Aznavour: I hope to be on stage until I am 100

Ֆրանսահայ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը ֆրանսիական «Ֆիգարո» պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ հույս ունի երգել մինչև 100 տարեկան դառնալը։ «Հուսով եմ, տեսնենք…»,- ասել է շանսոնյեն լրագրողին։ 93-ամյա լեգենդար երգիչը հայտնել է, որ նա «գործող» ամենածեր երգիչն է աշխարհում։ «Թոնի Բենեթն ընդամենը 91 տարեկան է, երեխա է դեռ»,- կատակել է շանսոնյեն։ Պարբերականը գրում է, որ Ազնավուրը, չնայած իր տարիքին, չի կորցրել իր պատանեկան ոգին։ 93 տարեկանում նա դեռ համերգներ է տալիս և դահլիճներ լցնում։ Հիշեցնենք, որ օգոստոսին Հոլիվուդի Փառքի ծառուղում բացվել է աշխարհահռչակ շանսոնյեի անվանական աստղը: Ազնավուրի ժողովրդականությունը տարածվել է տարբեր սերունդների շրջանում: Պատահական չէ, որ 1998-ին CNN-ի և Time-ի առցանց հարցման արդյունքում Շառլ Ազնավուրը ճանաչվել է «20-րդ դարի արտիստ»՝ շրջանցելով այնպիսի հանրահայտ կատարողների, ինչպիսիք են Էլվիս Փրեսլին, Բոբ Դիլանը և Ֆրենկ Սինատրան: Շառլ Ազնավուրը միջազգային ասպարեզում ռեկորդային 180 մլն ձայնասկավառակ է վաճառել: Իր կարիերայի ընթացքում նա 1400 երգ է ձայնագրել, որոնցից 1300-ի հեղինակն ինքն է: Շանսոնյեն 390 ալբոմ է թողարկել բազմաթիվ լեզուներով՝ ֆրանսերեն, հայերեն, անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն:

Comments are closed.