Ժանեկագործություն
Հայկական ժողովրդական արվեստում իր ուրույն տեղն ունի ժանեկագործությունը:
Ժանյակն առանց գործվածքային հիմքի գործված, հյուսված, կարված ցանցկեն նուրբ զարդարանքն է:
Միջնադարյան հայկական մանրանկարչության մեջ հանդիպում են վարագույրների, գլխի կանացի ծածկոցների, քողերի, սրբիչ-սփռոցների պատկերներ, որոնք վերջանում են ծոպերով և ատամնավոր եզրերով, ըստ ամենայնի՝ ժանյակներով: Եկեղեցական որմնանկարչության մեջ կան հագուստը զարդարող, մեծ նկարը եզերող զարդանկարներ, որոնք կապ ունեն ժանյակի հետ: Ավելի ուշ շրջանի եկեղեցական հանդերձանքի վրա կան ոսկեթել, արծաթաթել ժանյակներ:
Հայկական ժանյակի առանձին զարդանախշերը, նրանցից կազմված հորինվածքները նման են ճարտարապետական հին կառույցների և խաչքարերի քանդակներին: Մեծ նմանություններ կան ասեղնագործ ժանյակի և արծաթագործական, ոսկերչական այն զարդերի միջև, որոնք կատարված են զուգաթելի (ֆիլիգրան) տեխնիկայով:






Հայուհիները ժանյակներ հյուսել են մատներով, ասեղով, հելունով, գոբենակով, մաքոքով և այլ եղանակներով: Ժանյակը լայնորեն կիրառվում էր ինչպես հայկական տարազում, այնպես էլ կենցաղում: Հայկական ժանյակում գերակշռում է սպիտակ գույնը, սակայն հայկական տարազում կիրառված ժանյակներն աչքի են ընկնում մեղմ երանգավորումներով:
Հայկական ասեղնագործ ժանյակները տարբերվում են եվրոպականից կարով՝ յուրահատուկ օղակ-հանգույցով, զարդանախշային ինքնուրույնությամբ, նուրբ եթերային տեսքով: Հայկական ժանյակի դեպքում դաշտը և նախշերը հյուսվում են միաժամանակ, միմյանց հետ:
Հայկական ժանյակի յուրահատկությունը պարզորոշ արտահայտվում է, բացի կատարման տեխնիկայից, նաև զարդանախշերի, դրանց խմբի, ընդհանուր հորինվածքի մեջ: Ժանյակներում միահյուսված են երկրաչափական, տիեզերական, կենդանական, բուսական և այլ զարդանախշեր: Աչքի է ընկնում արևի նշանը, որը պատկերվում է որպես բարդ անիվ: Հավերժության նշանը կազմված է մահիկաձևերից, որոնք դուրս գալով վարդյակի կենտրոնից՝ դեպի եզրերն են վազում, ստեղծելով վազքի, հարատև շարժման պատրանք:





Կլոր կամ ձվաձև ծածկոցների ամեն մի նախշազարդ շերտի վրա որևէ զարդամոտիվ ռիթմիկ կերպով կրկնվում է՝ նման ժողովրդական կլոր պարի, ուր դժվար է գտնել պարի սկիզբը կամ վերջը: Ժանյակի մեջ հմտորեն թաքցված են գործող թելի ծայրերը: Նախշերի հաշիվը ճշտորեն պահպանվում է:
Ուշագրավ է, որ նախշերի, ողջ հորինվածքի գծագիր գոյություն չի ունեցել: Ամեն մի զարդարանքի նախշերը, հորինվածքը, բոլոր հաշիվները ժանեկագործուհին իր մտքում է պահել և իրականացրել:
Ժողովրդական ստեղծագործության այս նրբագեղ ճյուղը՝ հայկական ժանեկագործությունը դարերի ընթացքում պահպանվել է և հասել մեր օրեր: