Հոկտեմբերի 17-ը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրն է: Օրվա կապակցությամբ ԿԳՄՍ նախարարությունը 8-12-րդ դասարանների աշակերտների շրջանում հոկտեմբերի 3-9-ը հայտարարել էր մրցույթ` «Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգությունը» խորագրով: 7 օրվա ընթացքում մրցույթին մասնակցել է շուրջ 1700 աշակերտ:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հաղթող աշակերտներին հանձնել է շնորհակալագրեր և խրախուսական նվերներ: Միջոցառումը տեղի է ունեցել Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում: Ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է դպրոցականներին տոնի և մրցույթում հաղթելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ անկախ մրցույթներից՝ մեր հանրության շրջանում Ոչ նյութական մշակութային ժառանգության օրը նշելու ավանդույթ կձևավորվի.
«Շատ կարևոր է, որ մեր առօրյայի մասը կազմող ոչ նյութական մշակութային ժառանգությունը կարողանանք հստակ ճանաչել, տարբերել և հասկանալ, թե ինչպես պահպանել և զարգացնել այն։ Կարծում եմ՝ մեր հարուստ ոչ նյութական մշակութային ժառանգությունը կարող է դառնալ ներշնչանքի աղբյուր և ստեղծագործական աշխատանքի մոտիվացիա»:
Նախարարն ընդգծել է՝ մրցույթին մասնակցության բարձր ցուցանիշը վկայում է այն մասին, որ ոլորտի նկատմամբ հետաքրքրվածություն կա, որը լավ հիմք է այս ուղղությամբ հետագա անելիքների պլանավորման համար:
«Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումը, զարգացումն ու հանրահռչակումն առաջնահերթություն են, որն ամրագրված է ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարությամբ: ՀՀ պետական, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում նոր արժեքների համալրումը շարունակական աշխատանք է»,- ասել է նախարարը:
Նա կարևորել է այս գործընթացում հատկապես դպրոցականների ներգրավումը՝ շտեմարաններում անհրաժեշտ տեղեկատվությունը հավաքագրելու և ներառելու տեսանկյունից: Ժաննա Անդրեասյանը կոչ է արել աշակերտներին իրենց ընկերներին ևս ոգևորել՝ մասնակցելու նման նախաձեռնություններին և շնորհակալություն է հայտնել մանկավարժներին շարունակական ջանքերի համար:
Որպես խրախուսական նվեր՝ հաղթողներին հանձնվել են Աստղիկ Իսրայելյանի «Աղ ու հաց» (2023 թ.,) գիրքը և թանգարանի՝ կարպետագործության կամ ազգային երգ ու պարի ուսուցման ծրագրին մասնակցության հնարավորություն: