ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Արևմտյան և Կենտրոնական Ասիայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային հետազոտությունների Թեհրանի կենտրոնի համագործակցությամբ սեպտեմբերի 12-14-ը տեղի է ունեցել «Ոչ նյութական մշակութային ժառանգությունը և թանգարանները» թեմայով վերապատրաստման եռօրյա դասընթացը:
Վերապատրաստումներին մասնակցել են ՀՀ տարբեր թանգարանների աշխատակիցներ՝ նոր գիտելիքներ ձեռք բերելով ոչ նյութական մշակութային ժառանգության, մասնավորապես թանգարանային միջավայրերում տեղական համայնքների ներգրավմամբ կենսունակ ժառանգության պահպանության հարցերի վերաբերյալ: Դասընթացի իրականացմամբ ոլորտի մասնագետներին մեթոդական խորհրդատվություն է տրամադրվել թանգարաններում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, արժևորման, փոխանցման և հանրահռչակման ուղղությամբ:
Դասընթացի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Թեհրանի կենտրոնի գլխավոր տնօրեն Աթուսա Մոմենին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային խորհրդատու և դասընթացավար Ժանետ Բլեյքը:
Դասընթացն անցկացվել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների և ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի երկրագիտական թանգարաններում, այն վարել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետներ Ժանետ Բլեյքը և Ջոաննա Օրրը։ Դասընթացին տեսակապով միացել է նաև Ղազախստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ազգային հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Մուզաֆարովը, որը թեմայի շրջանակում ներկայացրել է թանգարաններում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության Ղազախստանի փորձը: Թեմայի շրջանակում մասնակիցները ծանոթացել են նաև Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) տնօրենի տեղակալ Լուչիմարա Լետելյերի՝ Բրազիլիայում իրականացրած հետազոտության արդյունքներին. տեսանկարահանումը պատրաստվել էր դասընթացի համար։ Տեղի են ունեցել նաև կարպետագործության և գաթայի թխման վարպետության դասեր։
Նշենք, որ Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Թեհրանի կենտրոնի հետ համատեղ կազմակերպել է երկու միջազգային դասընթաց՝ 2017 և 2019 թվականներին, որոնք ուղղված էին համայնքներում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ու միջազգային հայտերի պատրաստմանը և ներկա դասընթացը այդ շարունակական համագործակցության և ոլորտի խթանմանն ուղղված հերթական կարևոր նախաձեռնություն էր։