Հայաստանի Հանրապետության Ոչ Նյութական Մշակութային Ժառանգություն
Սկսեք որոնումը
Սկսեք որոնումը
Արհեստների միջազգային փառատոն. Գավառ
Ավանդական արհեստների և համերի հրավառություն՝ Գավառում․ 2025 թվականի հունիսի 21-ից 22-ը տեղի ունեցավ Արհեստների միջազգային 4-րդ փառատոնը։ Փառատոնը յուրաքանչյուր տարի ՀՀ մարզերից մեկում մեկտեղում է ժողովրդական արհեստագործության ոլորտի լավագույն վարպետներին՝ Հայաստանից և արտերկրից։ 2025 թվականին փառատոնն անցկացվեց Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում՝ «Երիտասարդները ստեղծում են համը․ խոհարարություն և արհեստներ» խորագրի ներքո։
Գավառի կենտրոնական հրապարակը վերածվել էր կենդանի արհեստների ու համերի տոնի՝ հյուրընկալելով Հայաստանի և արտերկրի վարպետների։ Փառատոնի մեկնարկին ներկա էր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի ու Հ․ Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանի ուղեկցությամբ նա շրջել է տաղավարներով, ծանոթացել վարպետների աշխատանքներին, զրուցել մասնակիցների հետ։ Իր ելույթում նախարարը կարևորել է փառատոնի անցկացումը Գավառում՝ ընդգծելով, որ անցյալ տարի Գավառը ՀՀ երիտասարդական մայրաքաղաքն էր և արդեն ապացուցել է՝ այստեղ երիտասարդության շունչն ու էներգիան անսպառ են, և այս փառատոնի գաղափարը լիովին ներդաշնակ է երիտասարդների ստեղծագործ մտքին։ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ մշակութային ժառանգության մասին խոսելիս հաճախ պատկերացնում ենք միայն նյութական արժեքները՝ հուշարձաններ, պատմամշակութային կառույցներ, սակայն ոչ նյութական մշակութային ժառանգությունը նույնքան կարևոր է։
Փառատոնի շրջանակում տեղի է ունեցել նաև «Խնոցի-հարոցի» խոհարարական մրցույթը, որի արդյունքներով «Լավագույն մատուցում» անվանակարգում հաղթել է Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարանը, «Լավագույն համ» անվանակարգում՝ Վարդենիսի պետական Բադեյան քոլեջը, «Լավագույն մտահղացում» մրցանակը շնորհվել է Հայ-հունական պետական քոլեջին։
Փառատոնն անցկացվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի կողմից՝ Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։