ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության Սոֆիայի տարածաշրջանային կենտրոնի՝ «Ավանդական արհեստները որպես ոչ նյութական մշակութային ժառանգություն. լավագույն փորձի փոխանակում» խորագրով նոր հրատարակությունում տպագրվել է հոդված՝ «Ավանդական արհեստները՝ կամուրջ անցյալի և ապագայի միջև․ Հայաստանի Ժողովրդական արվեստների թանգարանի կրթական գործունեությունը» վերնագրով։
Հոդվածի հեղինակներ՝ Ժողովրդական արվեստների թանգարանի գիտական բաժնի վարիչ, պ․գ․թ․, դոցենտ Կարինե Բազեյան և թանգարանի գիտաշխատող, «Ինքնության դարբնոց» կրթական ծրագրի (2021-2024թթ․) ղեկավար Նազելի Ութուջյան։ Հղումը՝ https://www.unesco-centerbg.org/wp-content/uploads/2026/03/Tradicionni-Zanaqti-BODY-WEB.pdf fbclid=IwY2xjawQ3h7NleHRuA2FlbQIxMABicmlkETFhS2hmOUJKV3BXdEF4VGRxc3J0YwZhcHBfaWQQMjIyMDM5MTc4ODIwMDg5MgABHgIMFl2WdP8OShT77nj2sxUCv9ii7kpaR3BBj9vcPK0cfRF3GWJoQrFjbJwM_aem_J2ZCbNpsnlRwRzgTs7tpNQ , էջ 43-48։
Հոդվածի հայերեն տարբերակը՝ ստորև։
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը Հայաստանի Հանրապետության մշակութային պետական քաղաքականության հիմնական ուղղություններից է։ Վերջին տարիներին ոլորտում վերազարթոնք է դիտվում, երբ երիտասարդության շրջանում ակնհայտ են ոչ նյութական մշակութային ժառանգության նկատմամբ հարգանքի, վերարժևորման և նորովի մեկնաբանությունների միտումներ: Դրա վկայությունն են օրեցօր բազմապատկվող երգի, պարի, ձեռարվեստի, արհեստագործության, ժողովրդական թատրոնի խմբերի և ժառանգության պահպանություն իրականացնող հասարակական կազմակերպությունների գործունեությունը, ծրագրերի և բազմաբնույթ միջոցառումների թվաքանակը:
Ներկա շրջանում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականությունն ուղղված է ոլորտի պահպանության, պաշտպանության և հանրահռչակման իրականացմանը, որը կանոնակարգվում է ՀՀ օրենքների և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային կոնվենցիաների հիման վրա: Հայաստանի Հանրապետությունը, վավերացնելով և ընդունելով «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» օրենքը, սկսել է հատուկ ուշադրության դարձնել հայ ժողովրդի ոչ նյութական մշակութային ժառանգությանը, որի բաղկացուցիչ մասն են կազմում նաև ավանդական արհեստները:
Ժողովրդական արվեստը, որն ընդգրկում է գեղարվեստական արհեստները, մարդու կողմից ստեղծված նյութական արժեքների՝ պատմականորեն զարգացող, բազմաշերտ ու բազմաբովանդակ համակարգ է: Այն անխզելիորեն կապված է մարդկանց կենցաղի հետ և անբաժան է նրա բնական ու հասարակական կեցությունից: Յուրաքանչյուր դարաշրջան իր ներդրումն է ունեցել դրանում` ապահովելով այդ երևույթի պատմական ժառանգորդումը, ավանդականի ու նորույթայինի համադրությունը` ձևավորելով նրա հարստությունն ու բազմազանությունը: Այդպիսով ժողովրդական արվեստն ու ավանդական արհեստները հանդես են գալիս և՛ որպես ժողովրդի հավաքական հիշողության բարձրագույն դրսևորում, և՛ որպես աշխարհում մարդու կեցության ձև, և՛ որպես մարդու կողմից ստեղծված ինքնատիպ աշխարհ։
Հայ ժողովրդի ավանդական արժեհամակարգում արհեստների բարձր վարկանիշի մասին են խոսում ժողովրդական բանահյուսության այն բազմաթիվ նմուշները, որտեղ ոչ միայն վկայություններ կան արհեստի կամ արհեստավորի մասին, այլև կոնկրետ գնահատականներ ու վերաբերմունք: Արհեստների էթնոպահպան դերն ու նշանակությունը վառ դրսևորվեցին հայոց Մեծ Եղեռնի տարիներին ու հատկապես դրանից հետո, երբ աշխարհասփյուռ հայ ժողովուրդն իր գոյությունը կարողացավ պահել ու մեջքը շտկել հենց արհեստներին տիրապետելու շնորհիվ:
Ձեռագործ առարկայական աշխարհը դաստիարակության իդեալական միջոց է, որը միավորում է տեսողական հիշողությունը զգայական ապրումների և վերացական մտածողության հետ, ինչն անհրաժեշտ է հասարակության ստեղծագործական փորձի ժառանգորդման համար: Ըստ այդմ, ժողովրդական արվեստը դառնում է ազգային հոգևոր ներուժի պահպանման կարևոր պայմանը, ըստ էության` ինդիկատորը, որից բխում են հոգևոր փորձի այլ գործընթացները: Ուստի շատ կարևոր է ինչպես ժողովրդական գեղարվեստական մշակույթի պահպանման ու ապագա սերունդներին անխաթար փոխանցման նկատմամբ գիտական մոտեցման մշակումը, այնպես էլ` հայկական ժողովրդական արվեստի ու արհեստների վերաբերյալ կրթական ծրագրերի մշակումն ու կյանքի կոչումը` երիտասարդ սերնդի գեղագիտական ճաշակը զարգացնելու, ազգային ինքնագիտակցությունը բարձրացնելու, սեփական արժեքները գնահատելու միտումով: Ժամանակակից պայմաններում, երբ կորստյան են մատնված էթնիկ գեղարվեստական մշակույթի ժառանգորդման, ժողովրդի բազմադարյա փորձի ու գիտելիքների փոխանցման ավանդական, էթնոմանկավարժական կառուցակարգերը, առավել քան կարևոր են դառնում պետական քաղաքականությունն այս ոլորտում ու տարբեր՝ վարչական, գիտակրթական, հասարակական և այլ բնույթի կազմակերպությունների համագործակցությունն ու գործուն մասնակցությունը:
Այս գործում իր կարևորագույն դերն ունի Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստների թանգարանը, որի հիմնական առաքելությունը ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումը, հանրահռչակումը և կենսունակության ապահովումն է։ 1978 թվականին հիմնադրված Թանգարանի հավաքածուն ընդգրկում է փայտի, մետաղի և քարի գեղարվեստական մշակման, ասեղնագործության և ժանեկագործության, գորգագործության և կարպետագործության, խեցեգործության նմուշներ, ինչպես նաև ինքնուս նկարիչների գեղանկարներ:
Տարիներ շարունակ Ժողովրդական արվեստների թանգարանը տարիքային տարբեր խմբերի համար ծառայել է որպես ոչ ֆորմալ կրթության հարթակ՝ արդյունքում 2021 թվականին հիմնելով թանգարանային դպրոց՝ «Ինքնության դարբնոց» անվամբ: Սա հնարավորություն է ընձեռում Թանգարանն առավել արդյունավետ և համակարգված կերպով վերակազմակերպել որպես սոցիալ-կրթական տարածք՝ ապահովելով մշակութային ժառանգության հետ անհատի հաղորդակցումն ինչպես տեսական, այնպես էլ գործնական գիտելիքների փոխանցման միջոցով: Նպատակն էր՝ ստեղծել թանգարանի նոր մոդել, որն աչքի է ընկնում լսարանի ակտիվ մասնակցային բնույթով, քանի որ ոչ նյութական մշակութային ժառանգությունը չի կարող ապրել առանց այդ ժառանգությունը կրող անձանց։ «Ինքնության դարբնոցում» ուսուցանվել են տարբեր ավանդական արհեստներ՝ գորգագործություն, կարպետագործություն, ասեղնագործություն, ժանեկագործություն, թաղիքագործություն, փայտարվեստ, խեցեգործություն, տիկնիկագործություն և այլն:
Ժողովրդական արվեստների թանգարանի կրթական հարթակը նախատեսված է ինչպես տեղացիների, այնպես էլ օտարերկրացիների համար, և ընդգրկում է ավանդական արհեստների ուսուցման մեկանգամյա ու երկարաժամկետ ծրագրեր։ Եթե հայերի համար այն ծառայում է որպես սեփական արմատների ճանաչման և ազգային ինքնության ամրապնդման միջոց, ապա օտարերկրացիներին թույլ է տալիս ճանաչել հայկական մշակույթը՝ ներառելով անձնական փորձառության յուրօրինակ բաղադրիչ։ Տեղացիների շրջանում, իր հերթին, մի քանի թիրախային խմբեր են առանձնացված՝ դպրոցականներ, ուսանողներ, ընտանիքներ, գործընկերային խմբեր։ Վերջինների դեպքում ավանդական արհեստներից որևէ մեկի վարպետաց դասին մասնակցությունը թանգարանում վերածվում է յուրօրինակ թիմբիլդինգի՝ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումն ու հանրահռչակումը իրականացնելով նոր ձևաչափով և զուգահեռ նպաստելով թիմային ոգու ամրապնդմանը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Ժողովրդական արվեստների թանգարանը կարողացավ ընդլայնել «Ինքնության դարբնոց» ծրագրի շահառուների շրջանակը՝ 2021-2024թթ․ ընթացքում ապահովելով ավանդական արհեստների անվճար ուսուցում հետևյալ խմբերի համար․ պատերազմի մասնակիցներ և նրանց ընտանիքների անդամներ, Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներ, երեխաների և տարեցների սոցիալական աջակցության կենտրոնների շահառուներ, սոցիալապես անապահով ընտանիքների կանայք և երեխաներ, հաշմանդամություն ունեցող անձինք։ Այս դեպքում ոչ նյութական մշակութային ժառանգությունը հանդես եկավ որպես ներառական հասարակության ձևավորման, բարդ իրավիճակներում հայտնված անձանց կյանքի որակի բարելավման յուրատեսակ միջոց։
