Գորգագործություն և Կարպետագործություն
Գորգագործությունը և կարպետագործությունը հայ ժողովրդի տարածված զբաղմունքներից են:
Բրդյա, վուշյա, բամբակյա, մետաքսյա թելերից հյուսված հաստ, գույնզգույն, նախշազարդ գործվածքները բաժանվում են երկու հիմնական տեսակի՝ կարպետ և գորգ: Կարպետը և կարպետային իրերը գործվում են առանց խավի, իսկ գորգը գործվում է առանձին կապ հանգույցներով, որոնց ծայրերը դուրս են գալիս գորգի երեսը և մկրատով հավասար կտրվելուց հետո առաջացնում թավիշի նման խավը:
Հայ թարգմանչական գրականության մեջ «կարպետ»/«կապերտ» բառը հանդիպում է 5-րդ դարից. բառի գործածությունը թարգմանության մեջ վկայում է, որ այս իրը և բառը հայերին ծանոթ են եղել ավելի վաղ ժամանակներից: Դարերի ընթացքում «կարպետ» բառը գրականության մեջ նաև գորգի հոմանիշ է հանդիսացել: Միջին դարերում հայ առևտրականները Սյունիքից, Գողթնից, Արարատյան երկրից, Վասպուրականից, Կիլիկիայից արտահանել են կարպետ և գորգ, որոնց համար գործածել են «կարպետ» բառը: Բառը նույն ժամանակ անցել է մի շարք եվրոպական լեզուների մեջ: Բացի «կապերտ» բառից, տարբեր ժամանակներում «գորգ» բառի փոխարեն գործածվել են «անկված» (նշանակում է գործվածք), «արկանելի», «բազմական» և այլ բառեր: «Խալի» բառը համարվում է արաբական «կալի» բառի փոփոխակը. արաբները Կարինն անվանել են Կալի-կալա՝ գորգի քաղաք:
Տարբեր տեխնիկայով, տարբեր ձևերով գործված կարպետները դասակարգվում են յոթ հիմնական խմբերի՝ մեզար, ջեջիմ, երկու երեսանի կարպետ, շուլալ, ուղիղ փաթաթովի օղաճիտ և փնջավոր (ծոպավոր) կարպետ: Հայ ժողովրդի կենցաղում կարպետային գործվածքները մեծ տեղ են գրավել: Օրինակ, մեզարները գործածվում էին հաց թխելու ժամանակ, ջեջիմից կարում էին սփռոց, ծածկոց, բարձ, խուրջին (ուսապարկ), ներքնակի երես, երկու երեսանի կարպետից պատրաստում էին վարագույր: Կարպետագործ անկողնապարկը, որի մեջ դարսած փոխադրել են անկողին, հագուստ, կարպետ, գորգ և այլն, հարսի օժիտի անհրաժեշտ մասն է կազմել: Կարպետագործ ծածկոց-չուլը գցել են անասունների վրա՝ ցրտից պաշտպանելու համար: Կարպետային գործվածքները մարդկանց համար ծառայել են նաև որպես հանդերձանք: Հայ ժողովրդի կենցաղում տարածված էին կարպետագործ աղաքսակները և գդալամանները: Կարպետագործության մեջ լավ են պահպանվել ամենահին զարդանկարները. այստեղ կարող ենք նմանություններ գտնել ժայռապատկերների, բրոնզի և հետագա դարերի զարդաձևերի հետ:
Դարերի պատմություն ունի հայկական գորգագործությունը: Բացի գրական, մատենագրական հաղորդումներից, գորգի պատկերներ տեսնում ենք նաև որմնանկարներում, մանրանկարներում, բարձրաքանդակներում, խճանկարներում:
Հայկական գորգը միջին դարերում հայտնի է եղել բարձր որակով և մտել է միջազգային առևտրի ոլորտ: Հայկական գորգերի պատկերներն արտացոլում են գտել միջնադարյան իտալական և հոլանդական նկարիչների կտավներում:
Գորգագործությունը Հայաստանում զարգացել է երկու ուղղությամբ՝ արհեստանոցներում, ուր աշխատել են մասնագետ վարպետներ, և ժողովրդական լայն խավերի շրջանում՝ տներում, տնայնագործ կանանց ու տղամարդկանց ձեռքով:
Ժողովրդական գորգագործներն աշխատում էին առանց գծագրի: Ժողովրդական գորգերի պատկերներն ավելի պարզ են և կազմված են հիմնականում մեդալիոններից, որոնց անունները պահպանվել են տոնական թխվածքի մեջ՝ գաթա, կրկենի, բաղարջ: Գորգերում տարածված են երկրաչափական, բուսական, թռչնային, կենդանական զարդանկարներ՝ ենթարկված ոճավորման: Հանդիպում են նաև տիեզերական մարմինների, աշխատանքային գործիքների, զենքերի, կենցաղային իրերի, ճարտարապետական բնույթի պատկերներ ու նրանցից կազմված հորինվածքներ, մանրանկարչական խորանների կամարներին նմանվող հորինվածքներ: Վիշապագորգերն ամենաթանկարժեք հայկական գորգերն են, որոնք պահպանել են գորգագործության բարդ տեսակի ազգային ոճը:
Հայկական գորգի գեղեցիկ տեսքը, զարդանկարների հետ, ապահովում են գույները: Թելերը ներկվել են բնական ներկերով: Վաղ միջնադարից կենդանական ներկը՝ որդան կարմիրը Հայաստանի պարծանքն է եղել: Հայաստանի որդան կարմիրը որպես ներկանյութ շատ բարձր որակ ունի: Նրանով ներկել են նաև թագավորական հագուստը՝ ծիրանին, օգտագործել են մանրանկարչության, դաջազարդության մեջ: Լայնորեն օգտագործվել են հողի ներկատու տեսակները (օխրաները)՝ թելերը դեղին կամ մուգ կարմիր ներկելու համար: Նույնիսկ բուսական նյութերով ներկելիս գործածվում էին հանքային նյութեր՝ շիբ, կիր՝ ներկի գույնն ամրացնելու նպատակով: Օգտագործվել է նաև խլաքար: Հայաստանի ներկատու բույսերից ամենաարժեքավորը, որը նաև արտահանվել է, տորոնն է. սրանից ստացվում է կարմիր ներկ:
Հայկական գորգերը գործվում են կրկնակի հանգույցով: Գործող թելով արվում են հանգույցներ՝ հենքի երկու թելի վրա, կողք կողքի, հորիզոնական շարքերով:
Կարպետները, գորգերը գործում են տորքի վրա, որը կոչվում էր նաև ոստան, դազգահ, հաստոց:
Կարպետագործության և գորգագործության հետ կապված աշխատանքներն իրենց արտահայտությունն են գտել ժողովրդական բանահյուսության մեջ: Երգերը, պարերգերը, առակները, հեքիաթները, հանելուկները արտահայտել են կանանց աշխատանքային առօրյան: