Շաթալ գուլպա գործելու ավանդույթը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հադրութցիների մշակույթում

Գուլպան հայկական ավանդական տարազի պարտադիր մաս հանդիսացող ագանելիքի տարր է։ Ավանդական նախշազարդ գուլպաներ գործել են Արևմտյան և Արևելյան Հայաստանի տարբեր գավառներում: Նախշազարդ այս գուլպան պատկանում է կանանց կարճ ճտքով գուլպաների տիպին: 20-րդ դարում և 21-րդ դարասկզբին Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի հայ կանայք շարունակել են գործել նախշազարդ գուլպայի շաթալ տարբերակը, որի անվանումը հավանաբար կապվում է այն գործելու տեխնիկայի հետ: Այն հայտնի էր նաև այլ անվանումներով՝ «հիլի գյուլբա»-հայելի բառից, երբ գուլպայի երեսին հայելու նման ուղղանկյունաձև շերտ է գործվել, «մըչավոր-քթավեր»՝ նախշուն, շաթալ զարդանախշերով նախշազարդվել է ինչպես գուլպայի քիթը՝ թաթը, այնպես էլ՝ կրունկը։
Այս գուլպան ուներ գործելու առանձնահատուկ տեխնիկա և բարդ զարդանախշեր, ինչի արդյունքում այն շատ բարձր էր գնահատվում։ Արժեքավոր նվեր էր համարվում՝ ներառվելով հարսին ուղարկվող նվերների և օժիտի մեջ։ Մինչև ամուսնանալը աղջիկները սովորել և գործել են նման գուլպաներ՝ օժիտի մեջ դնելու և ամուսնու ընտանիքի անդամներին նվիրաբերելու համար։ Այն հիմնականում կիրառվել է տոնական, հանդիսավոր պահերին, ուստի գեղազարդվել է բավական բարդ նախշազարդերով։ Տարազի մաս հանդիսացող այս գուլպան Հադրութում գործում են թաթից՝ սկսելով երկու շյուղով: Թաթը հարդարվել է կենաց ծառի պատկերներով: Գործվածքը ստացվել է հավասարաչափ և նուրբ։ Ի տարբերություն մյուս գուլպաների, որոնք մաշվելիս կարելի էր քանդել և նորից գործել, այս գուլպաները ավելի ամուր էին, քանի որ գործվում էին թաթից։ Ավանդական կենցաղում գուլպան գործել են իլիկով մանած բրդյա թելերից, շյուղերով և հելունով: Թելերը ավանդաբար ներկում էին պղնձե կաթսաներում՝ բնական ներկանյութերով՝ սոխի կճեպով, տորոնի արմատներով, կանաչ ընկույզի կեղևով, ծիծեռնախոտով և այլ բույսերով։ Խորհրդային շրջանում ներկում էին գործարանային արտադրության քիմիական ներկերով, իսկ ներկայում գնում են պատրաստի գունավոր բրդյա թելեր։ Լեռնային Ղարաբաղի հայերի գուլպա գործելու ավանդույթի մասին հիշատակություններ կան տարբեր ուսումնասիրություններում։ Սյունիք-Արցախ տարազախմբի նկարագրություններին վերաբերող նյութերում հաճախ է ներկայացվում նախշազարդ գուլպան։ Նշվում է, որ կանայք գուլպա գործել են նստած, քայլելիս, զրուցելիս, ինչը վկայում է զարգացած հմտության մասին։ Մի շարք ազգագրագետներ հայկական տարազի զարդամոտիվներին նվիրված իրենց ուսումնասիրություններում անդրադարձել են գուլպայի զարդանախշերի և գույների խորհրդին, գործելու տեխնիկային և տարածման շրջաններին (Ա. Ստեփանյան, Հայ ժողովրդական տարազի զարդանախշերը (ծիսային, գունային և նշանային համակարգերը), Հայ ազգագրություն և բանահյուսություն, պրակ 22, Երևան, 2007 թ., Ն. Ավագյան «Հայկական ժողովրդական տարազը», Երևան, 1983 թ. և «Հայկական գուլպաներն ու սռնապանները և նրանց զարդանախշերը», Պատմաբանասիրական հանդես, 1967 թ., թիվ 4, էջ 250-257): Ազգագրագետ Ս. Պողոսյանը «Արցախի կանանց ավանդական տարազի գեղազարդման առանձնահատկություններ» խորագրով հոդվածում (Արցախի պետական համալսարանի Գիտական տեղեկագիր, թիվ 1, 2022 թ., էջ 341) անդրադարձել է շաթալ գուլպային՝ նշելով, որ Զանգեզուրում և Լեռնային Ղարաբաղում դրանք հարդարվել են կեռազարդ և Տ-աձև զարդանախշերով։ Կանանց գուլպաները կարճաճիտք էին՝ լայն շերտ և նեղ գծանախշերով։ Երկարաճիտք գուլպաներ կրել են տղամարդիկ։ Թաթի տակ և երեսին գործել են սպիտակ քառանկյուն նախշ։ Հաճախ գուլպայի երեսի կողմից գործվել են կտուց կտցի երկու թռչնակ և ծաղկանախշ։ Գուլպայի երեսի նախշը ստորինից անջատելու համար կատարվել է ասեղնագործ ճյուղակար։ Գուլպայի երեսին չորս կողմը նախշազարդ շրջանակ է արվել։ Երբեմն կրունկի և թաթի մասերը հարդարվել են թռչնանախշերով, իսկ շրջանակը զարդարվել է հավերժանախշով։ Գուլպայի վերնամասը հարդարվել է շեղ և ոլորուն նախշերով։ Թաթի ծաղկանախշը եզրագործվել է ասեղնակարով։ Մի տարբերակում սպիտակ շրջանակի փոխարեն գործել են հյուսեր, իսկ թռչնանախշերը ասեղնագործվել են ծաղկանախշերով։ Նման շաթալ գուլպաները գործվել են շյուղերով և հելունով։ Եղել են բրդյա, բամբակի թելերից, այծի մազից, մետաքսաթելից (շերամի թելից)՝ «կազի գուլպա» անվամբ։ Կիրառված նախշանկարները հայտնի էին «շաթալ», «ծտեր», «իրեքպտանե», «օխտըպտանե» անուններով։ 

Comments are closed.