Արհեստների միջազգային փառատոն. Դիլիջան
Ս․ թ․ հուլիսի 20-ին և 21-ին Դիլիջան քաղաքում կիրականացվի «Արհեստների 2-րդ միջազգային փառատոնը»։
Երկու օր շարունակ Դիլիջանը կդառնա այն յուրահատուկ միջավայրը, ուր կներկայացվեն արհեստների և արվեստների տարբեր ուղղություններ, կմասնակցեն շուրջ 40 վարպետ Հայաստանից և արտերկրից՝ ցուցադրելով իրենց ձեռագործ աշխատանքները։
Դիլիջանի քաղաքային այգում կազմակերպված միջոցառումներին զուգահեռ փառատոնին կմիանան տեղի մշակութային և արհեստագործական մի շարք կազմակերպություններ ու անհատներ՝ ամենուրեք տարածելով ազգային արհեստների շունչը։
Արհեստների միջազգային փառատոնը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստների թանգարանի համագործակցությամբ։ Այն նվիրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 20-ամյակին։
Այս փառատոնը Հայաստանի համայնքներում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ու արժևորմանն ուղղված կարևոր նախաձեռնություն է, որը նպաստելու է համայնքային կյանքի աշխուժացմանը, հասարակության մասնակցայնությանը, արհեստագործության և արվեստների տեղի ու դերի արժևորմանը, ինչպես նաև մշակութային զբոսաշրջության խթանմանը։
Դիլիջանի քաղաքային այգում կայանալիք փառատոնի երկօրյա մշակութային միջոցառումների շրջանակում նախատեսվում են տարբեր արհեստների ու արվեստի գործերի ցուցադրություններ, գորգագործության, ասեղնագործության, տիկնիկագործության, փայտագործության, խեցեգործության վարպետաց դասեր, լարախաղացություն, ավանդական խոհանոցի բազմազան ուտեստների համտես, յուրահատուկ մանկական ծրագիր։