
Հնդկաստանի Ֆարիդաբադ քաղաքում փետրվարի 7-23-ը տեղի ունեցած Սուրաջկունդի արհեստների 38-րդ միջազգային փառատոն-տոնավաճառին առանձին տաղավարով մասնակցել է նաև Հայաստանը:
Միջոցառմանն ամեն տարի մասնակցում է Ժողովրդական արվեստների թանգարանը` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
Թանգարանի վարպետները` Արմենուհի Խաչատրյանը, Մարինե Ղարիբյանը և Թագուհի Ասատրյանը, ներկայացրել են հայկական ձեռարվեստի բազմազան նմուշներ և անցկացրել վարպետաց դասեր` հայկական ձեռարվեստով հետաքրքրվող տարբեր տարիքի այցելուների համար:
Հայաստանի տաղավարն արժանացել է 2-րդ կարգի մրցանակի` «Լավագույն օտարերկրյա տաղավար» անվանակարգում: Մրցանակը թանգարանի վարպետ, ասեղնագործուհի Արմենուհի Խաչատրյանին շնորհել է Հնդկաստանի բնակարանային և քաղաքային հարցերի նախարար Մանոհար Լալ Խաթթարը:
Հայ վարպետները Հնդկաստանում Հայաստանի դեսպանատանը մի շարք երկրների դեսպանների և դիվանագետների կանանց, ինչպես նաև Հնդկաստանում բնակվող օտարերկրացիներին և տեղացիներին ներկայացրել են Հայաստանի մասին պատմող նյութեր, ինչպես նաև անցկացրել տիկնիկագործության և կարպետագործության վարպետաց դասեր: