Ասեղնագործություն
Հայ ժողովրդական արվեստում հատուկ տեղ է գրավում ասեղնագործությունը: Զարդանկարային, պատկերագրական կապ ունենալով մյուս ճյուղերի հետ՝ ասեղնագործությունն աչքի է ընկնում բազմազան կարատեսակներով: Այն հարուստ է որպես հիմք օգտագործվող նյութով՝ կաշի, կտավ, մետաքս, դիպակ և այլն, ինչպես նաև գործածվող տարբեր հաստության, տարբեր ոլորքի թելերով՝ բրդյա, բամբակյա, վուշե, մետաքսե, արծաթաթել, ոսկեթել և այլն:
Սկսած 5-րդ դարից՝ պահպանվել են նկարագրություններ, վկայություններ շքեղ հանդերձանքի, եկեղեցական զարդարանքների մասին, որոնց մեծ մասը ծածկված է եղել ասեղնագործությամբ: Թագավորական և իշխանական տներում կանայք ասեղնագործել են: Ըստ մատենագիրների՝ գերի ընկած կանայք իրենց ապրուստի միջոցը հայթայթում էին այդ աշխատանքով: Ճարտարապետ Թ. Թորամանյանը 7-րդ դարը համարում է հայկական արվեստի նոր վերածննդի դար: Կառուցվում են ճարտարապետական կոթողներ, որոնք ներսից զարդարվում են թանկարժեք գործվածքներով, վարագույրներով, շքեղ հանդերձներով: Դրանց մեծ մասը ծածկվել է ոսկեթել, մետաքսաթել, գոհարազարդ ասեղնագործություններով: Այդ դարի մատենագիրներ Սեբեոսը, Անանիա Շիրակացին, Մովսես Կաղանկատվացին տեղեկություններ ունեն թանկարժեք զարդարանքի մասին: Հարուստ են տվյալները նաև Հովհաննես կաթողիկոս Դրասխանակերտցու, Թովմա Արծրունու, Ստեփանոս Տարոնցու, Ուխտանեսի, Ուռհայեցու աշխատություններում: Միջնադարի բանաստեղծները նույնպես գովերգում են շքեղ զարդարանքները, ոսկեթել գործվածքները և այլն: 12-րդ դարի հեղինակ, բանաստեղծ Ներսես Շնորհալու մոտ շատ կարևոր տվյալներ կան ասեղնագործված զարդարանքների մասին: Բացի գրավոր վկայություններից, ասեղնագործ արվեստի կարևոր աղբյուր են նաև ձեռագրերի մանրանկարները, որտեղ կան շատ նախշեր, զարդանկարներ, որ հանդիպում են ինչպես գորգարվեստում, այնպես էլ ասեղնագործության մեջ:
Պահպանված ամենահին ասեղնագործ պատառիկները հայտնաբերվել են Նիկողայոս Մառի հնագիտական արշավախմբի՝ հայկական միջնադարյան Անի քաղաքում կատարած պեղումներից: Գոյություն ունեն նաև 13-րդ դարի ձեռագրերի ասեղնագործված կազմաստառներ, ինչպես նաև 15-րդ դարասկզբի եկեղեցական զարդարանքներ:
Ժողովրդական ասեղնագործությունը, կրելով առօրյա կյանքի ու կենցաղի բնորոշ գծերը, արտահայտել է երկրի տարբեր պատմա-մշակութային շրջանների առանձնահատկությունները: Հայկական ասեղնագործության խոշոր կենտրոն-դպրոցներ էին Վան-Վասպուրականի, Շիրակ-Կարինի, Սյունիքի, Արարատյան դաշտի, Կիլիկիայի, ինչպես նաև Պոլսի, Թիֆլիսի, գաղթօջախների հայկական ասեղնագործական դպրոցները: Այս դպրոցներից յուրաքանչյուրն ուներ ասեղնագործության իր առանձնահատկությունները, որոնք դրսևորվում էին կիրառվող թելերի որակի, զարդանախշերի և կատարման եղանակի մեջ: Հայկական ասեղնագործությունը բնութագրվում է ավանդական կարատեսակների բազմազանությամբ, որոնցից մի քանիսը ստացել են ծագման, ինչպես նաև տարածման շրջանների կամ քաղաքների անունները՝ Վանի, Մարաշի, Այնթապի և այլն: Դրանցից շատերը հանդիպում են նաև Հայաստանի այլ շրջաններում, ինչպես նաև գաղթօջախներում:
Հայկական ասեղնագործ արվեստում հանդիպում են երկրաչափական, բուսական, կենդանական, ճարտարապետական, երկնային մարմինների զարդանախշեր, պատկերագրություններ:
Հայկական ասեղնագործ արվեստի ինքնատիպությունը, առանձնահատկությունները դարից դար ամուր պահպանվել են ժողովրդական լայն զանգվածների շրջանում: Այդ արվեստի տարածումը հայրենիքում և այլ երկրներում կապված է հայ ժողովրդի պատմության հետ. թշնամիների հարվածներից հաճախ կործանվել են քաղաքներ և տեղի են ունեցել մեծ գաղթեր դեպի աշխարհի տարբեր կողմեր, քաղաքական իրադարձությունների պատճառով խոշոր տեղաշարժեր են կատարվել նաև երկրի ներսում: Հատկանշական է, որ ամենուրեք էլ հայ վարպետներն աչքի են ընկել բազմատեսակ արհեստներով, այդ թվում նաև ասեղնագործությամբ։