Հայ վարպետների ձեռագործ աշխատանքները՝ Շպիտելբերգի Սուրբ ծննդյան տոնավաճառում

ՀՈԴՎԱԾՆԵՐ

Հայաստանը Վիեննայում առանձին տաղավարով մասնակցում է Շպիտելբերգի Սուրբ Ծննդյան տոնավաճառին։
Մինչև դեկտեմբերի 23-ը հայկական տաղավարում կցուցադրվի շուրջ 40 վարպետի ձեռագործ աշխատանք՝ փայտարվեստի, ասեղնագործության, թաղիքագործության, խեցեգործության, տիկնիկագործության նմուշներ, հուշանվերներ: Տաղավարի կազմակերպման աշխատանքներին մասնակցել է Ժողովրդական արվեստների թանգարանը, որը տարիներ շարունակ զբաղվում է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանմամբ և հանրահռչակմամբ։ Թանգարանն ունի միջազգային տարբեր հարթակներում երկրի ներկայացվածությունն ապահովելու մեծ փորձ։ Դեռևս 2023 թվականին Հայաստանն առաջին անգամ մասնակցեց Եվրոպայում լայն ճանաչում ունեցող Ստրասբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառին` ներկայացնելով հայ վարպետների ձեռագործ աշխատանքները։
Ծրագիրն իրականացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը` Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ, ՀՀ արտաքին գործերի նախարարության աջակցությամբ, «Մշակույթի զարգացման» հիմնադրամի, Ժողովրդական արվեստների թանգարանի և «Ֆաստեքս» ընկերության հետ համագործակցությամբ։
Ծրագիրը նպատակ ունի խթանել Հայաստանի մշակութային ժառանգության միջազգային հանրահռչակումն և երկրի ճանաչելիության բարձրացումը:
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում Շպիտելբերգի Սուրբ Ծննդյան տոնավաճառն իրականացվում է 1970-ական թվականներից՝ Վիեննայի պատմական թաղամասերից մեկում: Այն Վիեննայի ամենահայտնի Սուրբ Ծննդյան տոնավաճառներից մեկն է, որն ամեն տարի գրավում է հազարավոր այցելուների։ Տոնավաճառը տեղի է ունենում Վիեննայի Շպիտելբերգ թաղամասի Շպիտելբերգգասե, Գուտենբերգգասե և Շրանկգասե հետիոտնային փողոցներում, որոնք առանձնանում են իրենց գեղեցիկ ճարտարապետությամբ և տոնական մթնոլորտով։

Comments are closed.