Կենսափուլային

Կենսափուլային են համարվում այն ծեսերը, որոնք ուղեկցում են մարդու ծնունդն, ամուսնությունն ու մահը: Այս խմբին են պատկանում հարսանիքը, ծնունդն ու մանկատածությունը և մահը:


Հարսանեկան են այն բոլոր ծիսական արարողությունները և ձևերը, որոնցով ապահովվում է տղամարդու և կնոջ սեռական կապի հարատև կայունությունն ու ամրությունը, նոր սերունդ ստեղծելու նպատակը:


Աղջիկտես է կոչվում այն ծիսակատարությունը, որի ընթացքում տղայի ազգականները, հիմնականում` կանայք, հնարավորություն են ստանում տեսնելու աղջկան, որպեսզի նրան հավանելու պարագայում խնամախոսեն: Ծեսը կարող է լինել ինչպես պաշտոնական` աղջկա ծնողների համաձայնությամբ, այնպես էլ` քողարկված` աղջկա տուն` այլ պատրվակով այցելելով կամ նրան որևէ այլ վայրում հանդիպելով:


Խնամախոսություն է կոչվում ծեսերի այն համալիրը, որի ընթացքում տղայի ազգականները, այժմ նաև ինքը` փեսացուն, ձգտում են աղջկա ծնողներից ստանալ տղայի հետ ամուսնացնելու համաձայնությունը: Ծեսը կարող է կրկնվել մի քանի անգամ, մինչև վերջնական պատասխանը:


Փեսատես են կոչվում խնամախոսությունից հետո` մինչև վերջնական պատասխանը, փեսայի ունեցվածքային և բնակարանային հնարավորություններին տեղում ծանոթանալու նպատակով աղջկա բարեկամների այցելությունները փեսայի տուն:


Խոսքկապ են անվանվում խնամախոսության ընթացքում ստացած դրական պատասխանը ամրապնդելու նպատակով հարսին որևէ նվեր (հիմնականում զարդ) նվիրելու կամ նույն նպատակով հարս ու փեսայի հայրերի` միասին գինի կամ օղի խմելու արարողությունները:


Նշանադրություն կոչվում է ապագա ամուսնության վերաբերյալ հարսի ու փեսայի բարեկամների համաձայնությունը պաշտոնապես ամրագրելու ծիսակատարությունների շարքը, որոնց ընթացքում հարսն ընդունում է որևէ զարդ` ի նշան համաձայնության և որպես գրավական` տվյալ երիտասարդի հետ ամուսնանալու որոշման:


Հարսնատես են անվանվում նշանադրությունից հետո փեսայի և նրա բարեկամների այցելությունները հարսի տուն, որոնք հաճախ ընծայաբերությամբ էին ուղեկցվում:


Հղե կտրել. ծես, որի ընթացքում ամուսնացող կողմերը պայմանավորվում են ամուսնության և հարսանիքի հետ կապված նյութական խնդիրների և ժամկետի շուրջ:


Շորձևեքը հարսի շորը ձևելու կանանց արարողություն է, որի ընթացքում հարսի զգեստի համար նախատեսված կտորի ծայրը մկրատով մի փոքր կտրում են, երբեմն էլ, իսկապես, շորացուն ձևում` մասերը բաժանելով մասնակիցների միջև` յուրաքանչյուրին մի մասը կարելու առաջադրանքով: Այժմ այդ ծեսի փոխարեն հարսը փեսայի կամ նրա բարեկամուհիների հետ գնում է մասնագիտացված խանութ` հարսանյաց զգեստ ընտրելու:


Հարսնևորների ընտրությունը քավորի նախաձեռնությամբ կազմակերպած խնջույքի ընթացքում հարսնառի մասնակիցների ընտրությունն է, որը պայմանավորված էր տվյալ խնջույքի ընթացքում գինովնալու փորձությանը դիմանալու և սթափ վարքագիծ դրսևորելու կարողությամբ:


Ալրմաղեք և գաթաթուխը հարսանեկան հացն ու գաթան պատրաստելու ծիսական արարողություններն են:
Գինեթափեքը փեսայի տանը հարսանեկան գինին առանձին անոթների մեջ լցնելու և համտեսելու արարողությունն է, որին հրավիրում էին նաև հարսի տղամարդ ազգականներին:


Հրավերի արարողությունը ենթադրում էր հարսանիքին մասնակցելու հրավերը:
Հալավօրհնեքը հարսի հանդերձի, փեսայի գլխարկի և քավորի սրի օրհնությունն է, որը կատարում է այդ նպատակով հրավիրված քահանան:


Ծառ կապելը կենաց ծառի հարսանեկան մանրապատկերը պատրաստելու ծիսականացված արարողությունն է:
Ազբանստում է կոչվում պսակի նախօրեին փեսայի ամուրի ընկերների խնջույքը, որի ժամանակ աճուրդով որոշվում է ազապբաշին՝ մակարապետը` ամուրիների ղեկավարը:


Ննջեցյալների օրհնությունը ենթադրում էր հարսանիքի նախօրեին փեսայի ննջեցյալ ազգականների օրհնությունը գերեզմանոցում կամ փեսայի տանը:


Հինադրեքը չամուսնացած աղջիկների և ամուրի երիտասարդների մատները հինայելու արարողությունն է:
Փեսաբաղնիքը քավորի մասնակցությամբ փեսային և ազապներին լողացնելու ծիսական արարողություն է:
Եզնմորթեք է կոչվում հարսանեկան խնջույքի համար մսացու ապահովելու նպատակով խոշոր եղջերավոր կենդանու հրապարակային և ծիսականացված մորթելը:


Հարս պտտեցնելը հարսի նախահարսանեկան այցելություններն ու նրա հյուրընկալումն է բարեկամների, հարևանների, քավորի տանը:


Հարսի բաղնիքը հարսանիքից առաջ հարսին տանը կամ հանրային բաղնիքում լողացնելու արարողությունն է:
Փեսաթրաշ է կոչվում փեսային հրապարակավ ածիլելու ծիսական արարողությունը:
Փեսա հագցնելը ծիսական արարողություն է, որի ընթացքում գովերգվում է փեսայի զգեստը և փեսացուն կարգվում է թագ(ա)վոր:


Քավորի հետևից գնալը ենթադրում է հարսնառ գնալուց առաջ քավորի հետևից երաժիշտների ուղեկցությամբ պատվիրակություն ուղարկելը:


Հարսնառը հարսի հետևից ուղևորվող փեսայի կողմի պատվիրակաթյան ծիսական երթն ու վերադարձն է:
Աղվեսի այցելությունները կատարվում էին հարսանեկան (հաճախ նաև` նշանդրեքի) թափորի տեղաշարժերի մասին նախապես լուրը հասցնելու նպատակով, ինչն իրականացնում էր մեկը, որին դիմավորում էին թշնամաբար` փորձելով խոչընդոտել նրա մուտքը հարսի տուն, քանի որ նրա խնդիրներից մեկը հավանոցից հավ գողանալն էր: Հետագայում հավն ուղղակի նրան պարգևատրում էին` լուրը հասցնելու համար:


Հարս հագցնելը (գլուխ կապելը) երկու կողմերի կանանց մասնակցությամբ և քավորկնոջ գլխավորությամբ հարսին զգեստավորելու և աղջկա սանրվածքը կնոջ սանրվածքով փոխելու արարողությունն է:
Հարսի տան հարսանեկան խնջույքը ենթադրում է ամուսնությունն ու նոր բարեկամությունը հաստատող կենացների շարք, որն ուղեկցվում է երգով և պարով:


Ամուսնության պաշտոնական գրանցումը կարող է լինել եկեղեցական (թոնրի) պսակադրության և ՔԿԱԳ-ում (զագսում) հանդիսավոր գրանցման ձևերով:


Սրբազան կենտրոնների այցելությունները նախատեսում էին տվյալ բնակավայրի սրբազան տարածքները. օջախներ, մատուռներ, եկեղեցիներ, հուշարձաններ :
Փեսայի բերանբացեքը հարսի ծնողներից փեսային տրվող նվերն է, որից հետո փեսան իրավունք էր ստանում նրանց հետ խոսել:


Հարսի հրաժեշտը ենթադրում էր հարսի ծիսականացված հրաժեշտն իր ծնողներին, բարեկամներին, ինչպես նաև նորապսակների հրաժեշտը հարսի տանը (թոնրին):
Դուռ բռնելը հարսի տան դռան մոտ հարսի եղբոր հարուցած խոչընդոտն էր քրոջը տնից դուրս հանելիս, ինչը վերացվում է եղբորը առաջարկված և սակարկվող գումարը տալուց հետո:
Խնամապաչը խնամիացող երկու կողմերի երիտասարդների համբուրելու փորձն է հակառակ կողմերի չամուսնացած աղջիկներին:


Ճանապարհ փակելը ենթադրում է հարսի գյուղի կամ թաղի երիտասարդների հարսանեկան թափորի ճանապարհը խոչընդոտելը, որը վերանում է հակառակ կողմից գումար, մթերք ստանալու կամ տղայի պատվիրակության անդամների հետ մենամարտելու դեպքում:


Հարսի օժիտի տեղափոխումը ենթադրում է հարսի օժիտի ծիսականացված տեղափոխումը փեսայի տուն:
Սեղան դուրս հանելը հարսանեկան թափորի ճանապարհին փեսայի ազգականների և հարևանների հյուրասիրության սեղաններ դուրս հանելն է` ի նշան բարեկամության և հարգանքի:


Կոխ է կոչվում փեսայի տան բակում նորապսակներին դիմավորելու ծիսակարգի այն մասը, երբ փեսայի ծնողները կամ տոհմի նահապետն ու նրա կինը կատակով մենամարտում են, և երիտասարդների օժանդակությամբ, որպես կանոն, հաղթում է կինը:


Շեմի ծեսերի մասն են կազմում նորապսակներին առատությունը, պտղաբերությունը, հաջողությունը ապահովելու և չարից պաշտպանելու նպատակով փեսայի տան շեմի մոտ կատարվող բազմաթիվ ծեսերը, ներառյալ` նորապսակների ուսերին լավաշ գցելը, մեղր հյուրասիրելը, նրանց գլխին ցորեն, քաղցրավենիք շաղ տալը, ափսե կոտրելը, նուռ ջարդելը, սրի (ծաղիկի) տակով անցնելը և այլն:


Մատաղ շեմին. նորապսակների ոտքերի մոտ մանր եղջերավոր կենդանի կամ հավ (աքլոր) զոհաբերելու արարողությունն է:
Օջախ բարևելու ժամանակ փեսայի տան թոնրի շուրջը նորապսակները երեք կամ յոթ անգամ պտույտ են կատարում:
Հարս նստեցնել ծեսը կազմված էր մի քանի գործողություններից` փեսայի տանը հարսի տեղը զբաղեցրած երեխային նվեր տալով հեռացնելը, հարսին նվեր տալով կամ խոստանալով՝ այդ տեղում նստեցնելն ու գիրկը տղա երեխա տալը` ապագայում նույնը ունենալու ակնկալիքով:


Հարսանեկան խնջույքը փեսայի տան հարսանեկան հացկերույթն է, որի ընթացքում կենացների և պարերի միջոցով (այժմ նաև` հարսանյաց տորթը կտրելով) վավերացվում է նոր ընտանիքի ստեղծումը, հարսի և փեսայի ընտանիքների բարեկամության սկիզբը, ուրախ ու անկաշկանդ մթնոլորտով վերահաստատվում համայնքի միասնությունը:
Նվիրատվությունը (կանչ) հարսանեկան հանդեսի ընթացքում հրապարակային ընծայաբերումն է նորապսակներին, որը հաճախ գրանցվում է, իսկ նախկինում հատուկ հայտարարվել է:


Տարոսը փոխանցելու ծեսերը նորապսակներին խորհրդանշող կամ պատկանող որևէ իրի (օր.` կոնֆետներ, խնձոր, գաթա, տարոսիկներ, նրանց կոտրած ափսեի փշուրներ, ծաղկեփունջ, վզկապ, գուլպայի կապ) փոխանցումն է հարսանիքի ամուրի մասնակիցներին` նմանատիպ երջանկություն հաղորդելու կամ նրանց ամուսնությունը գուշակելու համար:
Օժիտ բացելը հարսի օժիտի պարունակությունը փեսայի բարեկամուհիներին ներկայացնելու արարողությունն է:
Հարսի պարը հարսանյաց հանդեսի ժամանակ հարսի մենապարն է, որի ընթացքում նրան առատորեն շաբաշ (գումար) է բաշխվում:


