2020թ. «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։
Կրողները Հայ առաքելական եկեղեցու հետեւորդների համայնքն է, Հայաստանում եւ այլերկրներում իրանահայ համայնքը, Իրանի Իսլամական Հանրապետության հայ բնակչությունը։
Սուրբ Թադեոսի (Թադեի) վանքը համարվում է քրիստոնեության հաստատման առաջին վկայություններից պատմական Հայաստանում: Այն գտնվում է պատմական Արտազ գավառում, ժամանակակից Իրանի Մակուի շրջանում: Կառուցվել է Հայ առաքելական եկեղեցու հիմնադիր համարվող առաքյալներից Թադեոսի հիշատակին, որն ըստ ավանդության, քրիստոնեություն տարածելու համար հալածվեց եւ սպանվեց 44 թ.: Թադեոսի վանքը հիմնադրումից ի վեր (4-7-րդ դդ.) իր շուրջն ունեցել է կենսունակ համայնք, դարեր շարունակ եղել է Հայ առաքելական եկեղեցու Ատրպատականի թեմի կենտրոնը, քանի որ տարածքն ուներ խիտ հայ բնակչություն եւ եկեղեցիներ ու վանքեր (թվով 180-223, որոնցից այսօր կանգուն են 42-ը): Որպես համաքրիստոնեական կանգուն հնագույն սրբատեղի եւ իբրեւ համամարդկային մշակութային արժեք՝ 1955 թվականից վանքը ներառված է Իրանի պատմական հուշարձանների ցանկում, իսկ 2008 թ. ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Վանքը մշտապես հայկական ինքնության կղզյակ է հանդիսացել տարածքի հոծ հայ բնակչության համար։
Ըստ ավանդության՝ վանքում ամփոփված է Թադեոս առաքյալի մարմինը, ինչը համաշխարհային քրիստոնեական դավանանքի տեսանկյունից եւ հայերի համար վանքը դարձնում է առանձնահատուկ կետ կրոնական եւ ճանաչողական այցելությունների համար: 1954 թ. հուլիսի 30-ին առաջին անգամ երկարատեւ ընդմիջումից հետո կազմակերպվում է ուխտագնացություն մի խումբ հավատացյալների կողմից, դժվարամատչելի ճանապարհներով: Նպատակն էր՝ Ս. Թադեոսի վանքի մասին գիտելիքի շրջանառությունն ուշադրության կենտրոնում պահելը, տարածքի հայաթափման արդյունքում վանքի երբեմնի փառքը վերականգնելը, քանի որ հատկապես իրանահայ համայնքը առանձնակի ակնածանքով ու ջերմեռանդությամբ էր կապված վանքի հետ: Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությամբ բարեկարգվում է ճանապարհը, որի արդյունքում էլ 1968 թ. ուխտագնացների թիվը կազմում էր 12.000: Միջոցառումը դարձավ տարեկան, երբ ամեն տարի 5-6 հազար հայեր սկսեցին մասնակցել Ս. Թադեոսի վանքի ուխտագնացությանը, որը տեւում է 3-4 օր: Ուխտավորները հանգրվանում են վանքի շուրջ կազմակերպված «վրանաքաղաքում»՝ շարունակելով ավանդական ժողովրդական ուխտագնացությունների ավանդույթները: Ընտանիքներով, ազգականների խմբերով, ընկերներով սրբավայր այցելությամբ, ժողովրդական երաժշտությամբ, թմբուկների զարկերով, պարերով, խնջույքով, մատաղի արարողություններով, մկրտություններով վերահաստատվում են համայնքային եւ ընտանեկան կապերը, տեղի է ունենում պատմական հիշողության վերաթարմացում, ճանաչում, փոխանցում եւ մշակութային երկխոսություն: Ժամերգությունից հետո կատարվող Ջրօրհնեքի ավարտին մյուռոնով օրհնված ջուրն ուխտավոր այցելուներին բաժանվելով՝ փոխանցվում է տոնի խորհուրդը: Հայաստանի անկախությունից հետո թեպետ փոքր խմբերով, վերսկսվում է Հայաստանից այցելուների մասնակցությունն ուխտագնացությանը որպես քրիստոնեության հայկական հնագույն կենտրոն: Ուխտագնացությունների առաջին նախաձեռնողներից էր Երեւանի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հավատացյալների խումբը՝ քահանա Տեր Տիրայր Սարդարյանի գլխավորությամբ:
Ս. Թադեոս վանքը եւ նրա շուրջ ծավալված ուխտագնացությունն Իրանում հայկական դարավոր մշակութային ներկայության եւ շարունակականության, մշակութային, կրոնական ինքնատիպությունը պահպանելու ջանքերի ու հաջողումների առանձնահատուկ երկխոսության դրսեւորում է: Ուխտագնացությունը, թեպետ վերսկսվելով երկարատեւ ընդմիջումից հետո, պահպանում է հայերի ավանդական մշակույթում տարածված ժողովրդական ուխտագնացությունների հիմնական գծերը՝ կամավորությունը, ընտանեկան կամ ազգակցական խմբերով այցելությունները, ժողովրդական զվարճանքները: Ս. Թադեոսի վանքի շրջակայքում այսօր չկա հայ բնակչություն եւ վանքն ըստ էության «մենությունից ու մոռացությունից» փրկելու կարեւոր միջոցառում է տարեկան ուխտագնացությունը: Այն նաեւ յուրատեսակ ինքնաբուխ մշակութային երկխոսություն է Իրանի տարբեր շրջաններից՝ Թեհրանից, Թավրիզից եւ այլ տարածքներից միացած հայերի, աշխարհի տարբեր կողմերից ժամանած հայերի եւ Հայաստանից այցելած ուխտավորների, այցելուների, այլ քրիստոնյա ուխտավորների, տեղանքում բնակվող պարսիկների, ասորիների, քրդերի փոխադարձ ճանաչողության ու միմյանց հանդեպ հարգանքի ու հանդուրժողականության դրսեւորման օրինակ: Միաժամանակ, ուխտագնացությունը համալրում, հարստացնում եւ հիմնավորում է Ս. Թադեոսի, Ս. Ստեփանոս նախավկայի եւ Իրանի հայկական եկեղեցիները ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության ծրագրում ներառելը՝ տարեցտարի ցուցադրելով այս մշակութային ժառանգությունը կրողների կայուն ու հավատարիմ համայնք ունենալու փաստը: Ուխտագնացությունը պահանջում է Հայ առաքելական եկեղեցու, ԻԻՀ եւ ուխտավորների համայնքի կազմակերպչական մեծ ջանքերի համադրում: Այս ամենը նպաստում է հայկական քրիստոնեական վաղագույն վկայությունների պահպանությանը, Իրանում հայերի պատմամշակութային ժառանգության հանրահռչակմանը, Հայաստան-Իրան մշակութային, տնտեսական կապերի աշխուժացմանը, փոխճանաչողության նոր հնարավորությունների բացահայտմանը: Ուխտագնացությունը հնարավորություն է ստեղծում մասնակիցների համար պահպանելու կապը պատմական ժառանգության ու այս ժառանգությունը ներկայացնող միջավայրի, տարածքի հետ, հոգեկան բավարարման ու լիցքաթափման առիթ է հանդիսանում մասնակիցների համար, ամրապնդում է կրող համայնքի սոցիալական կապերը եւ խմբային ինքնության, պատմության շարունակականության փոխանցումն ու զարգացումը: Այս առումով առանձնահատուկ է Երեւանի Սուրբ Հովհաննես եկեղեցու հավատացյալների համայնքը, որը 2007 թ. ամեն տարի ուխտագնացություններ է իրականացնում Ս. Թադեոսի վանք: