Դուդուկը Հայաստանում հայտնի է հնագույն ժամանակներից։ Դուդուկի և դրա նախատիպերի մասին բազմաթիվ
վկայություններ կան հայ պատմիչների աշխատություններում, միջնադարյան մանրանկարներում, ինչպես նաև տապանաքարերի պատկերաքանդակներում։
Հայկական դուդուկի երաժշտությունը դեռ 2005 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն հռչակել է Մարդկության բանավոր և ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոցներից մեկը, և 2008 թ. «Դուդուկն ու իր երաժշտությունը» վերնագրով հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության տարրն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։
Դուդուկ հայկական նվագարանը և դրա երաժշտությունը հայկական ժողովրդական երաժշտական մշակույթի բնութագրական դրսևորումներից է, այն տարածված ու կենսունակ է ոչ միայն նվագարանային կատարողական արվեստում, այլև հասարակության մեջ՝ ընտանիքներում, համայնքներում, մշակութային, կրթական տարբեր կազմակերպություններում։
Դուդուկի պատրաստման և կատարողական ավանդույթը հայկական մշակույթում երբեք չի ընդհատվել և աստիճանաբար զարգանալով՝ ժողովրդականից վերաճել է մասնագիտական արվեստի (Մ. Մարգարյան, Վ. Հովսեփյան, Լ. Մադոյան, Մ. Մալխասյան, Ջ. Գասպարյան, Գ. Դաբաղյան, Ա. Բախտիկյան, Գ. Մինասով և այլք)։
Ամենատարածված ժողովրդական նվագարաններից է, որը ջերմ
ընդունելություն է գտել աշխարհի տարբեր ծայրերում։ Հայ դուդուկահար վարպետների դպրոցներում ուսանում են տարբեր ազգերի երաժիշտներ։
Նվագարանը պարբերաբար հնչում է թե՛ ժողովրդական
տոների, ծեսերի ու ժամանցիընթացքում, թե՛ դասական,
էստրադային ու ջազային համերգների երգացանկերում։
Նվագարանի համար հատուկ ստեղծագործություններ են գրել
տարբեր ոճերում ստեղծագործող կոմպոզիտորներ (Ա. Տերտերյան, Վ. Շարաֆյան, Ռ. Ալթունյան, Յու. Գևորգյան, Ա. Ոսկանյան, Ա. Սաթյան և այլք)։ Դուդուկը հնչում է հոլիվուդյան հանրահայտ կինոնկարներում՝ «Քրիստոսի վերջին փորձությունը», «Սպարտակ», «Կալիգուլա», «Գլադիատոր»,
«Եվգենի Օնեգին»։ Նվագարանը հաճախ հնչում է փողային
եռյակում (դուդուկ, դամ, դհոլ) և ժողովրդական գործիքների
խմբերում։