Ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների պահպանությունը «Ինքնության դարբնոց» կրթարանում

հոդվածների ֆոտո

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը և «Ինքնության դարբնոց» կրթարանը ներկայացնող հոդվածը տեղ է գտել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության կոնվենցիայի 20-ամյակին նվիրված «Կենսունակ ժառանգություն» ամսագրում https://www.unesco-centerbg.org/wp-new/wp-content/uploads/2023/09/LivingHeritage_pt6_BODY.pdf?fbclid=IwAR3CzUsmHKk3tTzk3gZyaeUsWVocZfBfuretanxHDB8Vn2owIdyLY-rFJjA , Նազելի Ութուջյան, «Կենսունակ ժառանգությունը և Հայաստանի Ժողովրդական արվեստների թանգարանը», էջ 65)։

Թանգարանն իր «Ինքնության դարբնոց» կրթարանում, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, 2023թ․ ընթացքում ևս իրականացրեց ներառական կրթական ծրագիր, որի շրջանակում ժողովրդական արվեստին նվիրված անվճար դասընթացներ են անցկացվում հասարակության մի շարք խոցելի խմբերի համար։ Ծրագիրն իրականացվում է 2021 թվականից։
Ծրագիրն այս տարի իրականացվեց 88 շահառուների, այդ թվում՝ պատերազմի մասնակիցների, պատերազմի ժամանակ զոհված կամ անհետ կորած զինվորի ընտանիքի անդամ հանդիսացող անչափահաս երեխաների, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների և կանանց, «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի շահառուների, «Ջերմիկ անկյուն Առինջ» խմբային տան հաշմանդամություն ունեցող բնակիչների, «Մարի Իզմիրլյանի անվան մանկատան» հատուկ կարիքով մտավոր և ֆիզիկական խանգարումներ ունեցող երեխաների, «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի» շահառուների համար։
Ծրագիրը 2023թ․ իրականացվել է Երևանում, Վայոց ձորի և Տավուշի մարզերում։
«Ինքնության դարբնոց»-ի ներառական կրթական ծրագրի շրջանակում անցկացվել են Ստվերների թատրոնի, փայտարվեստի, կարպետագործության և ասեղնագործության, թաղիքագործության դասընթացներ:
Ստվերների տիկնիկային թատրոնի դասընթացներն այս տարի են ներառվել ծրագրում՝ հաշվի առնելով, որ այն ընդգրկված է ՀՀ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում։ Թանգարանը համագործակցել է «Այրոգի» ստվերների թատրոնի հետ։ Մասնակիցների թվում էին հաշմանդամություն ունեցող, Արցախից տեղահանված, պատերազմին մասնակցած անձինք, ինչպես նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողներ և շրջանավարտներ։ Մասնակիցները կարողացել են համադրել ավանդականը և նորարարական մոտեցումները։ Դասընթացի լավագույն շրջանավարտներն իրենց ներկայացումներով հանդես եկան «Ստվերախաղքի ազգային երրորդ փառատոնին»՝ արժանանալով մրցանակների «Ավանդական արհեստի լավագույն ներկայացում», «Լավագույն ռեժիսուրա», «Լավագույն սցենար», «Լավագույն դերասանական կազմ» անվանակարգերում։
Այս տարի առաջին անգամ ծրագրում ընդգրկվեցին «Ջերմիկ անկյուն» խմբային տան Առինջի մասնաճյուղի հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր ծանոթացան թաղիքագործությանը, որը ևս ընդգրկված է ՀՀ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում։
Ծրագրի շրջանակներում այս անգամ աշխատանքով է ապահովվել ժողովրդական արվեստի ոլորտի 8 մասնագետ։ Ծրագիրը թույլ է տվել իր գրեթե 90 շահառուներին ծանոթանալ ժողովրդական արվեստին, հանդես գալ որպես ստեղծագործող, շփվելով արվեստի հետ՝ թեթևացնել դժվարին հոգեբանական, ֆիզիկական կամ սոցիալական վիճակը։

Comments are closed.