Ժողովրդական արվեստների թանգարանի հավաքածուն շարունակում է համալրվել

Ժողովրդական արվեստների թանգարանի հավաքածուն շարունակում է համալրվել

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանն արժեքավոր նվիրատվություններ է ստացել. hալեպահայ Սեդա և Նազարեթ Թևեքելյանները թանգարանին են նվիրել իրենց մոր՝ Մարի Թևեքելյանի կողմից գործված փոքր մաքոքահյուս ժանյակե տակդիրները, ինչպես նաև իրենց ընտանիքին պատկանող այլ առարկաներ՝ Այնթապի ասեղնագործությամբ ծածկոցը, մկրտության հագուստների հավաքածուն, որն օգտագործվել է մի քանի սերնդի կողմից, Արաբկիրի մանուսայի օրինակը և ուռուցիկ հարթակարով տուտկապ-բոխչաները:
Ուրախ ենք հայտնել, որ այս նմուշները տեղ կգտնեն թանգարանի Դիլիջանի մասնաճյուղի ցուցադրությունում:
Թանգարանն իր խորին շնորհակալությունն է հայտնում Թևեքելյաններին՝ իրենց թանկարժեք նվիրաբերության համար, և Անդրանիկ ու Ալինա Դաքեսյաններին՝ ինչպես Թևեքելյանների այս նմուշներն, այնպես էլ իրենց ընտանիքին պատկանող այլ արժեքավոր նմուշներ վերջին տարիներին թանգարանին հանձնելու համար։ Հայկազյան համալսարանի Հայկական սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Անդրանիկ Դաքեսյանը Ժողովրդական արվեստների թանգարանի լավագույն բարեկամներից է, ով կամուրջ է հանդիսացել սփյուռքահայ վարպետների և թանգարանի միջև, աջակցել սփյուռքահայերի շրջանում ժողովրդական արվեստի արժեքավոր նմուշներ հավաքագրելու և թանգարանին նվիրաբերելու գործընթացում։

Comments are closed.