Մոմերով կամ վերջին պարը հարսանիքի ավարտին ամուսնացածների կլոր պարն է, որի ընթացքում պարողները ձեռքերում պահում են վառվող մոմեր:
Փեսադատը հարսանեկան խնջույքի ավարտին ծիսականացված ներկայացում է, որի ընթացքում փեսայի ազգի փեսաներին, երբեմն էլ հենց փեսային, դատում են, և մահապատժից ազատելու միակ միջոցը նրանց զոքանչների հյուրասիրությունն է լինում:


Հավթռոնքը ամուրիների (ազապների), հաճախ նաև փեսայի մասնակցությամբ թրի մեկ հարվածով հավերի գլուխները կտրելու ծիսական արարողությունն է: Խաշի օրը հարսի տեղափոխության հաջորդ օրն է, երբ նրա ազգականների մասնակցությամբ փեսայի տանը խաշի հյուրասիրություն է մատուցվում:

Թագվերացը փեսայի և հարսի նարոտի քանդումն ու պսակի վերացումն է, ինչը փեսայի քավորի մասնակցությամբ տանը քահանան է իրականացնում: Այս արարողությունից հետո նորապսակները իրավունք են ստանում մտնել առագաստ:
Առագաստի ծեսերը ենթադրում են հարսին և փեսային առագաստ մտնելու նախապատրաստող գործողությունները, այդ թվում՝ առանձին անկողին հատկացնելը և հյուրասիրությունը:


Կարմիր խնձորը հարսի կուսությունը վկայող ծիսական գործողություններն են, որոնց ընթացքում երբեմն ներկայացվում է հարսի կուսությունը վկայող սավանը, երեք հոգանոց կանանց պատվիրակություն է ուղարկվում հարսի տուն, որտեղ կազմակերպվում է աչքալուսանքի հյուրասիրություն, իսկ պատվիրակ կանայք նվերներ են ստանում:
Ոտնլվան հարսանիքի ավարտից հետո հաջորդ օրը հարսի կողմից փեսայի ընտանիքի տղամարդ անդամների ոտքերը լվանալու ծեսն է:


Գլուխ լվանալը հարսանիքից մի շաբաթ անց հարսի գլուխը նրա մոր մասնակցությամբ լվանալու, իսկ այժմ` նրա հագած շորերն ու նվերները բերելու արարողությունն է, որն ուղեկցվում է կանանց հյուրասիրությամբ, այնուհետև` աղջկա կողմի կանանց պատասխան նվիրատվությամբ:


Խնամականչ են անվանում հետհարսանեկան այն արարողությունը, որի ընթացքում հարսի մայրը, այժմ նաև ընտանիքի մյուս անդամները, հրավիրվում են փեսայի տուն` հյուրասիրության:
Քառասունքը նորապսակներին, հատկապես հարսին չար ուժերից պաշտպանելու և արգասավորությունն ապահովելու քառասնօրյա հետհարսանեկան արգելքների համալիր է. չլողանալը, այլ հարսանիքներ կամ քառասունքի մեջ գտնվող այլ կանանց և մեռելատներ չայցելելը և այլն:


Դարձը հարսի ժամանակավոր վերադարձն է հորանց տուն` քառասունքի ավարտի կամ առանձին տոների կապակցությամբ:
Քավորի պատասխանը փեսայի ծնողների նվերն է քավորին` ի պատասխան հարսանիքին նրա արած ծախսերի և հյուրասիրության:


Տոնական փայերը նշանդրեքից մինչև հարսանիք տաղավար տոներին երկուստեք տրվող փոխադարձ նվերներն էին, իսկ ամուսնության առաջին տարվա ընթացքում միայն հարսին` ըստ նրա տեղակայման:


Ծնունդ և մանկատածություն ծեսերը երեխայի ծնունդը նախապատրաստող, ծննդաբերության ժամանակ իրականացվող և հետծննդյան խնամքի հետ կապված ժողովրդական ծեսերն ու արարողություններն են:
Աղջիկների վերարտադրողական կարողություններն ապահովող ծեսերը չամուսնացած աղջիկների ապագա պտղաբերությունը պաշտպանող ծեսերն ու արգելքներն են, որոնք սեռական հասունության շրջանում պայմանավորում էին հասունացող աղջիկների որոշակի վարքագիծն ու տարազը:


Ամլության դեմ ծեսերը ամլությունը կանխարգելող կամ բուժող և այդ նպատակով գերբնական ուժերի վրա ազդող ծիսական գործողություններն են` ամլությամբ տառապող զույգի մեկուսացումը, բարձը փոխելը (ամուսնու ամլության պարագայում երեխա ունենալու նպատակով այլ տղամարդու հետ կենակցելը), սենյակ փոխելը, հմայիլների կիրառումը, ուխտագնացությունը սրբերի մատուռներ, գողությունը` մատուռից վերադարձի պայմանով, ուխտագնացությունը և այնտեղ կատարվող գործողությունները` մերկ փորով քարին պառկելը, պորտաքարի շուրջը պտտվելը ևն, ծակ քարի միջով անցնելը, սուրբ ծառի տակ սուտ բարուր օրորելը, ննջեցյալի գերեզմանին ջուր խմելը, Բարիկենդանին երդիկից անցնելը, Տերընդեզին խարույկի վրայից թռչելը, Ջրօրհնեքի, Համբարձման և Վարդավարի նախօրեին գետում լողալը ևն:


Հղիությունը պաշտպանող ծեսերը ենթադրում են հղիության ընթացքում պտուղը և մորը չար ուժերից կամ այլ վտանգից պաշտպանող գործողություններ և սահմանափակումներ:


Գուշակություններն ապագա երեխայի վերաբերյալ. ապագա երեխայի սեռի, տեսքի ու բնավորության վերաբերյալ գուշակություններն են` ըստ հղի կնոջ ֆիզիկական վիճակի, զգացողության և պահվածքի (օր.` գուշակում էին նմանություն այն մարդուն, ում ներկայությամբ պտուղի խաղը մայրն առաջին անգամ զգացել է ևն):


Ապագա երեխայի կազմավորմանն ազդող ծեսերը հղի կնոջ ձեռնարկած հատուկ մոգական գործողություններն են՝ ապագա երեխային այս կամ այն ֆիզիկական հատկանիշը հաղորդելու նպատակով (օր.` հղի կնոջ ձու գողանալը` երեխայի թշերին փոսիկներ առաջացնելու համար, երեխայի մարմնին խալ առաջացնելու նպատակով տավարի փայծաղ ուտելիս սեփական մարմնի համապատասխան մասին դիպչելը, երկար վիզ ունենալու համար երկարավիզ կժով ջուր խմելը և այլն):
Ծննդաբերությանը բարի ուժերին ներգրավելու և չարը վանելու ծեսերը ծննդաբերության ընթացքում բարի ուժերի աջակցությունն ապահովող ու չար ուժերին (ալ(ք)երին, նիաթներին, թփխիներին) և այլ վնասաբերներին վանելու կամ մոլորեցնելու գործողություններն են (օր.` ծննդկանի տակը թոնրից մոխիր լցնելը, աղոթք ասելը, ծննդկանի գլխավերևում Աստվածածնին պատկերելը, տարբեր հմայիլներ օգտագործելը, ծննդկանին տղամարդու գլխարկ դնելը, հավի կտրած գլուխը կամ այծի լյարդը երդիկից դուրս գցելը, ծննդկանի դեմքին լեղակ քսելը, ուշագնաց ծննդկանին օգնության հասած տղամարդկանց` քավորի, ամուսնու ներկայությունը, ծննդկանի և նրա ամուսնու մեջքերը իրար դեմ տալը և այլն):
Երկունքը հեշտացնող ծեսերը ծննդաբերության ընթացքում հիմնականում նմանողական մոգությամբ ծնունդը հեշտացնելու նպատակով կատարվող գործողություններն են, որոնք ենթադրում էին տան և կահույքի դռների, կողպեքների ու կաթսաների խուփերի բաց անելը, կոճակների, գոտիների և կապերի արձակումը, ծննդկանի ոտքերի մոտ երդիկից ձու գցելը, ամուսնու, քավորի կամ սկեսրոջ փեշից ջուր խմելը ևն:


Նորածնի հետ կապված ծեսերը ուղղված էին նորածնին պաշտպանելուն, նրա առողջությունն ու հաջողությունն ապահովելուն (օր.` ընկերքը շեմի տակ թաղելը, աղաջրում լողացնելը, կտուրում պտույտ տալը, օրորոցից հմայիլներ կախելը ևն):


Նորածնի պորտի հետ կապված ծեսերը ծնունդի ժամանակ նորածնի պորտ կտրելն ուղեկցող ծիսական գործողություններն ու պորտի ընկած կտորը որոշակի տեղում զետեղելն է: Վերջինս կատարվում է նորածնին համապատասխան ապագա հաղորդելու նպատակով (օր.` պորտը ընդարձակ տեղ գցելով, հավատում էին, որ տղա երեխան հասարակության մեջ հարգված մարդ է դառնալու, իսկ աղջկա պորտը տան անկյունում էին թաղում, որպեսզի ապագայում նա դառնա համեստ տանտիկին ևն):


Երկունքից հետո ծննդկանի հետ կապված ծեսերը ծննդկանին պաշտպանելու և նրա առողջությունը վերականգնելուն ուղղված ծիսական գործողություններն են, որոնք հետևում են անմիջապես ծննդաբերությանը (օր.` ծննդկան լողացնելը, ծննդկագավաթով /եղաձու, յուղ ու մեղր ևն/ հյուրասիրելը, ծննդկանի մեկուսացումը, քահանայի տուն փարատելը, հմայիլներով պաշտպանվելը և այլն):


Աչքալուսանքը երեխայի ծննդի մասին լուրը տարածելու և ստանալու դեպքերում նախատեսված գործողություններն են (լուր բերողին նվեր տալը, ընծայաբերություն և հյուրասիրություն ևն):
Մկրտությունը նախկինում երեխաների բարձր մահացության պատճառով ձգտում էին կատարել հնարավորինս շուտ: Այս ծեսով ապահովվում էր ոչ միայն նորածնի քրիստոնյա (հիմնականում՝ հայ առաքելական եկեղեցու հետևորդ) դառնալու հանգամանքը, այլև չեզոքացվում չարքերի հնարավոր ազդեցությունը:


Նորածնի օժիտը աղջկա ծնողների պատրաստած անհրաժեշտ պարագաներն են` ներառյալ երեխայի անկողինը:
Քառասունքը ծննդկանին և նորածնին չար ուժերից և կոխից պաշտպանելու քառասնօրյա հետծննդյան արգելքների համալիր է. մոր չլողանալը, արևին նայելուց խուսափելը, նորածնին լուսնին ցույց տալը, քառասունքի մեջ գտնվող նորապսակներին, ծննդկաններին այցելելը, ինչպես նաև` մեռելատուն չգնալը ևն:
Քառասունքից հանելու ծեսերը կատարվում են քառասունքի վերջին օրը և ենթադրում են ծննդկանին և նորածնին քառասնօրյա արգելքներից ազատելու ծեսերը (օր.` արևի երես դուրս բերել, որի ժամանակ նրանց առաջին անգամ տանից դուրս են հանում և երեսները պարզում դեպի արև, քառասունքից հանելու եկեղեցական արարողություն, լողացնելու ծես և այլն):


Նորածնի աճն ազդարարող և դրան նպաստող ծեսերը ներառում են նորածնի աճի առաջին նշանների հետ կապված և նրա որոշ կարողությունները զարգացնելուն ուղղված ծեսերը` առաջին եղունգ կտրելը, առաջին ատամ հանելը, մորամազը կտրելը, քայլեցնելը, լեզու բանալը ևն:
Հուղարկավորության և հիշատակի ծեսերը մարդու մահը, թաղումը և հիշատակման օրերը ամբողջացնող ծեսերի համակարգ է:


Հոգևարքն ուղեկցող ծեսերն ուղղված էին հեշտացնելու հոգին մարմնից անջատելու պահը (օր.` դռներ և պատուհաններ բացելը, գլխի տեղը փոխելը, մահացողի ոտների տակ սև հավ կամ կատու մորթելը ևն):
Մեղքերի թողությունը քահանայի ներկայությամբ մեղքերի խոստովանության և թողության ծիսակատարությունն է:
Ննջեցյալի մարմնի հետ կապված ծեսերը հանգուցյալի մարմինը հուղարկավորությանը նախապատրաստող արարողություններն են (օր.` աչքերը փակել, լողացնել, ծնոտը կապել ևն):
Հանգյուցալի զգեստավորումը պատանի մեջ փաթաթելը և կարելը, դեմքին խաչաձև վարշամակ դնելը և զգեստի հետ կապված այլ գործողություններն են:


