքներով՝ հանրային եւ մշակութային առաջարկներով (մանկական տոնածառեր, կորպորատիվ հավաքներ, համերգներ), իսկ հեռուստացույցի տարածումով, նպաստել է նաեւ ընտանեկան հավաքներին, քանի որ կարելի էր տնից դուրս չգալով՝ հեռակա «մասնակցել» տոնահանդեսի մշակութային պաշտոնական առաջարկին:
Հայաստանի անկախացումով հասարակական հարաբերությունները տոնահանդեսի վրա նոր կնիք են դրել: Նոր երեւույթ է բնակավայրերի տոնական զարդարումն ու հարդարումը՝ լույսերով, բազմաթիվ տոնածառերով: Նոր զարգացումներ է ստացել բնակարանների տոնական հարդարումը՝ փայլփլուն ծաղկաշղթաներով, փուչիկներով եւ այլն: Միաժամանակ ավելանում է ավանդական ազգային որոշ արժեքներ վերականգնելու փնտրտուքը՝ «Տարի հաց» եւ ծիսական այլ խմորեղենների թխումը, դրանց հանդիսավոր կտրում-ճաշակումը եւ գուշակությունները, ուտեստի տեսականու առավել ազգայնացումը: Նոր տարին նոր ուտեստային համալիր է ձեւավորում, որն ունի պարտադիր (տոլմա, նրբաբլիթ, քյուֆթա, բանջարեղենային աղցաններ, ընդեղեն, ընկույզ, մրգեղեն, գաթա), ցանկալի (հատուկ մշակված խոզի բուդ կամ հնդկահավ, խորոված) եւ ավանդականի նորացված ստեղծագործական մասեր (ծիրանաչիր ապուրներ, տորթեր, արեւադարձային մրգեր եւ այլն): Նոր
տարվա տոնի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ հուզականությամբ եւ առարկայորեն դրան պատրաստվում են համարյա ամբողջ դեկտեմբերին՝ գնումներով, զվարճանքի, սպասարկման եւ վաճառքի բիզնես առաջարկի գովազդով եւ խանութների ապարանքների տեսականու կտրուկ փոփոխությամբ:

Comments are closed.