
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը 2025թ․ ապրիլի 3-ից 13-ը աշխատանքային այցով Բեյրութում էր, որտեղ իրականացրեց կրթական ծրագրեր և Սփյուռքի առաջին վարպետին շնորհեց «Ժողովրդական վարպետի» վկայական։
Հայկազյան համալսարանի հրավերով` Ժողովրդական արվեստների թանգարանն արդեն 4-րդ անգամ Բեյրութում իրականացրեց կրթական ծրագրեր։ Բեյրութ էին այցելել Թանգարանի զարգացման գծով փոխտնօրեն Գայանե Ասլանյանը և փայտի փորագրության վարպետ Վահե Մնացականյանը։ Թանգարանի կրթական հարթակի` ՖՈԼԿանիվի շրջանակում, Բեյրութի հայկական դպրոցների աշակերտների համար իրականացվեցին փայտի գեղարվեստական փորագրության վարպետաց դասեր: Հիշեցնենք, որ նախորդ տարիներին իրականացված ծրագրերը վերաբերել են հայկական գորգագործությանը, կարպետագործությանը և դարբնությանը։
Առաջին վարպետը Սփյուռքից, ում տրվեց «Ժողովրդական վարպետի» վկայական, 94-ամյա Զաւեն Գազանճեանն է։ Վկայականի տրման ընթացակարգում կատարվել էին փոփոխություններ, և արդեն հայտեր կարող էին ներկայացնել վարպետներ ոչ միայն Հայաստանից, այլ նաև՝ Սփյուռքից։ Ուշագրավ է, որ 94-ամյա պարոն Գազանճեանը պղնձագործությամբ զբաղվող ընտանիքի 3-րդ սերնդի ներկայացուցիչն է։ Նա Ժողովրդական արվեստների թանգարանին նվիրաբերեց նաև Ուրֆայում իր պապի՝ Հովհաննես Գազանճեանի պատրաստած՝ 1905թ․ արձանագրությամբ տապակը։
Թանգարանը շնորհակալություն է հայտնում պարոն Գազանճեանին և Հայկազյան համալսարանի Հայկական սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Անդրանիկ Դաքեսյանին։