Մեկ այլ հաջողված փորձի օրինակ է Ժողովրդական արվեստների թանգարանի իրականացրած ամառային դպրոցը՝ «Ինքնության դարբնոց․ վարպետների 7 գաղտնիքները» խորագրով։ Այստեղ հայկական ավանդական արհեստների ուսուցումը երեխաների համար իրականացվեց բոլորովին նոր ձևաչափով՝ ժողովրդական վարպետի հետ միասին գաղտնիքներ բացահայտելու և յուրաքանչյուր արհեստ համամարդկային նշանակություն ունեցող մեկ արժեքի հետ զուգակցելու միջոցով։ Կարպետագործությունը բացահայտում էր հյուսքի գաղտնիքը՝ որպես տարբեր ուղղությամբ շարժվող ուժերի համագործակցություն, գորգագործությունը՝ կապի գաղտնիքը՝ որպես անհատականության և փոխհամագործակցության համատեղում, թաղիքագործությունը՝ գործվածքի գաղտնիքը՝ որպես համերաշխության շնորհիվ հզորության ձեռքբերում, ասեղնագործությունը՝ լիցքի գաղտնիքը՝ որպես ազգային ժառանգության հիմքի վրա անհատական դիմագծի ձեռքբերում, ժանեկագործությունը՝ հանգույցի գաղտնիքը՝ որպես հակադրությունների ներդաշնակություն և գեղեցիկի ստեղծում, խեցեգործությունը՝ ձևի գաղտնիքը՝ որպես փոխզիջմամբ դժվարությունների հաղթահարում, մանրանկարչությունը՝ գծի, գույնի և պատկերի գաղտնիքը՝ որպես ինքնակերտում։ Դասերն ինտերակտիվ էին՝ հագեցած զրույցներով, ուշադրությունը կենտրոնացնող և հիշողությունն ամրապնդող խաղերով, ցուցադրական նյութերով, գործնական ակտիվ մասով, ինչպես նաև արտաթանգարանային այցերով։
Ժողովրդական արվեստների թանգարանը նաև աշակերտներին առաջարկում է ինտերակտիվ էքսկուրսիաներ՝ ամրապնդելու հայկական ավանդական մշակույթի և ժողովրդական արհեստագործության տարբեր ոլորտների վերաբերյալ դպրոցում ստացած գիտելիքները։ Իսկ ուսանողների համար այն բազմիցս հանդիսացել է պրակտիկայի անցկացման սիրելի վայր՝ ներգրավելով նրանց ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտում տարվող աշխատանքներում։
Թանգարանն ավանդական արհեստների ուսուցման դասընթացներ է իրականացրել ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս, ինչպես օրինակ գորգագործության, դարբնության և փայտարվեստի վարպետաց դասեր՝ Լիբանանի հայկական դպրոցներում (2022-2025թթ․), հայկական գորգագործության վարպետաց դասեր Լեհաստանում՝ Վարշավայի թագավորական ամրոցում (2023թ․)։
Ժողովրդական արվեստների թանգարանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, ստեղծել է ավանդական արհեստների մասին պատմող անիմացիոն ֆիլմաշար՝ «Ինչպես են ստեղծվում արհեստները» խորագրով՝ նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 20-ամյակին։ Սա կրթական նշանակություն ունեցող և ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքները հանրահռչակող մի վիզուալ բովանդակություն է, որը բազմիցս ներկայացվել է և շարունակում է ներկայացվել տեղական և միջազգային հարթակներում, Թանգարանի կրթական ծրագրերի շրջանակում և դպրոցներում։
Ժողովրդական արվեստների թանգարանի «Ինքնության դարբնոց» կրթարանը վերակազմակերպման և վերաբրենդավորման արդյունքում շարունակելու է գործել որպես «ՖՈԼԿանիվ»՝ ընդլայնելու Թանգարանի կրթական գործունեությունը ՀՀ մարզերում։ Անիվի պտույտը խորհրդանշում է ոչ միայն Թանգարանի կրթական հարթակի «ճանապարհորդությունը» դեպի մարզեր, այլև ոչ նյութական մշակութային ժառանգության ու այդ թվում՝ ժողովրդական արվեստի շարունակականությունը պատմական տարբեր ժամանակների ընթացքում։
Ամփոփելով, կարող ենք փաստել, որ Հայաստանի Ժողովրդական արվեստների թանգարանի կրթական գործունեության արդյունքում ոչ նյութական մշակութային ժառանգությունը վերարժևորվում է հասարակության տարբեր խմբերի կողմից, ծառայում որպես ազգային ինքնության ամրապնդման, ինչպես նաև կայուն զարգացման միջոց։ Կրթությունը և մշակութային ժամանցն այստեղ մեկտեղվում են՝ ապահովելով գեղագիտական ճաշակի զարգացումը, դարերի ընթացքում կուտակված ստեղծագործական փորձի ժառանգորդումն ու փոխանցումը հաջորդ սերունդներին։