Հուղարկավորությանը տան հետ կապված ծեսերը ներառում են հանգուցյալի տունը հուղարկավորության համար հատուկ հարդարելու սովորույթները (օր.` պատանքից ավելացած կտորը տան սյանը կապելը, արտացոլող երես ունեցող կահույքի, հայելիների վարագուրում):


Հանգուցյալի հարազատների սգո ծեսերը ենթադրում են հանգուցյալի ընտանիքի անդամների սգո վարվելակարգային դրսևորումները (սև գույնի տարազ կրելը, մազերն արձակելը, սափրվելը ևն) և հատուկ արարողությունները` ուղղված նրանց հանգուցյալից անջատելուն` մի կողմից, մյուս կողմից` նրանց հասարակությունից որոշ չափով մեկուսացնելուն:
Ննջեցյալին տնից դուրս հանելու ծեսերն ուղղված են նախ՝ նրա դրված տեղին, ապա` դռանն ու շեմին որպեսզի ննջեցյալին մոլորեցնեն և արգելափակեն հոգու հետդարձը (օր.` դագաղը պտտեցնելը, գանձ ասելու ծեսը ևն):
Հրաժեշտի ծեսերը վերաբերում են ննջեցյալի ընտանիքի անդամների հրաժեշտին հանգուցյալի հետ տան բակում և գերեզմանոցում:


Գերեզմանը փորելու ծեսեր (օր.` քահանայի օրհնությունը, մեռոն կաթեցնելը, բահ ու քլունգով խաչ կազմելը):
Հուղարկավորություն գերեզմանոցում ծիսակատարությունը ներառում է. հանգուցյալին վերջին հրաժեշտ տալը, հողին հանձնելը, խնկարկելը, օղորմաթաս խմելն ու այլ արարողություններ:
Գերեզմանոցից հետդարձի ծեսերը ենթադրում են գերեզմանոցից վերադառնալու ճանապարհից չշեղվելը, հետ չդառնալը, կոշիկից գերեզմանոցի հողը մաքրելը, մինչև տուն մտնելը ձեռքերը լվանալը ևն:
Հոգեհացը ննջեցյալի հիշատակին նվիրված, նրա հոգին հագեցնող և համայնքի միասնությունը հաստատող հատուկ ճաշկերույթն է:


Այգահող/էգնահողը հուղարկավորության հաջորդ առավոտյան գերեզմանոց այցելել է կանանց մասնակցությամբ (նրանց արգելված էր ներկա գտնվել բուն հուղարկավորությանը), և հաց էր տրվում գերեզմանոցում և հանգուցյալի տանը:
Յոթը մահվան յոթերորդ օրը գերեզման այցելելն է և դրա օրհնությունը, խնկարկումն ու հացկերույթը հանգուցյալի տանը:
Քառասունքը մահվանը հաջորդող քառասուն օրերի ընթացքում հանգուցյալի ընտանիքի անդամների վարքագծային որոշ կանոններն ու սահմանափակումներն են, որոնք հանվում են վերջին օրը` գերեզման այցելելուց, օրհնելուց, ուտեստից հանգուցյալի հոգուն բաժին տանելուց և քառասունքի հոգեհացը տալուց հետո:
Տարին մահվան մեկ տարին լրանալու օրվա ծիսակատարությունն է, որը ենթադրում է գերեզմանի այցելություն, օրհնություն, ուտեստից հանգուցյալի հոգուն բաժին տանելը և տարվա հոգեհաց մատուցելը:
Մեռելոց կամ հիշատակի ծես տաղավարային տոներին (այժմ նաև` որոշ պետական տոներին), հաջորդող օրը ննջեցյալների հիշատակին նվիրված ծիսակատարությունն է, որը ենթադրում է գերեզմանոց այցելություն, օրհնություն, ուտեստից հանգուցյալի հոգուն բաժին տանել և տաղավարային տոների ծիսակարգ կազմող հատուկ եկեղեցական արարողություն:

Comments are closed.